Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ վերսկսվեց «Հարսնաքարի գործով» դատաքննությունը:
Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար պահանջել էր տասներեք տարվա ազատազրկում, եւ հաստատել էր մեղադրանքը, այն, որ նրանք «միասնական դիտավորությամբ», խմբով բռնարարքների են ենթարկել ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա չորս ընկերներին անցյալ տարվա հուլիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:Բռնարարքների հետեւանքով Վահե Ավետյանը մահացել է, իսկ չորս տուժողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նախաքննության փուլում չէր հաջողվել ամբաստանյալների յուրաքանչյուրի գործողությունները «բացել», տուժողներն էլ ասում էին, թե բոլորն էլ հավասարապես հարվածել են իրենց, որ իրենք ուշագնաց են եղել, որ երբ գիտակցության են եկել, դեպքի վայրում` ռեստորանի ավտոկայանատեղիում իրենք են եղել՝ վնասվածքներ ստացած:
Այսօր ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանն ու Արթուր Բաբլոյանը ցանկություն հայտնեցին ցուցմունք տալ:
Կարդացեք նաև
Նորայր Հայրապետյանն ասաց, թե ինքն է բռունցքով Վահե Ավետյանին հարվածներ հասցրել, կռիվը եղել է իր ու նրա միջեւ, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասաց, թե ինքը հարվածել է Արտակ Բայադյանին, իսկ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն էլ ասաց, թե իր կռիվն էլ եղել է Գարիկ Սողոմոնյանի հետ:
Այսինքն, մի խոստովանություն, որ ամբաստանյալներն արեցին դատարանում, դեպքից տարիուկես հետո:Գարիկ Մարգարյանը նախագահողի հարցին էլ, թե ընդունո՞ւմ է մեղքը, պատասխանեց, որ ընդունում է, որ ծեծել է Արտակ Բայադյանին:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն ասաց, որ չի ուզում, որպեսզի անմեղ մարդիկ դատապարտվեն, զղջալու պատրանք ստեղծեց, նաեւ պատրանք, որ հանցագործության բացահայտմանն է միտված իր ցուցմունք տալը:Նա, ինչպես ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը, ասաց, թե կռվի վայրում ամբաստանյալներ` Արմաններ Խաչատրյանին եւ Բաղդասարյանին չի տեսել: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասաց. «Մենք պատասխանատու ենք մեր արածների համար»:
Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասաց, որ տեսել է հաճախորդների եւ մատուցող Դավիթ Ադամյանի միջեւ «խոսակցություն» է, մոտեցել է տուժողներից Արկադի Աղաջանյանին, որը հեռախոսով խոսում էր, եւ ասում էր, թե երկրապահից է: Որպեսզի մարդիկ չհավաքվեն, ըստ Գարիկ Մարգարյանի, իրենք գնացել են ավտոկայանատեղի: Այնտեղ էր Էդգարը, որը ասել է, թե Արզնու ձորում են եղել, տղաներին կտանի: Գարիկն ասաց, որ ինքը հարվածել է Արտակին, որի ուշքը չի գնացել, քանի որ ըստ նրա ուշագնաց մարդը չէր կարող հայհոյել: Ըստ նրա Արտակը հարվածից հետո ընկել էր գետին, հարբած էր, եւ շարունակել է հայհոյել:
Եթե Նորայր Հայրապետյանն ասաց, թե կռիվը տեւել է մինչեւ երեսունհինգ վայրկյան, ապա այս ամբաստանյալն ասաց, թե այն տեւել է քսանհինգ վայրկյան. «Թող ճոխացրած բաներ չպատմեն, սա է եղել պատմությունը»:
Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասաց, որ տուժողներ Էդգար Նիկոյանին եւ Արկադի Աղաջանյանին մատով կպնող չի եղել: Ամբաստանյալը տեսել էր նաեւ Վահե Ավետյանին, դեմքը բռնած, կռացած էր, քթից արյուն էր գալիս: Ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանն ու Նորայր Հայրապետյանը հրաժարվեց պատասխանել տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցերին, իսկ Արթուր Բաբլոյանի հարցաքննությունն էլ չավարտվեց: Արթուր Բաբլոյանն ասաց, որ առաքիչ-վարորդն է եղել, եւ դեպքի օրը գնացել է տնօրենի աշխատասենյակ, որպեսզի խնդրի, երեխայի ծննդյան օրվա կապակցությամբ շուտ գնա տուն: Տնօրեն Զոհրաբյանն այնտեղ չի եղել, իսկ ինքը հեռախոսով չի ուզել նման խնդրանքով դիմել տնօրենին:
Իջել է սրահ, սուրճ է խմել, հետո դուրս եկել:Ըստ ամբաստանյալի, տեսել է Նորայրին, մի տղայի հետ կանգնած, Գարիկ Մարգարյանին երկու տղաների հետ, բայց գնալով ըստ նրա, ձայները բարձրանում էին: Հետո տեսել է երրորդ անձի, որը հայհոյելով գնում էր՝ Վահեն էր: «Գարիկենց մոտ կռիվ սկսավ: Չհասկացա, ինչ եղավ: Նորոն ապտակեց Գարիկին` Սողոմոնյան: Նորոյի եւ Գարիկ Սողոմոնյանի արանքը մտա: Ես էլ եմ խփել: Վնասվածք ստացա: Զգացի, որ հարբած էր, ինքը պպզավ… ասաց, ձեր հալը կտենաք: Նորոյին մոտեցավ Արման Բաղդասարյանը, հարցրեց, ինչ կա, Նորոն ջղայնացավ, ասաց` թողեք, գնացեք, ու մտավ ներս»,-պատմում էր ամբաստանյալը:
Վիճաբանության պատճառի մասին այս ամբաստանյալն ասաց, թե իմացել է դատարանում, ընկերների ցուցմունքներից: Այն հարցին, թե Գարիկ Սողոմոնյանի դեմքից արյուն գալիս էր, երբ Հայրապետյանը հարվածեց նրան, ամբաստանյալն ասաց, որ ոչ, բայց նշեց, թե նա դեմքը բռնել էր:
Ամբաստանյալների հարցաքննությունից հետո, հավանաբար, մեղադրողը հանդես գա կրկին մեղադրական ճառով, հրաժարվի մեղադրանքից մի քանի ամբաստանյալների համար: Դա նաեւ նշանակում է, որ այսօրվա համար պատրաստված ճառից կհրաժարվի նաեւ տուժողների ներկայացուցիչը, եւ նոր ապացույցների հիման վրա նա էլ հանդես կգա նոր ճառով:Եթե, իհարկե, մի նոր անակնկալներ չմատուցի պաշտպանական կողմը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ