Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ նախորդ օրը Աբովյան քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակել նաև քավոր Հարութի անչափահաս որդուն` Գևորգին:
Հիշեցենք, որ քավոր Հարութը`Հարություն Խաչատրյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր երեխաների կնքահայրն է: Ապրիլի 23-ին նրա տան դիմաց հնչեցին կրակոցներ, որի հետևանքով քավորը ծանր մարմնական վնասվածքներ ստացավ, Մարտուն Գրիգորյանի հորեղբոր թիկնապահն` 36-ամյա Շեկոն էլ սպանվեց, իսկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը, ձերբակալվեց` մեղադրվելով մարդասպանության մեջ:
Քավոր Հարութի անչափահաս որդին ձերբակալվել էր ապօրինի զենք կրելու համար: «Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել, դեպքից անմիջապես հետո, նա հայտնվել է դեպքի վայրում`փամփշտակալով և փամփուշտներով AK 74 տեսակի ինքնաձիգով», -գրված էր քրեական գործում:
Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրու Շիրակացի փողոցում գտվող «Ցածր գներ» խանութի տեսախցիկն արձանագրել էր, որ այս երիտասարդը, լսելով իր հոր վրա կրակելու մասին՝ մայկայով դուրս էր վազել տնից` իր հետ վերցնելով տանը գտնվող ինքնաձիգը:
Կարդացեք նաև
Ինչևէ, հիշեցնենք, որ Գյումրու Շիրակացի փողոցում օրը ցերեկով տեղի ունեցած արյունալի մենամարտը վարդանականների ու մարտունականների միջև ծավալվել էր քավոր Հարութի որդու պատճառով, ով նախագահական ընտրություններից առաջ մետաղաձողով կոտրել էր Վարդան Ղուկասյանի ավագ եղբորորդու` Կոլյայի գլուխը: Կոլյան բնականաբար ցուցմունք չէր տվել` մինչև վերջ պնդելով, որ իր գլխին սառցակտոր է ընկել, սակայն փոխարենը Ղուկասյանների տղաները հաշվեհարդար էին տեսել այլ ձևով, որն ավարտվեց մարդասպանությամբ ու Վահե Ղուկասյանի ձերբակալմամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ