Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հսկա տունը քանդեցինք, հիմա փոքրիկ խրճիթ ենք փորձում կառուցել

Հոկտեմբեր 09,2013 12:38

ԵՄ Ասոցացման համաձայնագիրը թույլ է տալիս միանալ ազատ առեւտրի գոտիներին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ ԱԳ նախարարը կրկնել է վերջին շաբաթների պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ ՀՀ-ն ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների եւ առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ «Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը»,- ասել է նա։ Նալբանդյանի խոսքերով`լուրջ ներուժ կա ոլորտային համագործակցության բնագավառում, որը ներառում է տասնյակ ուղղություններ։ Նա մատնանշել է անցյալ դեկտեմբերին ստորագրված ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ Շրջանակային համաձայնագրի արձանագրությունը, որով ՀՀ-ին հնարավորություն է ընձեռվում մասնակցություն ունենալ ԵՄ տարբեր ծրագրերում: Էշթոնն իր հերթին նկատել է, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ որոշման հետ։

Մինչ այս հանդիպումը Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը «Ազատությու»ե ռ/կ-ի ճշտող հարցին, թե Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ՝ հատկապես ի՞նչ հարցեր են քննարկելու Էշթոնն ու Նալբանդյանը, պատասխանել էր. «Դուք գիտեք, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը, բայց մենք լավ տեղյակ ենք Հայաստանի վերջին որոշմանը, եւ սա երկու կողմերի համար էլ ընդառաջ քայլ է: Նկատի ունեմ՝ Հայաստանը եւ ԵՄ-ն քննարկելու հարցեր ունեն, եւ սա լավ հնարավորություն է»: Հարցին էլ՝ հնարավո՞ր է արդյոք, որ Վիլնյուսում որեւէ տեսակի փաստաթուղթ ստորագրվի, Կոչիյանչիչը նշել էր. «ԵՄ-ն շարունակելու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն սա, իհարկե, հնարավոր է միայն այն ոլորտներում, որոնք համատեղելի են վերջերս Երեւանի կողմից հայտարարված Մաքսային միության անդամակցության հետ»:

Մինչ Նալբանդյանը մեկնում էր Բրյուսել, այս օրերին Ուկրաինայի վարչապետի մակարդակով հնչեց մի բացահայտում, որը թերեւս Հայաստանի իշխանությունների եւ հատկապես ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ինքնիշխանության կորուստ համարողների համար ուսանելի կարող է լինել:

Այսպես. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում երկու օր առաջ ընդունել է Ուկրաինայի վարչապետ Նիլոլայ Ազարովին։ Վերջինս շնորհակալություն հայտնելով Բելառուսի ղեկավարներին ԵՄ Ասոցացման պայմանագիր կնքելու վերաբերյալ Ուկրաինայի որոշումը զուսպ եւ հավասարակշռված ընդունելու համար՝ ուշագրավ միտք էր արտահայտել. «Իհարկե, Ուկրաինան հենց այնպես չէ իր առջեւ դնում ԵՄ-ի եւ Մաքսային միության երկրների հետ լինելու նպատակը։ Ուկրաինան դատապարտված է այդ համագործակցությանը։ Չէ՞ որ մենք հարեւաններ ենք, մենք սահմաններ ունենք Բելառուսի, ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ»։ Իսկ Մինսկ մեկնելուց առաջ Ազարովը, պատասխանելով «Սովետսկայա Բելառուս» թերթի հարցերին, պնդել էր, որ ստորագրելով Ասոցացման պայմանագիրը` Ուկրաինան ինքնիշխանությունից եւ սեփական որոշումներն ընդունելու իրավունքից չի զրկվի, ու այսպիսի բացահայտում է արել. «Պայմանագրում կա հատուկ հոդված, եւ Եվրամիությունը դա պաշտոնապես հաստատել է, որը մեզ թույլ է տալիս միանալ ազատ առեւտրի գոտիներին, պայմանագրեր կնքել մաքսային միությունների հետ։ Դա մեր ինքնիշխան իրավունքն է»։

Հետաքրքիր է՝ ՀՀ իշխանությունների եւ, մասնավորապես, Հայաստանի ԱԳՆ-ն ԵՄ Ասոցացման համաձայնագրի այս հոդվածի գոյության մասին մոռացե՞լ էին… Մի՞թե հնարավոր չէր հենց վերոնշյալ հոդվածի վրա հիմնվելով՝ Վիլնյուսի գագաթնաժողովում ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, իսկ ՄՄ-ի հարաբերությունները կառուցել վերոնշյալ հոդվածի տրամաբանությունից ելնելով:

Այժմ եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումներն ու պաշտոնական Երեւանի կողմից հավաստիացումն այն մասին, թե՝ «Հայաստանը պատրաստ է…», իհարկե, կարեւոր են որպես դիվանագիտական ուղերձ պաշտոնական Երեւանի կողմից, սակայն տպավորությունն այնպիսին է, կարծես եղածը՝ ավազե հսկա տունը, մեր իսկ ձեռքով, մեկ հարվածով քանդել ենք, այժմ փորձում ենք գոնե մի փոքրիկ խրճիթ կառուցել՝ այն դեպքում, երբ այն հսկա տունը քանդելու կարիք էլ չկար, կարելի էր Մաքսային միության հետ համագործակցությունը (եթե այդ կառույցը, իհարկե, իր կենսունակությունը ժամանակի ընթացքում ապացուցելու էր) շարունակել՝ ամենեւին էլ ոչ ի հաշիվ ԵՄ Ասոցացման համաձայնագրի:

Եվ ընդհանրապես՝ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ իշխանությունները պարզապես գլուխներն ազատեցին Մոսկվայի կողմից հնարավոր ճնշումներից: Իսկ որ այդ ճնշումները շարունակվում են ավելի մեծ թափով՝ գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկանում ենք օտարերկրյա ԶԼՄ-ներից: ՌԴ սանիտարական ծառայությունն օրերս դադարեցրեց կաթնամթերքի ներմուծումը Լիտվայից՝ որակի հանդեպ հավակնությունների պատճառով՝ հայտարարել էր պետության գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Իսկ երեկ էլ Օնիշչենկոն հայտարարեց, թե ՌԴ սանիտարական ծառայությունը թույլ չի տա ռուսական շուկայում վրացական ալկոհոլի 28 նմուշի վաճառքը: Նրա խոսքերով՝ նմուշների անալիզի արդյունքում կազմվել է 28 փորձագիտական եզրակացություն, որոնց համաձայն՝ ներկայացված նմուշները չեն համապատասխանում ռուսական կողմի պահանջներին։

Ռուսական զինանոցում «մեղադրանքները» նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ առեւտրային հարցերում, ինչպես միշտ, նույնն են՝ նույնիսկ ֆանտազիա չկա…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ախր, պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը միայն իր և իր անգրագետ-քրեական օլիգարխների իշխանությունը պահապանելու համար է սեպտեմբերի 3-ի իր հայտարարությունը արել: Դա երևում է ինչպես սպիտակ կարկատանը սև վերարկուի վրա:
    Իսկ հիմա իրենց ինչ-որ բանի տեղ դնող տարբեր կոստյում հագած և փողկապ կապած իբրև լուրջ մարդ ներկայացող ոչնչությունների ոհմակը մուրացկանի պես եւրոպայից մուրում է գոնե ինչ-որ թուղթ ստորագրել: Թե ինչի՞ համար, ո՞վ է դրանց խնդրել, դրանց ինչի՞ն է պետք այդ թուղթը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031