Կառավարության զորավարժությունները հոկտեմբերի 8-ին բավական զվարճացրին հասարակությանը: Զվարճալի էր տեսնել, թե ինչպես են կամուֆլյաժներով «կռիվ-կռիվ» խաղում մարդիկ, որոնք իրականում այդ ամենից հեռու են ավելի, քան ասենք` արևը երկրից: Սակայն այս զվարճանքի տակ իրականում առկա են բավական լուրջ երևույթներ, որոնք արժե դիտարկել:
Նայելով կառավարության անդամների, այսպես ասած, հերոսական լուսանկարներին` բավական պարզ երևում է, որ այդ մարդիկ կամուֆլյաժներով ցուցադրվում են չափազանց ինքնագոհ և ինքնաբավարարված, ասես հայրենիքին մեծ ու անգնահատելի ծառայություն են մատուցել: Իրականում պարզ է, որ այս ամենը թատրոն է: Թատրոն է այն պարզ պատճառով, որ երբ պատերազմ լինի՝ Աստված մի արասցե, կառավարության անդամներից կռվել չէ, որ պահանջվելու է, այլ պահանջվելու է օպերատիվ ու արդարացի կառավարում, գերարդարացի կառավարում, որովհետև պատերազմը այն պղտոր ջուրն է, որում ձուկ են որսում շատ-շատերը: Սրա լավագույն օրինակը ղարաբաղյան առաջին պատերազմն էր: Այդ պատերազմում Հայաստանը տվեց բազմաթիվ հերոսներ, այդ թվում` նաև իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած, և ստացավ ոչ պակաս և բազմապատիկ ավելի սրիկաներ, որոնք հայրենիքը ծառայեցրին իրենց կյանքին:
Եթե այդ տարիներին լիներ օպերատիվ արդյունավետ և արդարացի կառավարում, ապա պատերազմը որպես պղտոր ջուր օգտագործող շատ ավելի քիչ ձկներ կլինեին, և շատ բան այլ կերպ կլիներ, քան եղավ: Ինչպես ասում են, հաղթողներին չեն դատում, սակայն այդուհանդերձ հաղթանակը լիովին այլ գին կունենար, եթե այսպես ասած` թիկունքում կառավարումը լիներ արդյունավետ:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում