Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ եմ տեսնում, որ գրողների միության նախագահի ընտրության հարցը լինի շատերին հետաքրքրող». Է. Միլիտոնյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2013 17:56

«Քանի որ արտահերթ համագումար է եւ մեր օրակարգում գրողների միության նախագահի թափուր տեղի ընտրության հարցն է, ուստի մեկ օրակարգում քննարկվելու է այս մեկ հարցը: Բնականաբար մենք պետք է աշխատենք, որ համագումարը անցկացվի պարզ, թափանցիկ եւ արդար»,-այսօր այս մասին գրողների միության կլոր սրահում ասաց ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը` հավելելով, որ վերջին շրջանում գրողների միության համագումարի շուրջ մեծացել է հասարակության հետաքրքրությունը: «Ես առաջին անգամ եմ տեսնում, որ գրողների միության նախագահի ընտրության հարցը լինի շատերին հետաքրքրող եւ հուզող»,-ընգծեց Միլիտոնյանը` նշելով, որ ՀԳՄ-ի արտահերթ համագումարը կլինի հոկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 11-ին:

Վերջինիս փոխանցմամբ` այսօր գրողների ընդհանուր թիվը 525 է, որոնցից 386-ը Հայաստանի գրողներն են, 43-ը` Արցախի եւ 96-ը`սփյուռքի: Որպեսզի Հայաստանի և Հայաստանից դուրս գրողների մասնակցությունը ապահովվի համագումարին, ուստի որոշում է կայացվել, որ թեկնածուները պետք է հնարավորություն ունենան առաջադրվելու նաև «Գրական թերթում» ծրագրային դրույթներ հրապարակելով, որը կարող են կատարել մինչև հոկտեմբերի 16-ը: Այս ամենը սփյուռքում ապրող գրողներին հնարավորություն կտա ծանոթանալու ծրագրերին, թեկնածուների անուններին եւ մասնակցել համագումարին:

«Մենք կարծում ենք, որ ավելի հեշտ լինելու համար հարկ է նախապես այդ ամենը տպագրել, նախապես լինեն թեկնածուների անունները: Սա ավելի արդյունավետ կլինի թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար»,-նկատեց Միլիտոնյանը: Ըստ բանախոսի՝ ՀԳՄ նախագահի համար որեւէ չափորոշիչ չկա. միակ պայմանը գրողների միության անդամ լինելն է:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031