Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

Հոկտեմբեր 09,2013 15:49

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել են նաև երկու երկրների նախագահները: Բացի այդ, հարցը ներառված է նաև միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: “Եվ հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման, և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: Մենք շահագրգռված ենք Հայաստանում բուհի մասնաճյուղի հիմնմամբ: Խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական և կրթական մոտեցում”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը: Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն: Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:
Բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևը, փոխանցելով ռեկտոր Վ. Սադովնիչիի ողջույնները, հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին: Նա նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, և երկու երկրների միջև առկա բազմադարյա կապերն ու ավանդույթները մասնաճյուղի հիմնմամբ կդրվեն առավել կայուն հիմքերի վրա և կմոտեցնեն երկու ժողովուրդներին: “Հայ ուսանողները լավագույն դիրքեր են զբաղեցնում Մոսկվայի պետական համալսարանում, և մեր բուհն ամեն ինչ անում է` այդ “անգին կապիտալը” երկրում պահելու համար”,-նշել է Դավլաթ Նիդոևը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բուհի լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնման վերաբերյալ համաձայնագրի դրույթներին առնչվող մի շարք հարցեր:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031