Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են կարգավորվում վարձերը կոնսերվատորիայում

Հոկտեմբեր 09,2013 13:10

Վերջերս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, թե ոչ մի լավ ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա բուհից: Նախարարի այս արտահայտությունը տարաբնույթ խոսակցությունների պատճառ դարձավ: Քանի որ մշակութային բուհերը տարբերվում են մյուսներից հենց թեկուզ այն «մասով», որ դիմորդների թվում հանդիպում են հանրապետական եւ նույնիսկ միջազգային մրցույթներում հաջողությունների հասած ուսանողներ, օրինակ, հետաքրքիր է, թե ինչպես է լուծվում նման դիմորդների վճարի հարցը: Այս եւ այլ հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով «Առավոտը» հանդիպեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ: 
Պարոն Շահինյանը նշեց, որ համակարծիք է լավ եւ վատ ուսանողներ տարբերակմանը, քանի որ հենց կոնսերվատորիան ինքն է շահագրգռված եղել լավ դիմորդներ ունենալ ու հաստատեց նախարարի այն միտքը, որ լավ ուսանողը բացառվում է՝ դուրս մնա բուհից: Ռեկտորը չբացառեց, որ 3-4 տարի առաջ հնարավոր էր, որ լավ ուսանողը հայտնվեր վճարովի համակարգում եւ վարձը չմուծելու դեպքում դուրս մնար բուհից, քանի որ կոնսերվատորիա ընդունվողների 35%-ն էր պետպատվերի շրջանակներում, իսկ 65-ը՝ վճարովի համակարգում: «Վերջին շրջանում մեր խնդրանքով եւ կառավարության օժանդակությամբ կտրուկ բարձրացել է պետպատվերի տեղերի քանակը: Շուրջ 3 տարի առաջ ամբողջ կոնսերվատորիային հատկացվում էր ընդամենը 45-46 անվճար տեղ, իսկ կոնկրետ այս տարի տրամադրվեց 90 տեղ, այսինքն՝ 100%-ով պատկերը փոխվեց: Ասվածից ելնելով՝ հայտարարում եմ, որ ոչ մի դիմորդ, նույնիսկ եթե նա միջին մասնագիտական ընդունակությունների տեր է, դուրս չի մնա կոնսերվատորիայից, այլ կընդգրկվի պետպատվերի համակարգում: Այս տարի 65%-ն է ընդունվել պետպատվերի շրջանակներում, 35-ը՝ վճարովի»,- ասաց պարոն Շահինյանը: Մանրամասնելով էլ հայտնեց, թե, օրինակ, պետպատվերի շրջանակներում կոնսերվատորիա դիմած ապագա խմբավարները, կոմպոզիտորները, երաժշտագետները եւ փողային գործիքների երաժիշտները ընդունվել են պետպատվերի շրջանակում: Դաշնակահարների մոտ տոկոսային տեսքով դա կազմում է 70, լարային գործիքներինը՝ 90%: «Այսինքն, 2013-14 ուստարում կոնսերվատորիա ընդունվեց պետպատվերի շրջանակներում այնքան դիմորդ, որ նման թվաքանակի չենք հանդիպել խորհրդային շրջանում: Նշեմ նաեւ, որ խորհրդային տարիներին, երբ ընդունելության շեմը չէին հաղթահարում, դուրս էին մնում, իսկ հիմա չհաղթահարելու դեպքում, դիմորդի ցանկությամբ, ընդգրկվում են վճարովի համակարգում»,- փաստեց ռեկտորը:
Երեւանի կոնսերվատորիան վերջին տարիների համագործակցության համաձայնագրեր է ստորագրել ԱՊՀ եւ եվրոպական որոշ կոնսերվատորիաների հետ: Հետաքրքրվեցինք, թե նրանց դեպքում ինչպե՞ս է կարգավորվում վարձավճարի հարցը: Մեր զրուցակիցը նախ ասաց, որ վերջերս Բելառուսում հրավիրված ԱՊՀ երկրների կոնսերվատորիաների ռեկտորների խորհրդի նիստի ժամանակ մեր կոնսերվատորիան Մինսկի կոնսերվատորիայի հետ ստորագրել է համագործակցության պայմանագիր, իսկ անդրադառնալով հարցին էլ՝ պատասխանեց. «Օրինակ, Մինսկի կոնսերվատորիայի դեպքում վարձավճարը, մերի հետ համեմատ, բավական բարձր է՝ $3000, իսկ արտասահմանցի ուսանողների համար՝ $5000, մինչդեռ մեզ մոտ առաջին կուրսեցիների վճարը 700.000-800.000 դրամ է, իսկ բարձր կուրսեցիները վճարում են 600.000: Էլ չասենք, որ Մոսկվայի կոնսերվատորիայում ուսման վճարը շատ ավելի բարձր է»:
Զրույցի ընթացքում Շահեն Շահինյանը տեղեկացրեց, որ անցած շաբաթվա ընթացքում կոնսերվատորիան փորձագետներ է ընդունել Եվրոպայից, որոնք մեր Որակի ապահովման կենտրոնի կոլեգաների հետ ուսումնասիրություններ են անցկացրել, այսինքն՝ սկսվել է եվրոպական չափանիշներով հավատարմագրման գործընթաց: «Եթե մենք կարողանանք հաղթահարել հավատարմագրման շեմը, ապա մոտ ժամանակներում Եվրոպան կճանաչի Երեւանի կոնսերվատորիայի դիպլոմը»,- հայտնեց պարոն Շահինյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031