Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Տիգրան Առաքելյանի դատին խառնաշփոթ ստեղծվեց: Դատարանի դահլիճում խուճապ էր: Դատական նիստը չավարտված՝ դատավորական կազմը թողեց եւ հեռացավ՝ ոչինչ չասելով:
Բանն այն է, որ այսօր Շահեն Հարությունյանը կրկնակի հարցաքննության էր կանչվել դատարան: Նա այն տուժող ոստիկանն էր, որը վստահեցրել էր, որ դեպքի օրը քաշքշուկի ժամանակ կորցրել է իր հեռախոսը, որով նկարահանումներ էր արել: Դատի հետ կապված «ՎիվաՍելլից» տրամադրած տեղեկությունները հակասում էին նրա հայտարարությանը:
Նա հարցերին հիմնականում պատասխանում էր «չեմ հիշում, երկու տարի է անցել»: Պաշտպանի հարցին՝ իսկ հիշո՞ւմ եք, որ դեպքի օրը ոչ թե ինչ-որ մի իր կորցրած լինեք, այլ գտած լինեք՝ տուժողը պատասխանեց՝ ոչ:
Երբ դատավորը ճշտեց՝ հարցեր չունե՞ք, Տիգրան Առաքելյանը բղավեց. «Տո ես հարցեր չունեի, ինձ պետք էր դատարանը տեսներ, թե էս ստախոսն ինչ է արել մեր գլխին»:
Կարդացեք նաև
Շահեն Հարությունյանը պատմեց, որ ժամանակ առ ժամանակ քարտը հանում էր հեռախոսի միջից եւ չի հիշում՝ դեպքի օրը հեռախոսի մե՞ջ է եղել քարտը, թե՞ չէ: Տիգրան Առաքելյանը վստահեցրեց, որ IPhone-ը առանց քարտի հնարավորություն չի տալիս նկարելու, մինչդեռ Շահեն Հարությունյանը այլ բան էր պնդել:
Տիգրան Առաքելյանը եզրափակիչ հարց տվեց՝ «Շահեն ջան, հլը նայի ինձ: Լավ, էս ամեն ինչը երբ անցավ, ներողություն չե՞ս խնդրելու ինձնից: Դատավորը հարցը հանեց՝ թույլ չտալով պատասխանել:
Դատավորը հայտարարեց վիճաբանությունների փուլ մտնելու մասին: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը խնդրեց ժամանակ տրամադրել եւ մինչ այդ միջնորդություն ներկայացնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը վերացնելու, որովհետեւ հիմա արդեն համաներում կա, որի պարագայում դատարանի հիմնավորումները չեն գործում:
Դատավոր Եվա Դարբինյանը պնդեց անցնել պաշտպանական ճառին, ինչը Տիգրան Առաքելյանին հունից հանեց: Նա բղավում էր՝ «Ձեր կուսակցապետի հրամա՞նն էլ չեք կատարում: Համաներման դեպքում ես երկու ամիս էլ ավելի եմ նստել, պետք է հենց հիմա փոխեք խափանման միջոցը: Դե ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ինձ համաներում պետք չէ, ես հրաժարվում եմ դրանից: Պետք է արդարացման դատավճիռ լինի՝ այս դատական կազմով, թե ուրիշ»: Տիգրան Առաքելյանը սա ասելուն պես փորձեց հեռանալ դահլիճից, նրա ձեռքերը բռնեցին թույլ չտվեցին:
Դահլիճում ստեղծվեց խուճապ եւ առանց որեւէ բացատրության դատավորական կազմը ուղղակի շփոթված հեռացավ: Տիգրան Առաքելյանին նույնպես տարան:
Դահլիճում ներկաները սկսեցին բղավել, սուլել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ