Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են վրացահայ հասարակական կազմակերպությունները բողոքում

Հոկտեմբեր 08,2013 17:46

Վրաստանի խորհրդարանը աշխատում է «Պետական լեզվի մասին» օրինագծի վրա: Ազգային փոքրամասնությունները, այդ թվում և ջավախահայությունը մտահոգված են: «Սամցխե Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը» այս առիթով դիմել է Վրաստանի կառավարությանը:

Թե ի՞նչ է կատարվում Վրաստանում, ինչո՞ւ են վրացահայ հասարակական կազմակերպությունները բողոքում և ընդհանրապես Վրաստանի ներքին քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցերին «Հայնյուզ» մամուլի ակումբում այսօր պատասխանեց վրացագետ Ալիկ Էրոյանցը: Նա մասնավորապես ասաց. «Պետական լեզվի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը պետք է քննարկման դրվի Վրաստանի խորհրդարանում, լուրջ քննարկումների և դժգոհությունների առարկա է դարձել: Ըստ այդ օրենքի, եթե այն ընդունվի, պետք է ստեղծվի պետության կողմից ֆինանսավորվող մարմին, որը վերահսկելու է պետական լեզվի պաշտպանությունը: Պետական մարմինը վերահսկելու է պաշտոնական փաստաթղթերը, գովազդները, լրատվամիջոցների կողմից ներկայացվող տեղեկատվությունը, իսկ խախտումների բացահայտման դեպքում սահմանվելու են տուգանքներ, որոնք բավականին բարձր են (նախնական տվյալներով` 1000-5000 լարի (կոնկրետ նշվում է լրագրողների համար), իսկ սխալը կրկնելու դեպքում կսահմանվի 10000 լարի տուգանք)»:

Ալիկ Էրոյանցը նշեց նաև, որ այս օրենքում վտանգավոր բան չկա իրականում: Շատ երկրներում է այն գործում: «Սակայն Վրաստանում խնդիրն այլ է,- ընդգծեց Ա. Էրոյանցը,- քանի որ վերոնշյալ օրինագծի ընդունման դեպքում այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունները հայտնվում են ծանր դրության մեջ: Բարդությունը նրանում է, որ վրացերենին չտիրապետող կամ լավ չտիրապետող քաղաքացիները խնդիրներ են ունենալու ինչպես պետական մարմիններում, այնպես էլ հասարակական-քաղաքական դաշտում, ծառայություն ստանալու կամ ծառայություն մատուցելու գործընթացներում: Հենց սա է, որ անհանգստացնում է ազգային փոքրամասնություններին, այդ թվում և ջավախահայությանը: Այս տեսանկյունից, իհարկե, շատ տեղին է «Սամցխե Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի» կոչը Վրաստանի կառավարությանը` քննարկումներ սկսելու հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու ուղղությամբ»:

Հարցին, թե որքա՞ն է այդ օրենքի ընդունման հավանականությունը մոտ ապագայում, վրացագետ Ա. Էրոյանցը պատասխանեց. «Դժվար է ասել` կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, քննարկման կդրվի՞, թե՞ չի դրվի, բայց մի բան հստակ է: Այն, որ վաղ թե ուշ պիտի ընդունեն: Ուղղակի մոտ ապագայում դա քիչ հավանական է: Վրացական իշխանության մի քանի ներկայացուցիչներ նշել են բազմիցս, որ որևէ խնդիր չի լինի այդ օրինագիծը ընդունելու առումով, այսինքն` դա չի հակասի Վրաստանի շահերին, անջատողական ինչ-որ տրամադրություններ առաջ չի բերի, բայց, դրան զուգահեռ, վրացական ներկայիս ընդդիմությունը` Մ. Սահակաշվիլիի գլխավորությամբ, բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ դա անընդունելի է, և ներկա փուլում, իհարկե, նպատակահարմար չի լինի այդ օրենքի վավերացումը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031