Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղական համայնքում դեկտեմբերի 8-ին կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու հերթական ընտրություններ:
Ճակատենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրունի Հարությունյանը, ով համայնքը ղեկավարում է 2010թ-ից, մեզ փոխանցեց, որ մտադիր է հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար, քանի որ դեռ կիսատ թողնված նպատակներ ու անելիքներ ունի: Նրա խոսքով՝ մինչեւ օրս խոստացած կարեւոր գործերի մի մասն իրականացրել է, իսկ մյուս մասը դեռ ընթացքի մեջ է: Գյուղի առավել մտահոգիչ խնդիրը համարում է խմելու եւ ոռոգման ջրի լուծման հարցը, որը բազմիցս է բարձրացրել:
«Խմելու եւ ոռոգման ջրի հարցը լուրջ է գյուղում: էդ հարցը մինչեւ նախագահ բարձրացրել եմ, տեղյակ էր նաեւ նախկին մարզպետը: 4 կմ հեռավորությունից խմելու ջուրը պետք է խողովակներով բերվի գյուղ, իսկ ոռոգման ջուրը՝ 8 կմ-ից: Որոշ ընտանիքներ են ապահովված նորմալ ջրամատակարարմամբ, իսկ հիմնական գյուղը չունի: Ջրատար խողովակների նոր ցանցի անցկացման դեպքում գյուղն ամբողջությամբ կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Միայն դա չի նպատակս, նպատակներ շատ կան, եթե բախտ վիճակվի կանեմ, եթե չէ՝ Աստված իրենց հետ, թողնում եմ բնակիչների հայեցողությանը», -ասաց Ճակատենի գյուղապետը, ով իր ընտրվելու շանսերը գնահատում է մոտ 45-50 տոկոսի չափով:
Գյուղապետն այս պահին տեղյակ չէ այլ թեկնածուների գոյության մասին, իսկ առաջադրումները կսկսվեն նոյեմբերի սկզբներից: Ճակատենում կա մոտ 160 բնակիչ, որից միայն 114-ն ունի ընտրելու իրավունք, իսկ ընտրություններին հիմնականում մասնակցում է 100-ը, քանի որ մյուս ընտրողները մոսկվայաբնակ եւ երեւանաբնակ են:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ