Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկած վիճակում տեսել էր փախուստի դիմած մեքենայի համարը, բայց ասում են՝ չկա նման բան

Հոկտեմբեր 09,2013 16:37

2011թ. նոյեմբերի 15-ին երեկոյան ժ.22.30-ի սահմաններում Երեւանի Իսակովի պողոտայի 11/1 հասցեի դիմաց փողոցն անցնելու ժամանակ, վրաերթի է ենթարկվել քաղաքացի Հակոբ Հակոբյանը «Պեժո» կամ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից :

Հակոբ Հակոբյանն ընկած վիճակում արձանագրել է մեքենայի համարը, եւ երբ նրան էին մոտեցել քաղաքացիները օգնելու նպատակով՝ ասել էր, թե տեսել է մեքենայի համարը:

Մեր հետ զրույցի ժամանակ Հակոբյանը հայտնեց, որ քանի որ շոկի մեջ էր եղել, ավտոմեքենայի գույնը չէր հիշել , իսկ սերիայի համարը աղոտ էր մտապահել:

Հակոբ Հակոբյանին վնասվածքներով տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց:

Վնասվածքաբանության բաժանմունքում քաղաքացին երեք անգամ ենթարկվել է վիրահատությունների: Ըստ մեր տրամադրության տակ գտնվող էպիկրիզի, քաղաքացին 25.11.2011-03.03.2012թթ. գտնվել է կլինիկական հիվանդանոցում.

«Հիվանդի ընդհանուր վիճակը ծանր է: Ըստ հարազատների, նա անընդհատ ջերմել է, զգացել են արտասովոր հոտ, երբ գիպսը հանել են , նկատել են մաշկի գույնի փոփոխություն:Հիվանդը հոսպիտալացվել է:

Սրունքի թաթային հոդի շրջանից մինչ ազդր հետին մակերեսին առկա է մաշկի նեկռոզված օջախներ՝ դրսային մակերեսով սկսվող նեկրոզի օջախներ»:

Ըստ դատաբժշկական փորձաքննության թիվ 1692/հ եզրակացության, Հ. Հակոբյանի վնասվածքը՝ ձախ սրունքի փոքր ոլորքոսկրի բեկորային կոտրվածքի ձեւով հասցվել է բութ առարկայով, որն առաջացրել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայմամբ:

Նրա վիճակը ներկայումս էլ ծանր էր, քաղաքացին խմբագրություն էր եկել ձեռնափայտով, քանի որ դժվար էր քայլում, եւ կնոջ հետ էր:

Հակոբ Հակոբյանն ասում է, որ վիրահատությունների համար հարազատներից, ընկերներից հայթայթել են 2 միլիոն դրամ գումար, իսկ վարորդը, ասես, գետնի տակն էր անցել, չհայտնվեց ոչ մի անգամ:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունն էլ իրականացրեց քննիչ Կարեն Գրիգորյանը:

Տուժողը բազմիցս պնդել է համարանիշը, մեքենան, սակայն այն չի ներկայացվել ճանաչման, իսկ վարորդի հետ էլ առերեսում չի կատարվել:

«Ես նրան կճանաչեմ»,-ասում է Հակոբ Հակոբյանը,,- սակայն առերեսում ոչ միայն չի արվում, այլ իմ տեղեկություններով, քննիչի գիտությամբ, վրաերթ կատարած մեքենան հանձնվել է որպես ջարդոն»:

Վրաերթից անցել է տարուց ավելի ժամանակ, տուժողը դիմել է հանրապետության նախագահին, Երեւանի դատախազին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Քննիչը քրեական գործով վարույթը կասեցնելու որոշում է կայացրել «մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը պարզված չլինելու» պատճառաբանությամբ:

Միեւնույն ժամանակ քննիչն իր որոշմամբ հանձնարարել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին, շարունակելու միջոցառումները հանցագործությունը բացահայտելու նպատակով:

Ճանապարհային ոստիկանությունից քննիչին ուղարկվել էին 8 մեքենաների տվյալներ, որոնց վարորդները ստուգվել են, սակայն դրական արդյունք չի արձանագրվել:

Հակոբ Հակոբյանը կրկին պիտի վիրահատվի, բայց ինչպե՞ս:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031