Հոկտեմբերի 9-ին կայացավ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստը: Ողջունելով նիստի անդամներին ու հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին սփյուռքի հիմնախնդիրները վեր հանելու, լուսաբանելու և լուծմանը նպաստելու համար: Այնուհետև նախարարն ամփոփ ներկայացրեց սփյուռքի նախարարության կայացման 5 տարիները, ծրագրերն ու միջոցառումները: «Սփյուռքի նախարարության կայացման գլխավոր դերակատարը Սփյուռքն է, առանց որի մեր ծրագրերը պարզապես չէին իրականանա», ասաց նա:
Համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը շնորհավորեց ՀՀ սփյուռքի նախարարության 5 ամյա հոբելանի առթիվ և խոսքը փոխանցեց հեռակապով նիստի անդամներին միացած «Արմինիըն միրըր սփեքթէյթըր» պարբերականի խմբագիր եւ հայկական լրատվամիջոցների համակարգող խորհրդի անդամ Հակոբ Վարդիվառյանին:
Ընթացիկ աշխատանքների մասին հակիրճ զեկույցներով հանդես եկան նաև համակարգող մարմնի մյուս անդամները:
Միջին Արևելքի իրադարձությունների, համայնքային խնդիրների լուսաբանման և թուրքական գործոնի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Շահան Գանտահարյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 2013թ. Սփյուռքի լրագրողների համար կազմակերպած դասընթացների և դրանց արդյունքների մասին զեկուցեց մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը առաջարկեց լրագրողների դպրոցի ծրագրում ընդգրկել Սփյուռքի լավագույն ցեղասպանագետների դասախոսությունները:
Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի թեմայի, ձևաչափի, վայրի ու ժամկետի վերաբերյալ առաջարկություններն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ