Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տալու Հայաստանին Մաքսային միությանը միանալը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2013 16:06

M2_DSCN3545Սեպտեմբերի 3-ից հետո «Հայաստանը զարգացումների խաչմերուկում. Եվրոպա թե Ռուսաստան» թեմայով հավաքը, թեեւ ժամանակավրեպ է, սակայն մինչեւ սեպտեմբերի 3-ը, երբ Հայաստանի իշխանությունները ամեն օր վստահեցնում էին, թե նոյեմբերին կնքվելու է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ նման հարցադրմամբ համաժողով իրականացնելը:

Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ ներկայումս Հայաստանի իշխանությունները հայտնել են իրենց մտադրությունը՝ միանալու Մաքսային միությանը, եւ Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու մասին այլեւս կարելի է մոռանալ: Սակայն դեպի Եվրոպա մեր ձգտումները չեն կարող կանգ առնել մեկ անձի որոշմամբ: Եվ այս առումով՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հիմնադրամի նախաձեռնած սեմինարների շարքը՝ «Հայաստանը զարգացումների խաչմերուկում. Եվրոպա թե Ռուսաստան», այսօր սկսվեց այդ «խաչմերուկի» տնտեսական բաղադրիչի դիտարկմամբ: Այսօրվա սեմինարը, որ կրում էր «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա թե Ռուսաստան» անունը, մի փորձ էր հասկանալու՝ ի՞նչ է տալու Հայաստանին Մաքսային միությանը (ՄՄ) միանալը տնտեսական եւ սոցիալական տեսանկյունից եւ ինչ ենք մենք կորցնում՝ Մաքսային միությունը գերադասելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրից (ԽՀԱԱՀ):

Սեմինարին հրավիրված էին ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները: Բնականաբար, նրանք չէին եկել: Ֆինանսների նախարարությունից ընդհանրապես ոչ ոք չկար, իսկ էկոնոմիկայի նախարարության տեսակետը ներկայացնում էր Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Պարոն Քոչարյանը փորձում էր ներկաներին համոզել, որ մինչեւ սեպտեմբերի 3-ը կառավարությունում եղել են քննարկումներ, եղել է աշխատանքային խումբ, որը փորձել է կանխատեսել թե կարճաժամկետ եւ թե երկարաժամկետ կտրվածքով Հայաստանին ինչ կտա Մաքսային միություն մտնելը եւ դրա համար ԽՀԱԱՀ-ից հրաժարվելը: Սակայն նրա փաստարկները, դատելով ներկաների բարձրացրած հարցերից եւ ելույթներից, այնքան էլ համոզիչ չէին:

Պարոն Քոչարյանը նաեւ իր խոսքի ընթացքում մի քանի անգամ ակնարկեց, որ Եվրոպայի հետ մեր կապերը կտրված չեն. «Հենց այս պահին էլ Երեւանում տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն առեւտրային ենթախմբի հերթական նիստը: Հայաստանը չի հրաժարվում այդ ծրագրերի իրականացումից»:

Պարոն Քոչարյանը նկատեց նաեւ, որ չնայած որոշումը կա՝ միանալ Մաքսային միությանը, սակայն բանակցությունները՝ այդ որոշումն ի կատար ածելու, դեռ նոր են սկսվելու, եւ այն խնդիրները, որ կան ՄՄ-ին միանալու ճանապարհին, այն է՝ ընդհանուր սահմանների բացակայությունը, Հայաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելը եւ այլն, պետք է ինչ-որ կերպ լուծվեն:

Գագիկ Քոչարյանը չկարողացավ չխոստովանել, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում որոշ գործառույթներ կառավարությունը փոխանցելու է ՄՄ-ի Բարձրագույն մարմնին. «Դա հասկանալով հանդերձ՝ նման որոշում է կայացվել»:

Նա նաեւ շեշտեց, որ աշխարհում կա տասը տարբեր մաքսային միություն, սակայն սեմինարի մասնակիցները նկատեցին, որ դրանցից եւ ոչ մեկում չկա այնպիսի դեպք, որ այդ միության անդամներից որեւէ մեկը ընդհանուր սահման չունենա մյուսների հետ: Պարոն Քոչարյանին այս պարագայում մնում էր միայն որպես օրինակ բերել Ռուսաստանի Դաշնությունից կտրված Կալինինգրադի մարզը: Միայն հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խորհրդական Գլազեւի կողմից Կալինինգրադի մարզի հետ Հայաստանը համեմատելը անընդունելի էին համարել անգամ կարկառուն ՀՀԿ-ականները:

Երբ պարոն Քոչարյանին հարցրեցին, թե որքանո՞վ են համադրելի Մաքսային միությունն ու Ասոցացման համաձայնագիրը, եւ արդյո՞ք մենք չենք կորցնում եվրոպական շուկան՝ գնալով դեպի ՄՄ, պարոն Քոչարյանը պատասխանեց, որ երկու գործընթացները համադրելի չեն, սակայն իր կարծիքով մենք եվրոպական շուկան չենք կորցնում, քանի որ այդ շուկայում մենք տեղ չենք էլ ունեցել՝ «միայն հումք էինք արտահանում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031