Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Վարդան Այվազյանը չի ընկալել իմ նախաձեռնության իմաստը»

Հոկտեմբեր 09,2013 13:45
ruben hakobyan

 «Կարծում եմ` Վարդան Այվազյանը չի ընկալել իմ նախաձեռնության իմաստը և օրիգինալ երևալու համար այսպիսի սիրողական պատասխան է տվել»,-Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է նախաձեռնությամբ հանդես գալ`«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու և քառօրյա նիստերի փոխարեն եռօրյա նիստեր անցկացնելու վերաբերյալ: Իսկ Վարդան Այվազյանն այս կապակցությամբ գործընկերոջ առաջարկին այսպես էր արձագանքել. «Հիմա Ռուբեն Հակոբյանը հոգնում ա, ես չեմ հոգնում` առավոտից իրիկուն աշխատում եմ, չեմ հոգնում, սաղ օրն էլ աշխատանքի եմ: Դրա համար ինձ համար տարբերություն չկա` Ազգային ժողովի իմ կաբինետում կաշխատե՞մ, թե՞ նիստերի դահլիճում»:

Պարոն Հակոբյանը Վարդան Այվազյանի և մյուսների համար մանրամասնեց իր նախաձեռնության իմաստը. «Նախ՝ քառօրյա նիստերը դառնում են եռօրյա, բայց միաժամանակ լիագումար նիստերի արանքում երկշաբաթյա ընդմիջումը դառնում է մեկ շաբաթ: Այլ խոսքով` նստաշրջանների կտրվածքով ավելանում է լիագումար նիստերի, հայտարարությունների, հարցուպատասխանների և ճեպազրույցների քանակը: Եթե Վարդան Այվազյանը հետևի մոնիտորինգին, կտեսնի, որ հինգշաբթի օրերը մենք տրցակներով օրենքներ ենք քննարկում առանց ելույթների, ինչպես երկուշաբթի և երեքշաբթի»:

Հղում անելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածին` Ռուբեն Հակոբյանը նշում է, որ իր առաջարկն ապահովում է խորհրդարանական գործունեության ռիթմ, ինչը կնպաստի խորհրդարանի` առավել պրոֆեսիոնալ դառնալուն:

Անդրադառնալով Վարդան Այվազյանի`«առավոտից իրիկուն աշխատելու» մասին դիտարկումներին` պարոն Հակոբյանը նշեց. «Եթե Վարդան Այվազյանի տարերքը իրոք խորհրդարանական գործունեությամբ լուրջ զբաղվելն է, ինչպես ինքն է հայտարարում, ապա նա առանց երկմտելու պիտի միանա այս նախաձեռնությանը»:

Հետաքրքրվեցինք` ի՞նչ փուլում է գտնվում նախագիծը: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, և ես այս պահին խորհրդակցում եմ մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ ու կցանկանայի, որ նախագիծը քննարկվեր կամ ընդունվեր համաձայնության մթնոլորտում»:

Մեր մյուս հարցին` Վարդան Այվազյանի ցուցաբերած դիմադրության պատճառը իրոք, ինչպես Ռուբեն Հակոբյանն է կարծում, նրա` նախաձեռնության իմաստը չընկալե՞լն է, թե՞ այլ միտում կա, պարոն Հակոբյանն այսպես պատասխանեց. «Այլ միտում չեմ տեսնում, ուղղակի նա խորությամբ չի ընկալել առաջարկության իմաստը: Արդեն իմ խոսքից հետո նա կընկալի նախաձեռնության նպատակը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031