Այսօր Հայ առաքելական եկեղեցում տաբու կա կուսակրոնության թեմայի վրա: Խնդիրը չշոշափելը, սակայն, չի նշանակում, թե հարցը «փակված» է: Եթե հոգեւորականները ցանկանում են վեր բարձրանալ հոգեւոր աստիճաններով, դրա համար պայման է կուսակրոն լինելը: Բայց մի՞թե մարդն ունակ է 20-22 տարեկանում որոշում կայացնել ողջ կյանքի համար, երբ չկան վանքեր, որտեղ հոգեւորականները կարող են ճգնել ու հեռու մնալ աշխարհիկ գայթակղություններից: Չնայած համարյա չի խոսվում, սակայն, գաղտնիք չէ, որ կարգալուծությունների մեծ մասը հենց այդ պատճառով է:
«Առավոտը» «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանից կարծիք հարցրեց՝ այսօր ժամանակավրեպ չէ՞ կուսակրոնությունը եւ արդյոք մեր եկեղեցում կարիք չկա՞ ինչ-ինչ բարեփոխումների:
«Որքանով տեղյակ եմ, երբ քրիստոնեությունը ձեւավորվել է, կուսակրոնության խնդիր չի եղել: Կուսակրոնությունն առաջացել է Ասորիքում եւ Եգիպտոսում՝ երկրորդ-երրորդ դարերից սկսած, այսինքն՝ այն քրիստոնեական նորմ չի եղել: Ավելին՝ առաջին գլխավոր եպիսկոպոսները՝ Գրիգոր Լուսավորչից սկսած, կուսակրոն չեն եղել: Իմ տեղեկություններով, կուսակրոնության հարցը վաղուց է քննարկվում՝ դեռեւս Վազգեն Առաջինի ժամանակներից, որ եպիսկոպոս լինելը պայմանավորված չլինի կուսակրոնությամբ: Կարծեմ այսօր էլ Էջմիածնում նման խմորումներ կան, ու կարծիք կա, որ կուսակրոնությունը պարտադիր չպետք է լինի եպիսկոպոսաց դաս ստանալու համար: Մարդիկ այն կարծիքին են, որ ճիշտ կլինի լինեն վանքեր, ու ովքեր կցանկանան կուսակրոն լինել, թող լինեն, իսկ ովքեր չեն ցանկանա, թող մինչեւ եպիսկոպոսի աստիճան հասնեն: Այս հարցը քանիցս քննարկվել է նաեւ կաթոլիկ եկեղեցում, սակայն մինչեւ հիմա մերժել է: Ինչ վերաբերում է հայկական եկեղեցուն, ինձ թվում է՝ վաղուց ժամանակն է, որ կուսակրոնության հարցը բարձրացվի ու լուծում ստանա: Դրանից հետո հաստատ որոշակի բարելավում կլինի, եւ շատ եպիսկոպոսներ կհանգստանան ու մի քիչ ավելի հանդուրժող կլինեն»,- ասաց պարոն Դանիելյանը:
Նաեւ հավելեց, որ մարդ հաճախ 40 տարեկանում չի կարողանում որոշում ընդունել, ուր մնաց՝ 20-22-ում, այն էլ ամբողջ կյանքի համար:
Կարդացեք նաև
Վիրտուալ հարթակներում եւս այս թեման միշտ «տաք» է: Օրինակ՝ «Դար» ակումբ (www.akumb.am) հայատառ ֆորումում Monk-ը խոսելով կուսակրոնության մասին՝ գրել է. «Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական 9 աստիճաններից առաջին 6-ի` 4 դպրական, կիսասարկավագական եւ սարկավագական, կուսակրոնության խնդիր դրված չէ: Կուսակրոնության հարցը ծագում է 7-րդ` քահանայական աստիճան ստանալու ժամանակ: Այս աստիճանը ստանալու համար սարկավագն ունի 2 ճանապարհ. 1. ամուսնանալ, ունենալ զավակ, որից հետո, համապատասխան քննությունն անցնելով, ձեռնադրվել քահանա: Ամուսնացյալ քահանան այլեւս ուրիշ աստիճաններ չի ստանում, այլ պարզապես տարիների ընթացքում իր ծառայության դիմաց ստանում է որոշակի պարգեւաշնորհներ` լանջախաչ կրելու իրավունք, ծաղկյա փիլոն եւ ավագ քահանայության կարգ: 2-րդ ճանապարհը կուսակրոնությունն է. այսինքն՝ չամուսնացած սարկավագը ուխտ է անում կուսակրոն հոգեւորական լինելու ողջ կյանքի ընթացքում: Դարձյալ համապատասխան քննությունից հետո սարկավագը ձեռնադրվում է կուսակրոն քահանա` աբեղա, որից հետո սկսում է կրել կուսակրոն հոգեւորականին հատկորոշող վեղար: Հաջորդ աստիճանը` եպիսկոպոսություն ստանալու համար աբեղան անհրաժեշտաբար պետք է պաշտպանի գիտական թեզ` ստանալով վարդապետական տվչություն: Վարդապետը, կարելի է ասել, համապատասխանում է գիտության թեկնածուի աստիճանին: Որոշ վարդապետներ պաշտպանում են նաեւ ծայրագույն վարդապետական թեզ (դոկտորական): 8-րդ աստիճանը եպիսկոպոսությունն է: Տարիների վաստակի դիմաց եպիսկոպոսին տրվում է, այսպես ասած, ավագության պատիվ, որով նա դառնում է արքեպիսկոպոս: Իսկ 9-րդ աստիճանն արդեն կաթողիկոսությունն է»:
Mephistopheles-ի կարծիքով՝ կուսակրոնությունը վաղուց ժամանակավրեպ է եւ ավելի շատ վնաս է բերում, քան՝ օգուտ: Skeptic -ը եւս նման կարծիք ունի: Նա Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակից մեջբերում է Գարեգին Սիսակյանի կենսագրությունից մի հատված՝ պատկերավոր լինելու համար. «Գարեգին Սիսակյանը քիչ թե շատ ունեւոր ծնողների զավակ էր: Թեմականի դասընթացն ավարտելուց հետո պատրաստվում էր գիմնազիական քննություն տալու, որ համալսարան մտնի, բայց որովհետեւ արդեն 21 տարեկան էր եւ չէր ուզում հասարակ զինվոր գնալ, մտավ յունկերական դպրոցը, որ վերջը սպա դառնա: (Այն ժամանակ մեռած էին նրա ծնողները, եւ նա զրկվել էր, իբրեւ իր ծնողների միակ զավակը, զինվորագրությունից ազատվելու արտոնությունից): Բայց շուտով տեսավ, որ զինվորական դիսցիպլինան եւ չարքաշ կյանքը չեն համապատասխանում իր խառնվածքին, թողեց սպա դառնալու մտադրությունը եւ հակառակ ծայրն ընկավ — ուզեց կուսակրոն դառնալ: Այդ բանի համար գնաց Էջմիածին, բայց երեք ամիս հետո վերադարձավ կատարելապես հիասթափված կուսակրոնների անբարոյական կյանքից: (Էջմիածնում նա իջել էր իր հոր հին ծանոթ մի եպիսկոպոսի մոտ, որի սենյակից մի գիշեր դուրս էր փախել ներքնաշորով)…»:
ՆԱՐԵ անունով օգտատերն էլ գրում է. «Ժամանակին եղել է անհրաժեշտություն եւ ընդունվել է եկեղեցականների կուսակրոնությունը, բայց այժմ կարիք չկա ու հիմնականում պահող էլ չկա, ապա ինչու պահել: Եթե չեմ սխալվում (կամ գուցե սխալվում եմ) կուսակրոնություն ընդունվել է Ներսես Կաթողիկոսի օրոք եւ նպատակ է ունեցել պահպանել եկեղեցու ունեցվածքը ժառանգական բաժանումից ու մասնատումից, այսօր այս խնդիրը չկա, այդ օրենքը ժամանակի պահանջ է եղել եւ ոչ ավել եւ ժամանակի ընթացքում էլ սպառել է իրեն»: Mephistopheles-ի ձեւակերպմամբ՝ Աստծուն պետք չէ «ղըզղընած» հոգեւորականի ծառայությունը, ավելին. «Աստծո ինչին ա պետք մարդու ծառայությունն ընդհանրապես… Կարող ա՞ բաներ կան, որ Աստված չի կարում անի ու մի հատ horny տերտեր իրա համար պտի փող հավաքի, կամ ես շատ գիտեմ՝ ինչ անի… Եթե էդքան շատ են մտածում կենտրոնանալու ու աշխարհիկ վայելքներից չօգտվելու եւ չշեղվելու մասին, որ լավ նվիրվեն Աստծուն, թող ամորձատվեն… Այ թող դա «նվիրեն/զոհաբերեն» Աստծուն, էն ժամանակ կասեմ մալադեց…»: Ինչ վերաբերում է տղամարդու սեռական ժուժկալությանն ընդհանրապես, այս մասին էլ կարծիք հարցրինք Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանից, խնդրեցինք պարզաբանել, թե այն ինչպես է անդրադառնում օրգանիզմի ֆունկցիաների վրա:
«Ժուժկալությունը սեռական կապից լիովին զերծ մնալն է:
Ամբողջ կյանքի ընթացքում սխալ է զերծ մնալ սեռական կյանքից, որովհետեւ հաճույքից զատ, այն առաջնահերթ օրգանիզմի գլխավոր պահանջմունքներից մեկն է, որը, չբավարարելու դեպքում, սկսվում են սեռական «դեֆորմացիաներ», որոնք կարող են ունենալ անդառնալի հետեւանքներ: Սեքսից հրաժարվելը կամ սեռական զսպվածությունը հաճախ է հանդիպում հատկապես ապատեղեկատվության արդյունքում: Յուրաքանչյուր մարդու կյանքում կարող են լինել շրջաններ, երբ նա սեքսով չի զբաղվում: Բժշկական տեսանկյունից` սեռական ցանկությունը տեւական զսպելը վտանգավոր է, ընդ որում՝ եւ կանանց, եւ տղամարդկանց համար: Տղամարդկանց մոտ կարող են առաջանալ ֆիզիոլոգիական, իսկ կանանց մոտ` հոգեբանական խնդիրներ: Հարկադրական սեռական ժուժկալությունը հիմնականում դրսեւորվում է նեւրոզանման խանգարումներով, դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ արտահայտված սեւեռումով եւ այլն: Հազվադեպ եւ անկանոն սեռական կենսակերպը կարող է առաջացնել հորմոնային խախտումներ: Բացի դրանից, սեռական զսպվածությունը նաեւ կարող է հանգեցնել հետագայում օրգազմի խանգարման:
Սեռական կյանքի իսպառ բացակայությունը նույնպես անհետեւանք չի մնում. առաջանում են կանգային երեւույթներ սեռական օրգաններում, ինչը հետագայում կարող է որոշ սեռական խանգարումների, երբեմն նույնիսկ անպտղության առաջացման պատճառ դառնալ…»,- ասաց մասնագետը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Monk-ը մեծատառով, խնդրում եմ 🙂
Հարգելի Գեւորգ Սարկավագ, ուզում եմ Ձեզ մի հարց ուղղել, ինչո՞ւ մինչեւ հիմա չեք ձեռնադրվում եւ այսքան ժամանակ ինչո՞վ եք զբաղված:Ինչու կուսակրոնության բեռը չեք վերցնում Ձեզ վրա, հետո նոր խոսում այդ մասին: Ի դեպ, ես ճանաչում եմ որոշ հոգեւորականների, որոնք լայնախոհ են եւ եկեղեցու հետ կապված ցանկացած քննադատության կամ դիտարկման էմոցիոնալ չեն մոտենում, առողջ եւ ողջամիտ պատասխաններ են տալիս:Պետք չէ ամեն ինչ ծայրահեղացնել:
Սիրելի Անի, ցանկացած խնդիր, ինչպես դուք եք ասում, ինչքան էլ նրբին լինի, խնդիր էլ մնալու է, եթե դրա մասին չբարձրաձայնվի: Իսկ մի հարցում, Ձեզ հետ լիովին համամիտ եմ՝ կուսակրոնության փեման, որի վրա տաբու կա, պետք է քննարկվի եկեղեցու ներսում՝ առանց «այլախոհ» հոգեւորականների հանդեպ հետապնդումների:
մի բան էկլ՝ ես որեւէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, ցանկացել եմ բարձրաձայնել խնդրի մասին, որը կա, եւ չենք կարող գլուխներս ջայլամի նման թաքցնել ավազում:
Հարգանքով Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի Գոհար.
Լավ կլիներ, որ գոնե մեկ կուսակրոն-հոգևորականի խոսեցնեիք: Կարծում եմ՝ հարգանքի նշան է ցանկացած մեկի նկատմամբ. երբ մեղադրում կան քննում են իր հարցը, գոնե մարդու կարծիքը, տեսակետն իմանալ: Դուք անձամբ որևէ կուսակրոն հոգևորականի հետ խոսե՞լ եք:
Դուք մեջբերում եք կարծիքներ այնպիսի մարդկանց, ովքեր այս հարցի մասին խոսում են “կարծեմ”, “որքանով տեղյակ եմ”, “մարդիկ այն կարծիքին են”, “եթե չեմ սխալվում (կամ գուցե սխալվում եմ)” … ձևերով: Թե՛ ձեր, թե՛ իրենց դեպքում ճիշտ չէ՞ր լինի նման հարց քննելիս մի քիչ ավելի պրպտել ու նախ կարդալ Ավետարանն ուշադիր, նայել գոնե Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանը: Իսկ բժշկի խոսքը, որ ոչինչ չի ասում պահքի և դրա արդյունքի մասին, թերևս ճիշտ կլինի այսօրվա հաճախ անկանոն ու ճարպահարուստ սննդակարգով ապրող մարդու, բայց ոչ իրական վանականի համար:
Ուղղակի բոլորին չարժե նույն արշինով չափել: Փորձե՞լ եք երբևէ ասենք թեկուզ մեկ ամիս ժամերգությամբ, միասնական աղոթքով սկսել ու ավարտել ամեն օրը, երբևէ զգացե՞լ եք, թե ինչ է վանքը գիշերով, աղոթական միջավայրն ու հոգեկանությունը: Կյանքում գոնե մեկ գիշեր հոգևոր մղումով գիշերե՞լ եք որևէ վանքում: Պահք պահե՞լ եք: Եթե ոչ, ապա չեք կարողանա հասկանալ, թե հասուն, առողջ, բայց հոգևոր ապրումով տղամարդը կամ կինը ինչպես կարող են կուսակրոն կյանքով ապրել:
Աշխարհային մտածողությամբ գուցե անընդունելի լինեն հոգևոր շատ երևույթներ: Այդ մտածողությամբ անգամ Աստծուն հավատալն ու այդ հավատով ապրելը կարող է դառնալ ավելորդ: Ս.Գիրքն ասում է, որ մարմինը՝ նյութական աշխարհընկալումը, հոգուն հակառակ է: Երբ մեր հավատամքը սոցիալական զարգացած, բայց անբարոյական հասարակությունն է, ապա կունենանք այժմյան հաճախ առաջադեմ կոչվող շատ հասարակություններում առկա իրավիճակը, ուր Քրիստոս է անգամ աքսորյալ վիճակում:
Դառնալով կուսակրոնությանը՝Քրիստոս է կուսակրոնների գերագույն օրինակը, ինչը հենց Պողոս առաքյալն է շեշտում՝ ասելով . “Նմանվեցե՛ք ինձ, ինչպես ես Քրիստոսին”, և սա՝ ամեն ինչում՝ հոգևոր և մարմնական:
Ամբողջ խնդիրն այն է, սիրելի սարկավագ, որ մեր՝ Հայաստանում ապրողներիցս մեծ մասը բացարձակապես չի հավատում, որ մեր բարձրաստիճան հոգեւորականները երբեւիցէ գնացել են նման զոհողությունների: Ենթադրում եմ, որ փողը տվել՝ ազատվել են այդ անհարմարություններից: Եթե գնային, նրանց այսօրվա վարքը այլ կլիներ;
Ամբողջ խնդիրն այն է, սիրելի՛ պարոն Աբրահամյան, որ եթե որևէ այլ կենցաղային թեմայի վրա շուռ տանք /ասենք, բարձրագույն կրթության դիպլոմ, որը վստահ եմ, Դուք ունեք/ և “բարձրաստիճան հոգևորականներ” արտահայտությունը փոխարինենք, ասենք, “Արամ Աբրահամյան”-ով, ենթադրում եմ, որ Ձեզ դուր չի գնա ոմն Նարինեի կողմից՝ Ձեր մասնագիտական գիտելիքները կասկածի տակ առնելը, էլ չեմ ասում մեղադրանքները, թե Դուք փող եք տվել ու ձեռք եք բերել Ձեր դիպլոմը, հակառակ դեպքում Ձեր վարքն այլ կլիներ:
Քանզի՝
ա. ոմն Նարինեն Ձեզ չի ճանաչում, Ձեր մասին լսել է էստեղ-էնտեղից /էստեղ-էնտեղն էլ Ձեր մասին էդքան էլ լավ կարծիք չունեն/
բ. ոմն Նարինեի կասկածանքով Դուք չզրկվեցիք Ձեր մասնագիտական որակներից
գ. Ո՞վ է էդ ոմն Նարինեն, որ համարձակվի սուբյեկտիվորեն դատել և կասկածի տակ առնել Ձեր մասնագիտական որակները և այլն
Չե՞ք մտածել երբևէ, որ հոգևորականներին էդքան անխնա կասկածելով Աստծուց մի քանի քայլ առաջ եք ընկնում:
Չե՞ք մտածել երբևէ, որ վաղը-մյուս օր Աստծու առաջ պատասխան եք տալու Ձեր արած/չարածի համար, ոչ թե բարձրաստիճան հոգևորականների կուսակրոնության հարցի:
Ասում են՝ հենց սկսում ես քո արած-չարածը քննել, ուրիշների համար էլ ժամանակ չի էլ մնում: Ասում են՝ կյանքը կարճ է ու հաճախ ընդհատվում է բավականին անսպասելի ձևով:
Իսկ ըստ մեր եկեղեցու վարդապետության, քավարան թարսի պես գոյություն չունի:
Հարգանքներս
Երբեմն` որ կարդում եմ ‘сам дирак’ ոճի փաստարկները (որպիսին Նարինեն բերեց՝ հոգեւորական «նաչալնիներին» պաշտպանելու համար), իմ մոտ գայթակղություն է առաջանում պատասխանելու, բայց, իհարկե, դա բացարձակապես անիմաստ է:
Հուսանք, որ Գևորգ սարկավագն ավելի մեծահոգի կգտնվի և Ձեզ նմանատիպ պատասխան չի տա:))
Մյուս կողմից էլ, երբ Նավասարդ արքեպիսկոպոսը նման պատասխան է տալիս, չգիտես ինչի բոլորդ վրդովվում եք:)
Հասկանում եմ մտահոգությունը: Բայց ամեն բան մեկ արշինով չափելն էլ ճիշտ չէ: Ու հարցն իրականում կուսակրոնության մեջ չէ: Կանոններով սահմանված լինի, թե ոչ, կուսակրոնություն միշտ էլ եղել է (անգամ Քրիստոսից առաջ) և կլինի: Գուցե ուշանում է, բայց ես հավատում եմ, որ Քրիստոս քարոզող ու ապրող հոգևորականների ու հավատացյալների միջոցով կփոխվի այս կարծիքը: Ժողովուրդն ամենաշատը կենդանի օրինակների կարիքն ունի:
սխալ արտահայտությւն անելուց մտածեք հարգելի Գոհար կուսակրոննորն ւմ աջքն են հանել ես ենպիսի կուսակրոնների եմ ճանաչում վոր 1000 անգամ աշխարիկից առավել են: Լավ գոնե իրենց օծյալ լինելը հարգեք
Սիրելի Գոհար,
«Կուսակրոնությունը ժամանակավրեպ է, անգամ՝ վտանգավոր» վերտառությամբ Ձեր հոդվածին պիտի արձագանքեմ: Հնարավորինս կարճ: Մի քանի հակաթեզերով միայն:
Շատ նրբին խնդրի եք մոտեցել: Փորձել եք Ձեր մտորումներն ամրապնդել «մասնագիտական» ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, բժիշկ-սեռաբանի, բլոգերների կարծիքներով: Մինչդեռ շրջանցել եք խնդրին ամենաանմիջականորեն առնչվող խմբի՝ հոգևորականության, ավելի հստակ՝ կուսակրոն քահանաների կարծիքը:
Հասարակությանը հասցրել եք հոգևոր-կրոնական ոլորտից մասնագիտորեն հեռու, բայց այդ ոլորտն իր «գերժամանակակից» լուծումներով մշտապես ուշադրության տակ պահող Ստեփանի հուսառատ խոսքը, թե՝ «…վաղուց ժամանակն է, որ կուսակրոնության հարցը բարձրացվի ու լուծում ստանա: Դրանից հետո հաստատ որոշակի բարելավում կլինի, եւ շատ եպիսկոպոսներ կհանգստանան (ընդգծումն իմն է) ու մի քիչ ավելի հանդուրժող կլինեն»: Ֆրոյդն արժանի հետևորդներ ունի Հայաստան երկրում: Հետաքրքիր կլիներ իմանալ՝ այդ ինչ անհանդուրժողականության է հանդիպել Ստեփանը, որ այդքան մտահոգ է հոգևորականների վարքի սկզբնաղբյուրներով:
Ձեր հոդվածում մեջբերվող համացանցային որոշ անձանց (ի դեպ՝ հենց այս արտահայտությունը գրելիս գլխումս միտք ծագեց, որ «ֆիզիկական անձ» և «իրավաբանական անձ» հասկացություններին կարելի է ավելացնել այս մեկը ևս, որի առավել բնորոշ հատկանիշը անանուն անպատասխանատվությունն է) կարծիքներին չէի ուզենա անդրադառնալ: Տհաճ ձևակերպումները քննության արժանի չեն:
Անցնենք մյուս մասնագետին: Տպավորություն կա, սիրելի Գոհար, որ բժշկին ուղղված հարցն ընդհանուր է եղել, այսինքն քննարկվող խնդրի եզրագծից դուրս: Թեև արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ բժիշկը հենց իր մասնագիտական տեսանկյունից էլ միայն իրավունք ուներ պատասխանել:
Բայց: Գիտությունը չունի պատասխաններ հոգևոր հարցերի համար, նույնպես և քաղաքացիական աշխարհիկ հասարակությունն իր հասարակական-քաղաքական արդի պատկերացումներով ի զորու և իրավասու չէ գնահատականներ տալ մի ոլորտի մասին, որից ինքնակամ հեռացել է: Այն, որ սեռական ինքնազսպումը հոգեկան և ֆիզիկական առողջական խնդիրներ է հարուցում, այսօր արդեն լայնորեն ժխտվում է շատ գիտնականների կողմից: Այդ թեզն, ի դեպ, հզոր գործիք էր սեքսուալ հեղափոխության առաջամարտիկների ձեռքին ու գիտություն է սպրդել հզոր լոբբինգի արդյունքում: Բայց սրա հետ չհամաձայնվողներին, թերևս, այլ հակափաստարկ բերեմ: Հոգևորի շրջանակում:
Կուսակրոնությունը, վանականությունը չեն պարտադրվում մեր Եկեղեցում: Այդ ճանապարհն ընտրվում է անհատական, ինքնուրույնաբար կայացրած որոշմամբ: Այն խնդիրները, որոնք, հնարավոր է՝ ծագում են այդ չափազանց դժվարին ընթացքի մեջ, կարող են հաղթահարվել Եկեղեցու ներսում: Աղոթքով և Աստծո օգնությամբ: Հավատակից եղբայրների հետ լուծը միասնաբար տանելու հուսադրող և ոգևորող զգացումով: Ի վերջո, մեր՝ պարզ հավատացյալների հոգատար աղոթքներով: Աշխարհիկ-ազատական կարգի լուծումները կամ «»թելադրանքները» տկար կլինեն նույն այն պարզ պատճառով, որ կոտնահարեն հոգևորականի՝ անհատապես կայացրած որոշումը:
Ի վերջո, կուսակրոնությունը Խաչի ճանապարհ է, այն արժանի է մեծագույն պատկառանքի: Դուք իրավացիորեն նշում եք, որ նախկինում մեր Եկեղեցին չի ունեցել այդ ինստիտուտը: Բայց մոռացել եք նշել ամենափառավոր նախօրինակը կուսակրոնության, որ Ինքը՝ Հիսուս Քրիստոս ընտրեց աշխարհիկ կյանքի ու փառքի Իր բոլոր հրաժարումների հետ միասին:
Եվ հետո, անգամ եթե չբացառենք այն բոլոր գայթակղությունները, որոնք կարող են կուսակրոն հոգևորականի հոգևոր անկման պատճառ դառնալ, միևնույն է, այդ ճանապարհը մարդկային առումով ողբերգականորեն դժվար է, և մեր քննադատություններն ու դատողությունները միայն կսրեն այդ դժվարությունները: Որպես դարերով փորձված և հիրավի քրիստոնեական լուծում՝ առաջարկում եմ աղոթել, սիրելի Գոհար, նրանց և մեր հոգու փրկության համար: Մշտապես աղոթել:
Սիրելի Գոհար, լավ կլիներ, որ մենք՝ երկու կին, առհասարակ չանդրադառնայինք այս չափազանց նուրբ խնդրին: Վստահ եմ՝ բացառապես Եկեղեցու ներսում դրա քննարկումը արդյունավետությամբ լավագույնը կլինի:
Մի խիստ անձնական մտածում էլ ունեմ. եթե մի օր որդիս որոշում ընդունի վանականության, ու ես արգելք լինեմ նրա համար, այլևս կեղծ կլինի իմ հավատքը, որ ենթադրում է կատարյալ նվիրում Աստծուն և զոհողություն, ի վերջո, էլի հանուն մեր իսկ անձանց փրկության:
Անի Մարտիրոսյան
10.10.2013թ.
Апостол Павел Говорил, если можете, не женитесь. Значит кто как захочет. Но с другой стороны если бы Григор Нарекаци был женат, мы бы сейчас не имели “НАРЕК”. По моему служители церкви не должны женится, они должны полностью посвятить свою жизнь служению. Но это сегодня может сделать наверно из сотни только один.
Հարգելի Манфред, Ծննդյան տաղում, Նարեկացին հենց իրական կանացի գեղեցկությունն է գովերգում
…Բերանն երկթերթի,
վարդն ի շրթանց կաթէր,
լեզուին շարժողին
քաղցրերգանայր տաւիղն:
Ի ծամին խեղեփին
հազրէ զի նոյն սէր
հոգիազգեստեալ
գեղն ի գինւոյ գոյն:
Վարսիցն երամից
զարդ՝ երամից զարդ
ոլորս են առեալ
եռահիւսակն բոլորեալ այտիւք:
Ծոցըն լուսափայլ,
կարմիր վարդով լըցեալ.
ծըղիքն ծիրանի
մանուշակի հոյլք:
Խնկեալ ի կնդրկէ
բուրվառ հրով աստուածայնով լըցեալ.
ձայն քաղցրանուագ
որ ի նմանէ հնչէր…