Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի դատական գործի քննությունը

Հոկտեմբեր 08,2013 23:59

Հոկտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի դատական գործի քննությունը: Դատարանում ելույթ ունեցան վկաներ Ռուդոլֆ Գաբրիելյանը, Սամվել Քոչինյանը և Էդուարդ Ասատրյանը և տուժող Ռոբերտ Ավետյանը:

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը և Արսեն Ավետյանը ձերբակալվել են 2013 թվականի մայիսի 18-ին և կասկածվում են Արսեն Ավետյանի հորը՝ Ռուբեն Ավետյանին թունավորելու փորձ կատարելու մեջ:

Էդուարդ Ասատրյանը, ով ունի հոգեկան խանգարումներ, հաշվառված է Ավանի հոգեբուժական հիվանդանոցում և մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ըստ Էդուարդ Ասատրյանի վկայության մեղադրյալ տաքսու վարորդ Վարուժան Սաֆտալյանը ընդամենը երկու անգամ տեղափոխել է իրեն: Վարուժան Սաֆտալյանը, իմանալով, որ Էդուարդ Ասատրյանը ընդունում է քնաբեր դեղեր, անվճար երթևեկության դիմաց առաջարկել է տալ այդ հաբերը: Վերջինս էլ համաձայնվել է և տվել է նրան «Ազալեպտին» տեսակի 3 հոգեմետ հաբ: Էդուարդ Ասատրյանը նշեց, որ ինքը ընդունում է «Ազալեպտինի» հաբի միայն ¼ մասը, իսկ իր բժշկի պնդմամբ նույնիսկ մեկ հաբը կարող է կանգնեցնել սրտի աշխատանքը: Իսկ իրեն հաբերը թուլացնում են և բացում են ախորժակը: Վկան շեշտեց, որ դեղերը հին են եղել. «Ստացել եմ անցած տարի հունվարին կամ փետրվարին: Այդ ժամանակ ես արդեն չէի խմում, այդ պատճառով համաձայնեցի տալ նրան: Հաբերն էլ գրպանումս փշրվել էին»: Արսեն Ավետյանի պաշտպան  Գևորգ Մելքոնյանը հայտարարեց, որ հակասություններ կան վկայի նախաքննական և դատարանում տված ցուցմունքների միջև:

Տուժող Ռոբերտ Ավետյանը՝ մեղադրյալ Արսեն Ավետյանի հայրը, դատական գործի քննության ընթացքում հայտարարեց, որ իր կարծիքով մեղադրյալ Արսեն Ավետյանը սխալ է ապրում և աշխատում, սխալ է վերաբերվում ինքն իրեն: Եվ այդ պատճառով նա որոշել է պատժել որդուն՝ բնակարանի գրանցումից հանելով և՛ որդուն, և՛ թոռանը. «Ես ուզում էի Արսենին դաստիարակել, բայց պետությունը իր վրա վերցրեց այդ գործը»: Ռոբերտ Ավետյանը նշեց, չնայած որ բնակարանի գրանցումից հանել է որդուն և թոռանը, նրանց տվել է տան երրորդ հարկը, որը վերանորոգման կարիք ունի:

Դատական գործի քննության ընթացքում տուժողը հայտարարեց, որ համարում է ամբաստանյալ Արսեն Ավետյանին և Արկադի Վարդանյանին խաղամոլ, քանի որ հետևում են ֆուտբոլային խաղերին և հաճախ հեռախոսազրույցներ են ունեցել այդ թեմայով:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031