Հոկտեմբերի 8-ից Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ եւ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 8-րդ միջազգային հուշամրցաշարը: Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 10-ը: ՖԻԼԱ-ի օրացույցի մրցաշարին մասնակցում են 1997-1999 թվականին ծնված ըմբիշներ՝ ընդհանուր առմամբ 180 հոգի:
Զանգահարեցինք մրցաշարի կազմակերպիչ Յուրա Մխիթարյանին: Վերջինս ասաց, որ ինքը ներկայացնում է սպորտի զարգացման մի հիմնադրամ: Նրան հարցրեցինք, թե որտե՞ղ են տեղավորվել այդքան մեծ թվով մարզիկները: Պ-ն Մխիթարյանն ասաց, որ պատանի ըմբիշները տեղավորվել են Բերդ քաղաքի 2 հյուրանոցներում, մասնավոր տներում, իսկ առանձին-առանձին հանդես եկող Վրաստանի եւ Աջարիայի հավաքականները՝ Բերդ քաղաքից բավական հեռավորության վրա գտնվող մի օբյեկտում: Նշենք, որ այդ օբյեկտը գտնվում է դեպի Ճամբարակ տանող սարի գլխին, Բերդ քաղաքից մոտ 20 կմ հեռավորությամբ:
Յուրա Մխիթարյանին հարցրեցինք, թե չգործող այդ օբյեկտում էլեկտրական հոսանք կա՞, ինչպե՞ս է այն ջեռուցվում: Նա պատասխանեց, որ իրենք լույս եւ ջերմություն ապահովելու համար այնտեղ դիզելային շարժիչ են տեղադրել: Բերդ քաղաքում գործող հյուրանոցներից մեկը մի քանի սենյակ ունի, իսկ քաղաքի կենտրոնում գտնվող մյուս հյուրանոցի 3 մասնաշենքերից միայն մեկն է գործում:
Բերդ քաղաքում շրջանառվող խոսակցություններով՝ այդ հյուրանոցը նախկինում էժան գներով սեփականաշնորհվել է, շենքի առաջին հարկի 3 սենյակները «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկին» վաճառվել են 45 հազար դոլարով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ