Հոկտեմբերի 10-31-ը սպառողները հնարավորություն կունենան քվեարկության միջոցով ընտրել սննդի արտադրության 10 ապրանքանիշերից, ըստ սպառողի ճաշակի` լավագույնին:
«Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստան -2013», այսպես ասած մրցանակաբաշխությունը կազմակերպվում է «Սպառողների աջակցման կենտրոնի» հասարակական կազմակերպության եւ armproduct.am կայքի նախաձեռնությամբ: Այսօր «Հայնյուզ» ակումբում հ/կ-ի ղեկավար Աշոտ Միրզոյանն ասաց, որ նման մրցանակաբաշխություն առաջին անգամ են կազմակերպում, իսկ ժողովրդի վստահությունը ձեռք բերած եւ որակի չափանիշներին համապատասխան, արտադրողը կազմակերպության կողմից կստանա թույլտվություն 2 տարի իր գովազդներում ու արտադրանքի վրա տեղադրել «Ժողովրդական ապրանքանիշ N1» լոգոն:
Aravot.am-ի հարցին` արդյոք սպառողների կողմից ընտրված լավագույն ապրանքը հ/կ-ն փորձաքննության կենթարկի՞, քանի որ հնարավոր է այն սահմանված որակի չափանիշներին չհամապատասխանի, պարոն Միրզոյանն ասաց, որ անպայման լաբորատոր փորձաքննության է ենթարկվելու այն ապրանքը, որն սպառողների կողմից ամենաշատ ձայնն է հավաքել. «Ժողովրդի կարծիքը սուբյեկտիվ է, ինքը չի կարող ընտրել, որն է լավը, կամ վատը: Տվյալ ապրանքն առանց պիտակի տալու ենք լաբորատոր փորձաքննության: Ասենք` հյութը կտանք լաբորատորիային, որ որակը ստուգի: Իսկ եթե ստանդարտին չհամապատասխանի, մենք կհայտարարենք` դուք քվեարկել եք այս ապրանքի օգտին, բայց այն չի համապատասխանում ստանդարտին, ժողովուրդ ջան, այս տարի չունենք լավ հյութ»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, Armproduct.am կայքի կոմերցիոն հարցերով տնօրեն Ռուզաննա Հունանյանն էլ վստահեցրեց, որ կայքում քվեարկությունն այնպես է կազմակերպվելու, որ նույն անձը չկարողանա նույն ապրանքի օգտին մի քանի անգամ քվեարկել, իսկ քվեարկության ենթակա ապրանքատեսակներն են` հյութ, մսամթերք, գինի, պանիր, հանքային ջուր, թթվասեր, կոնյակ պահածոյացված մթերք, զովացուցիչ ըմպելիք եւ չրեղեն:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ