ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում։ Մեր ունեցած տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։
ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը։ Սույն տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
«ՀԺ» թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ առաջարկվել է իջեցնել 10 տարվա շեմը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Եվ ոչ միայն 10 տարվա շեմը (…)»:
Սույն առաջարկը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ուղարկել անձամբ Վիգեն Սարգսյանը։
Կարդացեք նաև
Ի՞նչ նպատակով է արվում սույն փոփոխությունը եւ ո՞ւմ համար։ Մոտ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Արմեն Սարգսյանը, փաստորեն, երրորդ անգամ նշանակվեց նույն պաշտոնում։ Ինչպես հայտնի է, նա վաղուց Հայաստանում չի բնակվում։ Միջազգային կոնվենցիաների համաձայն, սակայն, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք։ Այսինքն, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք եւ հետեւաբար, դեսպանն էլ՝ այդ տարածքի, այսինքն, ՀՀ բնակիչ։ Արդյո՞ք Արմեն Սարգսյանի համար է իջեցվում 10 տարվա շեմը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում