Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սաֆտալյանի դատական գործի քննությունը: Դատարանում ելույթ ունեցան վկաներ Ռուդոլֆ Գաբրիելյանը, Սամվել Քոչինյանը եւ Էդուարդ Ասատրյանը:
Էդուարդ Ասատրյանը ուներ հոգեկան խախտումներ, հաշվառված էր Ավանի հոգեբուժական հիվանդանոցում եւ մշտապես գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ նա օգտագործում էր հոգեմետ դեղեր, որոնցից 3 հաբ նա տվել էր Վարուժան Սաֆտալյանին, առանց տեղեկացնելու, թե ինչ կլինի 3 հաբը միանգամից ընդունելու դեպքում: Նախաքննության համաձայն նրա միջոցով տաքսու վարորդ Վարուժան Սաֆթալյանը «ազալեպտին»տեսակի հոգեմետ դեղամիջոց է ձեռքբերել, որով ցանկացել են թունավորել Ռոբերտ Ավետյանին:
Սրտաբան Ռուդոլֆ Գաբրիելյանը նշեց, որ մեղադրյալ Արկադի Վարդանյանը զանգել է իրեն, հարցրել, թե ինչպիսի ազդեցություն կունենա դեղը, որի անունը չէր հիշում: Բայց քանի որ նա չէր շփվել այդ տեսակի դեղերի հետ, Գաբրիելյանը չի պատասխանել:
Ա. Վարդանյանը զանգել է նաեւ Սամվել Քոչինյանին՝ դեղերի ազդեցությունը ճշտելու նպատակով, սակայն թերապեւտ, ասեղնաբույժ Սամվել Քոչինյանը նույնպես չի իմացել:
Տուժող Ռոբերտ Ավետյանը, որի հարազատ որդին է մեղադրյալ Արսեն Ավետյանը, դատական նիստի ընթացքում նշեց, որ ժամանակին հասկանալով, որ Արսենը սխալ ձեւով է ապրում եւ ինքն իրեն վատ է վերաբերվում, փորձեց պատժել նրան եւ Արսենի որդուն՝ իր թոռանը, բնակարանի գրանցումից հանելով: Ավետյանը վերջին ընթացքում թշնամական վերաբերմունք տղայի կողմից չի նկատել եւ բնակարանից չի վռնդել: Նա տղայից երբեք չէր սպասի նման քայլ:
Գործի քննությունը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 11-ը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ