Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարն ընդլայնում է ընդգրկումը

Հոկտեմբեր 09,2013 13:18

Asryan-KhachikՀոկտեմբերի 16-ին Երեւանի, Աշտարակի եւ Աբովյանի մարզադաշտերում մեկնարկելու է «Հայաստանի վարչապետի գավաթ 2013» հոբելյանական` հինգերորդ ֆուտբոլային մրցաշարը, որն անցկացվում է բացառապես պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում:

Մրցաշարի կազմակերպման նպատակը հստակ է. ֆուտբոլ խաղի մասսայականացման միջոցով աշխուժացնել պետական կառավարման մարմիններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական աշխատանքները, բարելավել պետական պաշտոնյաների ֆիզպատրաստվածության աստիճանը:

«Առավոտը» մրցաշարի առիթով զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Վարչապետի գավաթ» մրցաշարի կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանի հետ:

– Պարոն Ասրյան: Կարելի՞ է ասել, որ այս մրցաշարն արդեն կայացած է:

– Միանշանակ: Ասեմ ավելին. «Վարչապետի գավաթ» մրցաշարը տարեցտարի ընդլայնում է ընդգրկման շրջանակները եւ պետական կառավարման մարմինների ավելի շատ թիմեր է ընդգրկում: Մասնավորապես, ստեղծված կազմկոմիտեն, որի կազմում են համապատասխան գերատեսչությունների ղեկավար պաշտոնյաներ, նախորդ տարվա 14-ի համեմատությամբ այս` հոբելյանական 5-րդ մրցաշարի մասնակցության արդեն 16 հայտ է ստացել: Սպասվում է, որ մինչեւ վերջնաժամկետի լրանալը եւս մեկ-երկու թիմ կավելանա: Այս աճը հենց այնպես չի լինում: Բացի այն, որ ֆուտբոլը ամենասիրված մարզաձեւն է, կազմկոմիտեն էլ անում է ամեն բան, որպեսզի պահպանվեն արդար խաղի սկզբունքները եւ յուրաքանչյուր թիմ իր կարողությունները լրիվ ցուցադրելու հնարավորություն ունենա: Այդ նպատակով մասնակից թիմերը վիճակահանությամբ կբաժանվեն երկու խմբի, յուրաքանչյուրում` 8 կամ 9 թիմ, որպեսզի յուրաքանչյուր թիմ նախնական փուլում առավելագույն քանակով հանդիպում անցկացնելու հնարավորություն ունենա, որպեսզի բացառվի պատահականության գործոնը, ինչը հաճախ ճակատագրական դեր է խաղում սպորտում: Նախնական փուլի արդյունքով յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը կանցնեն հաջորդ փուլ եւ այնտեղ արդեն օլիմպիական մրցակարգով կորոշվեն եզրափակչի մասնակիցները: Իսկ անհաջողության մատնվածները կպայքարեն 3-րդ տեղի համար:

– Խաղադաշտեր, մրցավարություն, համապատասխան գույք: Այդ խնդիրներն ինչպե՞ս են լուծվում:

– Այդ հոգսերն իր ուսերին է վերցնում մրցաշարի մշտական աջակից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

– Նախորդ մրցաշարերում որոշ թիմեր դժգոհում էին մրցավարության որակից:

– Բոլորս էլ լավ գիտենք, որ սովորաբար, պարտվողներն են բողոքում: Եվ միայն Հայաստանում չէ, որ այդպես է: Անգամ պրոֆեսիոնալ թիմերի հանդիպումներում են հաճախ պարտության մեղքը վերագրում մրցավարներին: «Վարչապետի գավաթի» նախորդ չորս խաղարկություններում մրցավարությունը սկսած նախնական փուլի առաջին հանդիպումներից մինչեւ մեդալների համար որոշիչ խաղեր, եղել է բարձր մակարդակի վրա: Բոլորս լավ գիտենք նաեւ, որ մրցավարությանը բանավոր մեղադրելու, սխալ գնահատական տալու իրավունք չկա: Եթե կա կոնկրետ դժգոհություն, ուրեմն պետք է կանոնադրության համապատասխան կետի պահանջով 24 ժամում գրավոր բողոք ներկայացվի կազմկոմիտե:

– Մրցաշարում ի՞նչ մրցանակներ կան սահմանված:

– Մրցանակային հիմնադրամը բավականին պատկառելի է` դրամական եւ գույքային: Հաղթողն ու մրցանակակիրները կստանան գավաթ եւ, համապատասխանաբար, 600, 400, 200 հազարական դրամական պարգեւ, իսկ եռյակը կազմած թիմերի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, մարզիչ եւ թիմի ղեկավարները (24-ական հոգի) կպարգեւատրվեն համապատասխան մեդալներով, ինչպես նաեւ մեկական լրակազմ մարզահագուստով: Ավանդույթի համաձայն, սահմանել են նաեւ հատուկ անվանակարգային մրցանակներ: Այդ թվում՝ մրցաշարը լավագույն ձեւով լուսաբանող լրատվամիջոցի համար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031