Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք տարում Հայաստանից արտագաղթել է 200 հազար մարդ

Հոկտեմբեր 09,2013 13:55

Կամ` հավատա՞լ, թե՞ ոչ պաշտոնական գերատեսչական կայքերին

Հայաստանի պետական գերատեսչությունները, ինչպես շատ այլ երկրների համանման կառույցներ, պաշտոնական կայքեր ունեն: Օրինակ՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից կարելի է տեղեկանալ, որ Սերժ Սարգսյանը աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ: ՀՀ Ազգային ժողովի վիրտուալ տարբերակի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանն ունի երեք զավակ, յոթ թոռնիկ: ՀՀ կառավարության կայքի համաձայն էլ՝ Տիգրան Սարգսյանը Հայաստանի 12-րդ վարչապետն է վերջին 23 տարում:

Պաշտոնական կայքերը բազմաթիվ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն: Ընդհանրություններից մեկը «Հայաստան» կամ «Հայաստանի մասին» էջն է, ուր Հայաստանի մասին ամփոփ եւ համապարփակ տեղեկություններ կան: Այս բաժիններն են, որ ցավալի իրականությունն են բացահայտում. առաջին՝ արտագաղթ կա, երկրորդ՝ պետական առանձին գերատեսչություններ իրականությունից կտրված տվյալներով են աշխատում:

Ահագնացած արտագաղթ

ՀՀ նախագահի կայքի համաձայն՝ https://www.president.am/ hy/general-information/, Հայաստանի բնակչությունը՝ 3,2 միլիոն մարդ (ըստ մշտական բնակչության ցուցանիշի), 3,0 միլիոն մարդ (ըստ առկա բնակչության ցուցանիշի): Տարեթիվ նշված չէ:

ՀՀ կառավարության կայքի համաձայն՝ https://www.gov.am/ am/demographics/, ՀՀ բնակչությունը՝ 3,041 միլիոն մարդ (2013թ. հունվարի 1-ի դրությամբ):

ՀՀ Ազգային ժողովի կայքի համաձայն՝ https://www.parliament.am/parliament.php?id=armenia&lang=arm, ՀՀ բնակչությունը՝ 3,21 միլիոն մարդ (2001թ.):

ՀՀ արտգործնախարարության կայքի համաձայն՝ https://www. mfa.am/hy/armenia-overview/, ՀՀ բնակչությունը՝ 3,249 միլիոն մարդ (2010):

Եթե համադրենք կառավարության բաղկացուցիչ արտգործնախարարության եւ կառավարության տվյալները, ապա կստացվի, որ 2010 թվականից այս կողմ Հայաստանի բնակչությունը նվազել է 200 հազարով: Արտագաղթի պաշտոնական (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ) ավելի լավ ապացույց չի էլ կարող լինել:

 Իրականությունից կտրված զուգահեռ իրականություն

կամ վատնում

Եթե համադրենք ՀՀ Ազգային ժողովի եւ արտգործնախարարության տվյալները, կստացվի, որ 2001-2010 հատվածում ՀՀ բնակչության թվաքանակը ավելացել է հազիվ 30 հազարով կամ տարեկան երեք հազարով, կամ՝ օրական 8-9 երեխայով: Մինչեռ ՀՀ առողջապահության նախարարության տարածած տեղեկանքի համաձայն՝ միայն 2009 թվականին Հայաստանում ծնվել է 19951 երեխա կամ 54-55 երեխա՝ մեկ օրում: Հայաստանում ծննդօգնությունը քաղաքացու համար անվճար է՝ բուժհաստատությանը վճարում է պետությունը՝ սովորական ծննդօգնությունը՝ մոտ 150 հազար դրամ, բարդ ծննդաբերությունը՝ ավելի թանկ: Հայաստանում առաջին երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվող նպաստի չափը 50 000 դրամ է, ընտանիքում ծնված երրորդ երեխայի համար՝ 430 000 դրամ եւ այլն: Այլ խոսքով՝ մեկ երեխայի ծննդյան վրա պետությունը՝ հարկատուներս, ծախսում ենք ամենաքիչը (եթե առաջին երեխան է) 200 հազար դրամ: Իրականում 8-9 երեխայի ծնունդը ներկայացվում է 54-55 երեխայի ծնունդ, կամ օրական 46 երեխայի ծնունդ ընդամենը թղթի վրա է, այլ խոսքով՝ օրական մոտ 9,2 միլիոն դրամ (200X46) սուտ ծնունդների վրա պետությունը՝ հարկատուներս, պարզապես կորցնում ենք: Կոռուպցիայի, վատնման եւ յուրացման ավելի լավ ապացույց չի էլ կարող լինել: Հիմա՝ հավատա՞լ, թե՞ ոչ պաշտոնական գերատեսչական կայքերին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե եթե հաշվի առնենք, որ Հայաստանում վատ բաները նվազեցնում են, իսկ լավ բաները` ուռճացնում` հավատալ արժի…..

    եթե պաշտոնապես է արտագաղթը 200 հազար, ապա ոչ պաշտոնապես մի 400 հազար կձգի……………………

  2. Maxim says:

    Հավանաբար մեր հարևան թշնամի՝ Արբեջանը այդ հաշվարկները կունենա և դա իմանալով դեռ չի
    հարձակվել ԼՂ-ի վրա, ապա մենք ինչի՞ց ենք վախենում, ողջ աշխարհով մեկ տարածելու մեր աղետը,
    ումի՞ց ենք ամաչում կամ վախենում, գուցե այդպես մի ճար անո՞ղ հայտնվի: Ում է պետք մեր ջայլամի պահվածքը՝ գլուխներս ավազի մեջ, քամակներս՝ վեր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031