Հակառակ դեպքում՝ արտագաղթի այս տեմպերով մի քանի տարուց Հայաստանում մարդ չի մնա
«Իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Կառավարությունը երիտասարդներին ոչ մի հնարավորություն չի թողնում՝ նրանց խեղդելով այնքան ժամանակ, մինչեւ թողնեն երկիրը եւ հեռանան: Խնդիրն արդեն վաղուց անցել է միայն քաղաքական խնդիր լինելու սահմանը. այն արդեն դարձել է համամարդկային հիմնախնդիր, ինչը պետք է անհապաղ լուծվի: Կառավարությունը մատը մատին չի տալիս իր սեփական ժողովրդին օգնելու համար»,- նկատի ունենալով Հայաստանից լայն թափ առած արտագաղթը, կոռուպցիան ու դատարկվող սահմանամերձ գյուղերը՝ երկու տարի առաջ իր վրդովմունքն այսպես արտահայտեց հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ ՀՀ իշխանություններին ուղղված իր խոսքում: «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցը, որը պատրաստվել է մի քանի փորձագետների ժողովրդագրությանն առնչվող հետազոտությունների հիման վրա, գտնում է, որ Ազնավուրի այս խոսքերն այսօր էլ են արդիական: Այն տեղ է գտել զեկույցի հենց առաջին էջում: Զեկույցի հեղինակները հավասարակշռությունը պահելու համար նաեւ զետեղել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը, որը կարծես թե պատասխան խոսք է Ազնավուրին. «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա… Դա միայն իշխանությունների պատասխանատվության ոլորտում չի: Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չի, որովհետեւ Հայաստանից արտագաղթում են ոչ թե նրա համար, ինչպես հաճախ ասում եք՝ արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետեւանքով: Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում…»:
Ճիշտ է, զեկույցի հեղինակները չեն պարզել, թե գաղջ մթնոլորտի պատճառով քանի՞ մարդ են արտագաղթել, բայց մի շարք գործոններ է ներկայացնում, թե հիմնականում ինչի հետեւանքով են մեր հայրենակիցները լքում հայրենիքը: Ըստ զեկույցի. «Բիզնես ոլորտները վերահսկվում են մի խումբ մարդկանց կողմից, որոնք նաեւ ներգրավված են պետական կառավարման գործում՝ վերահսկելով առանձին տարածքներ կամ տնտեսության ոլորտներ: Մենաշնորհային կառավարման նման համակարգը փոքր մրցակիցներին խոցելի է դարձնում (հաճախ դուրս մղելով շուկայից), հանգեցնում է գործազրկության, ինչպես նաեւ հասարակությունում ֆինանսական միջոցների խիստ անհավասար բաշխման: Նման շուկայական անհավասար պայմաններում չկան ներդրողների եւ աճի խրախուսման համապատասխան պայմաններ»:
Զեկույցը փաստում է, որ մեր երկրից արտագաղթի ծավալները աննախադեպ չափերի են հասել, իսկ բնակչության 40 տոկոսի մոտ արտագաղթելու ցանկություն կա: Այս ցուցանիշն ամենաբարձրն է Խորհրդային Միության այն մեկ տասնյակից ավելի երկրների շարքում, որոնցում կատարվել է այդ ուսումնասիրությունը:
Կարդացեք նաև
«Ուղեղների արտահոսքը» զրկում է երկիրն այն մտավոր կարողությունից, որը կարող էր օգտագործվել գիտելիքահենք արտադրանքի ստեղծման եւ արտահանման, ինչպես նաեւ տնտեսական աճի խթանման համար: Վերջին շրջանում նկատվում է ընտանիքներով արտագաղթելու միտման աճ, ինչպես նաեւ ծնելիության մակարդակի անկում եւ բնակչության ծերացման միտում, ինչը Հայաստանի ժողովրդագրական հեռանկարը վտանգի առաջ է կանգնեցնում»,- պարզել են հետազոտության հեղինակները:
Օրինակ՝ համեմատաբար երիտասարդ եւ կրթված երիտասարդների շրջանում կատարված հարցումների համաձայն՝ տնտեսական դրդապատճառներից բացի, արտագաղթի որոշումը պայմանավորված է նաեւ մասնագիտական աճի եւ զարգացման հնարավորությունների պակասով, ինչպես նաեւ իրավունքի պաշտպանության, ժողովրդավարության եւ կառավարման ավելի բարձր մակարդակ ունեցող հասարակություններում ապրելու ցանկությամբ:
Զեկույցն անդրադարձել է նաեւ դատարանների անկախության մակարդակին, ինչը, զեկույցի հեղինակների կարծիքով, լուրջ մտահոգության տեղիք է տալիս. «Դատական համակարգը պետք է կառավարությունից եւ ազդեցություն ունեցող տնտեսական շահերից ամբողջապես անկախ լինի»:
Անդրադառնալով մեր երկրի կրթական համակարգին՝ ուսումնասիրությունները պարզել են, որ բուհերը շրջանավարտներին չեն ապահովում շուկայում բարձր պահանջարկ ունեցող գիտելիքներով, ինչպես նաեւ տեխնիկական ոլորտի շրջանավարտներին չեն ապահովում մասնագիտական զարգացման անհրաժեշտ հնարավորություններով:
Քանի որ Հայաստանի ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելու ուղիներից մեկը սփյուռքից մարդկանց ներհոսքն ապահովելու հնարավորությունն է, զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս ուսումնասիրել Իսրայելի հաջողված փորձն այդ գործում՝ ակնարկելով մեր սփյուռքի գործոնը: Մասնավորապես՝ Իսրայելը, անկախություն հայտարարելուց առաջ, նոր երկիրը մարդկանցով լցնելու նպատակով սկսել է հրեաների ներգաղթի քաղաքականություն մշակել. «Աշխարհասփյուռ հրեական համայնքներից ստացվող լուրջ ֆինանսական հոսքերը Իսրայելը ներդրեց ենթակառուցվածքների եւ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մեջ, իսկ ներգաղթյալներին առաջարկեց բնակարանային պայմաններ եւ ժամանելուն պես՝ քաղաքացիություն ստանալու հեռանկար»:
Ինչպես տեղեկացնում է զեկույցը, վերջին ժամանակաշրջանում Միջին Արեւելքում բախումների մեջ հայտնված մի խումբ հայերի շրջանում հարցումներ են անցկացվել՝ պարզելու, թե ինչն է նրանց ստիպել գալ Հայաստան եւ ինչը կդրդի նրանց մնալ Հայաստանում: Չնայած հարցվածների մեծ մասը, մինչ բնակության համար վերադառնալը, եղել է Հայաստանում, սակայն տեղափոխվելիս նրանք դժվարություններ են ունեցել՝ հիմնականում տեղի կյանքին հարմարվելու նպատակով համակարգված ծրագրի բացակայության պատճառով:
Այս ամենը հաշվի առնելով՝ զեկույցի հեղինակները ՀՀ կառավարությանն առաջարկում են բիզնես մթնոլորտի բարելավում, տնտեսական եւ դատական ոլորտների բարեփոխումներ, օրենքի իշխանություն, հաշվետու կառավարություն, սփյուռքի հետ փոխհարաբերություններ, հայրենադարձության եւ վերաբնակեցման ռազմավարություն մշակել:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Հետազոտական աշխատանքի հիմնական հեղինակներն են Ռուս-հայկական համալսարանը, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, «Հրայր Մարուխյան» հիմնադրամը եւ Հետազոտական խումբը: