Երևանի քաղաքապետի տեղակալ Ալբերտ Գևորգյանն ու Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնցով «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության օրերին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Ըստ այդմ, հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչև 23:00-ն փակ կլինեն Էրեբունի թանգարանին հարակից հրապարակը և դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղությունները` Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունու, Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08:30-ից մինչև 23:00-ն փակ կլինի Երևանի փոքր կենտրոնը՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ. Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա – Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց- Տպագրիչների, Թումանյան-Հանրապետության, Արամի-Հանրապետության, Բուզանդ-Հանրապետության, «Այրարատ» կինոթատրոնի Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից Հանրապետության հրապարակ, Ագաթանգեղոս-Խորենացի, Գր. Լուսավորիչ-Իտալիայի, Գր. Լուսավորիչ – Բեյրութի, Գր. Լուսավորիչ-Զաքիյան, Հաղթանակի կամուրջ, Սարյան-Լեո, Սարյան- Ամիրյան, Սարյան-Արամի, Սարյան-Բուզանդ, Փարպեցի-Պուշկին, Փարպեցի-Թումանյան ճանապարհահատվածները:
Ժամը 08:30-ից մինչև 16:00-ն փակ կլինի Արգիշտիի փողոցի Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածը, Գր. Լուսավորչի փողոցի կողմից: Ժամը 12:00-16:00-ն փակ կլինեն նաև Կրկեսի խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ- Պարոնյան-Լեո խաչմերուկից դեպի Գրիգոր Լուսավորիչ ուղղությունները:
Արսեն Արշակյանն ու Ալբերտ Գևորգյանը հայցել են երևանցիների ներողամտությունը` տոնական օերին քաղաքի հատկապես կենտրոնական փողոցներում երթևեկության հնարավոր ժամանակավոր դժվարությունների հետ կապված: Տոնական օրերին քաղաքի կենտրոնական փողոցներ մուտք գործելու թույլտվություն կտրվի միայն հատուկ անցագիր ունեցող տրանսպորտային միջոցներին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն