Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ, թե դուք ի՞նչ տիպի կոմունիստ եք, բայց ձեզ բոլորիդ էլ պետք է ցրել»

Հոկտեմբեր 09,2013 12:54

Այսօր «Դեբատ» ակումբում խոսելով Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին՝ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը կարծիք հայտնեց, որ երեք գործընթացներ կան, որոնք Հայաստանի ներքին կյանքի հիմնական բովանդակությունն են կազմում:

Ըստ նրա, ցավալիորեն, մեր երկրի ներքին կյանքը արտաքին ազդակների տակ է ձեւավորվում, որոնք բացասական են:

Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հայաստանում այժմ ընթանում է մի գործընթաց, որը կոչվում է «ունիվերսալ մարդու ձեւավորում»: «Եթե դա լիներ կենդանական աշխարհում, ես դա կներկայացնեի այսպես`շանը, խոզին, կովին եւ այլն, խաչասերում են, ստեղծելով մի տեսակ, որը երբ պետք է՝ կաթ է տալիս, երբ պետք է՝ այլ բան է անում: Դա մարդկության ոչնչացումն է, բայց աշխարհակալ ուժերին այդպես կառավարելը հեշտ է»,- ասաց Մանուչարյանը:

Երկրորդ ուղղությունն այն է, որ մենք վերջին ամիսների ընթացքում ականատեսն ենք մեր երկրում եվրոպական եւ ռուսական ներկայացող ուժերի միջեւ հակամարտության: Աշխարհում հիմնական խաղացողներ Մանուչարյանը համարում է Եվրոպային եւ ՌԴ-ին ու իր համոզմամբ՝ դրանց միասնությունն ու երկխոսությունն է, որ կշտկեր իրադրությունն աշխարհում. «Ամեն կերպ նրանց միջեւ բախում են հրահրում, մենք էլ կեսս անդամագրվել ենք մի կողմին, մյուս կեսը`մյուս կողմին ու նպաստում ենք այդ բախումներին»:

Միակ դրական բանը, որ նկատում է բանախոսն՝ այն է, թե կան ուժեր, որոնք փորձում են հայաստանյան դիրքերից հանդես գալ: Այդ համատեքստում հատկապես կարեւորում է ազատամարտիկների շրջանում տեղի ունեցող գործընթացները, որոնք փորձում են ի մի բերել Հայաստանը`դառնալով եվրոպական եւ ռուսական շահերի համատեղման հարթակ:

Լրագրողներից մեկի հարցին`ազատամարտիկների շրջանում կարծես հաջողություն չեղավ. կհասնե՞ն արդյունքի, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Ազատամարտիկները սկսեցին լոկալ բանով, բայց հիմա հրավիրելով մտավորականությանը, երիտասարդությանը… ազատամարտիկը հատուկ մարդ է, ինչքան էլ անգրագետ է, բայց կյանքի փորձ ունի ու անկոտրում մարդ է: Ու եթե ինչ-ինչ պատճառով այդ կետը սկսում է աշխատել, մենք այլ որակի բան ենք ունենում: Դա կարծես թե սկսում է աշխատել, դրա համար էլ այլ մարդիկ սկսեցին արձագանքել նրանց հրավերներին»:

Մանուչարյանը կարծում է, որ ազատամարտիկների շարժումը կարող է դառնալ «Ավե Մարիա»-ի կատարումը`հայկական տարբերակով: Նրա համոզմամբ մտավորականության մի մեծ հատված ունենք, որը մաս է կազմել այս կյանքին, ունիվերսալության համակարգին, ուստի շատ դանդաղ է ընթանում գործընթացը: Բայց, ամեն ինչ դեռ ավարտված չի համարում:

Քաղաքական ամբողջ դաշտը, այդ թվում նաեւ ընդդիմադիր, ըստ բանախոսի՝ մտել է աշխարհակալ ուժերի գործարքային դաշտի մեջ: Բայց այդ աշխարհակալ ուժերի նկրտումներում նա հեռանկար չի տեսնում ու կարծում է, որ նրանք պետք է հրաժարվեն իրենց գործելակերպից, քանի որ արդեն երկրներ են ընդվզում դրանց դեմ: Հստակեցնող հարցին`հատկապես ո՞ր աշխարհակալ ուժերին են ծառայում մեր ընդդիմադիրները, Մանուչարյանը պատասխանեց, որ հայաստանյան ընդդիմությունը բոլոր աշխարհակալ ուժերի հետ է համագործակում:

Այս համատեքստում նա մի հումոր պատմեց, որ ԱՄՆ-ում ոստիկանությունը կոմունիստների ցույցն է ցրում եւ երբ մի ոստիկան ցանկանում է մահակով խփել մի ցուցարարի, վերջինս բղավում է, որ ինքը կոմունիստ չէ, հակակոմունիստ է: Ոստիկանը պատասխանում է. «Ես չգիտեմ, թե դուք ի՞նչ տիպի կոմունիստ եք, բայց ձեզ բոլորիդ էլ պետք է ցրել»:

Aravot.am-ի հարցին`անհանգստացնող չէ՞, որ իշխանությունը հավուր պատշաճի չի արձագանքում ազատամարտիկների բողոքին, Աշոտ Մանուչարյանն ասաց. «Իշխանությունը շատ ուշադիր հետեւում է, որոշակի կոնտակտների մեջ է, պաշտոնապես Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման մասին հայտարարվեց, հանդիպել են Սերժ Սարգսյանի օգնականներին: Տեսնում եմ իշխանության զգուշությունը`ազատամարտիկների ելույթների չեզոքացման առումով, դրանք ներկայացնելով իբրեւ սոցիալական խնդիրներ: Բայց նրանցից շատ սուր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ այս պահին հրաժարվեցին սոցիալական խնդիրների վրա շեշտ դնելուց, քանի որ իրենք միակը չեն այդ վիճակում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031