CIVILNET. Կառավարությունը Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանին պատկանող «Զանգեզուր մայնինգ» ընկերությանը (Վահե Հակոբյանը ընկերության հիմնադիր սեփականատերն է) լայնածավալ վարկավորել է ռուսական վարկի միջոցներով։ 2012թ. գործադիրը ընկերությանը տրամադրել է $20 մլն-ի բյուջետային վարկ՝ 5 տարի մարման ժամկետով, այն դեպքում, երբ «Զանգեզուր մայնինգը» դեռևս չէր մարել 2009թ. հունիսին ստացված $15 մլն-ի փոխառությունը։
Երկու դեպքում էլ վարկավորումն իրականացվել է ռուսական վարկի միջոցներով, երկու դեպքում էլ վարկը տրամադրվել է Libor+7 տարեկան տոկոսադրույքով։ Ուշագրավը, սակայն, այն է, որ երկու վարկերի ապահովման գրավը չի եղել ընկերության սեփականությունը։
Այսպես, 2009թ. վարկի գրավի ապահովման միջոց է ծառայել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերության երաշխավորությունը՝ վերջինիս արտադրական համալիրի գրավադրմամբ։ 2012թ. օգոստոսին տրամադրված վարկն ապահովվել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ընկերության՝ Երևանում 118 հա տարածքով, որը գնահատվել է 23,6 մլրդ դրամ։
Կառավարության կողմից Վահե Հակոբյանի ընկերությանը 2012թ. նոր վարկային միջոցների տրամադրումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է եղել նրանով, որ ընկերությունը չի կարողացել սպասարկել նախորդ վարկը։ Պարզ ասած՝ տեղի է ունեցել 2009թ. տրամադրված փոխառության վերաֆինանսավորում։ Սրա մասին վկայում է այն, որ եթե 2010թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը գործադիրն ուղղել է ընկերությունից ստացված 1,1 մլրդ դրամը, ապա 2011-ին ընկերությունը ամենայն հավանականությամբ վարկը չի սպասարկել, քանի որ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքի վերաբերյալ հրապարակման մեջ այս մասին խոսք չկա։
Արմենակ Չատինյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում