Նախօրեին Սերժ Սարգսյանն «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակներում Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել։ Եթե պայմանականությունները մի կողմ թողնենք, այս ամենի իմաստը հետեւյալն է. իբր պատերազմ է սկսվել, եւ պետք է պարզել, թե ինչպես պիտի աշխատեն բարձրաստիճան պետական պաշտոնյաներն այդ իրավիճակում։
Երեկ էլ կառավարությունն արտահերթ նիստի էր, ու բոլորը զինվորական համազգեստներով էին՝ կամուֆլյաժներով։ Մի խոսքով, տղերքը որոշել են կռիվ-կռիվ խաղալ։
Այն, որ այս ամենն իր մեջ թամաշայի տարրեր է պարունակում, ակնհայտ է։ Սկսենք հենց թեկուզ կառավարության անդամներին կամուֆլյաժներ հագցնելուց։ Համազգեստի այդ տեսակը, հիշեցնենք, նրա համար է, որ զինվորականը կարողանա քողարկվել եւ տեսանելի չլինի թշնամու համար։ Իսկ ռազմական գործողությունների ժամանակ, համաձայնվեք, հազիվ թե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ թշնամու զորքերը մտնեն Երեւան, գրավեն կառավարության շենքը, ներխուժեն նիստերի դահլիճ ու կառավարության անդամներին չնկատեն, որովհետեւ նրանք կամուֆլյաժներով են։
Բայց սա թամաշայի միայն արտաքին կողմն է։ Ինչ վերաբերում է բուն բովանդակությանը, ապա հիմնականն այն է, թե ինչ առաջարկներ պիտի ներկայացնեն նախարարները պատերազմական իրավիճակում, եւ ինչ որոշումներ պիտի ընդունի կառավարությունը։ Բայց այստեղ էլ պիտի որ ամեն ինչ վաղուց պարզ լինի։ Վերջին հաշվով՝ Հայաստանն արդեն 19 տարի է, ինչ գտնվում է մի իրավիճակում, երբ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, այսինքն՝ համապատասխան «արագ արձագանքի» պլանը պիտի որ վաղուց մշակված լինի՝ ինչպես է երկրում ռազմական դրություն հայտարարվում, ինչպես է կազմակերպվում պահեստազորի մոբիլիզացիան, ինչպես է ուժեղացված հսկողություն սահմանվում ռազմավարական օբյեկտների նկատմամբ, եւ այդպես շարունակ։
Կարդացեք նաև
Ուրեմն ո՞րն է «կռիվ-կռիվ» խաղալու նպատակը, ինչի՞ համար է էժանագին այս թամաշան։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում