Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, որը երեք անուն դեղ էր արտադրում, այս տարվա հունվարից դադարեցրել է արտադրությունը: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պատճառաբանել է, որ կենտրոնը չունի դեղարտադրության համար պատշաճ պայմաններ` GMP: Այսօր «Տեսակետ» ակումբում, կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը մտահոգություն հայտնեց, որ առողջապահության նախարարության պահանջած պատշաճ պայմանների համար մեր երկրում չկան մշակված համապատասխան չափանիշներ եւ միայն եվրոպական ստանդարտներն են, որոնք անգլերեն, գերմաներեն լեզվով են եւ հայ արտադրողն, ըստ Վ. Թոփուզյանի, պարտավոր չէ այդ լեզվով ուսումնասիրել միջազգային փորձը եւ այն կիրառել սեփական երկրում: Ըստ նրա, պետք է երկիրը հստակ սահմանի այդ չափանիշները, որին կհետեւեն արտադրողները:
Այդուհանդերձ գիտատեխնոլոգիական կենտրոնն այսօր չունի եվրոպական չափանիշներին համապատասխան դեղարտադրության պայմաններ եւ եթե նույնիսկ, կենտրոնը ներդնի թանկարժեք եւ ժամանակակից տեխնոլոգիաներ, կրկին չի կարող արտադրությունը սկսել. շենքային պայմանները նույնպես GMP-ի կարեւոր պահանջներից են: Վիգեն Թոփուզյանի ներկայացմամբ, այս կենտրոնը խորհրդային տարիներին 15 անուն դեղ է արտադրել:
Հայրենական դեղարտադրողը գտնում է, որ մեր երկիրը պետք է լուծի դեղահումքի հարցը եւ Հնդկաստանից ու Չինաստանից ներկրելու փոխարեն սեփականն արտադրի: Վիգեն Թոփուզյանը գտնում է, որ դեղահումքը երկրի անվտանգության հետ կապված հարց է, եւ նշյալ երկրներից դեղահումքի հարցում կախյալ լինելը ճիշտ չէ: Դեղահումքի մոտ 95 տոկոսը ներկրվում է, մինչդեռ մասնագետը համոզված է, որ մեր երկիրն ունի այնպիսի լավ քիմիկոսներ, որոնք կարող են ստեղծել սինթետիկ դեղահումք:
Հայաստանում ներկայումս գործում է 6 խոշոր դեղագործական ընկերություն, որոնց մեծ մասը ներդրել է միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներ, սակայն, պարոն Թոփուզյանի վստահեցմամբ, նրանց էլ չի տրվում GMP լիցենզիա: Հարցին, թե նրանք է՞լ են դադարեցրել արտադրությունը, դեղարտադրողն ասաց, որ տեղյակ չէ: Գիտատեխնոլոգիական կենտրոնի արտադրած դեղերից մեկը սրտի համար է նախատեսված, որն այսօր Հայաստանում բուժհիմնարկների կողմից մեծ պահանջարկ ունի: Վ. Թոփուզյանի խոսքերով, իրենց արտադրության կանգնած լինելու պատճառով այդ դեղի պաշարներն արդեն վերջանում են, իսկ Հայաստանում չկա դրան այլընտրանք, չնայած, մասնագետը գտնում է, որ դեղներկրողները կարող են այլ երկրներից բերել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ