«Հարսնաքարի գործով» այսօր սպասվում էր դատական վիճաբանությունների փուլում տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի ճառը: Սակայն մինչ Տիգրան Եգորյանը կհասցներ ճառով հանդես գալ, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտնեց, որ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ: Նա երկու րոպե խորհրդակցեց իր փաստաբանի՝ Երեմ Սարգսյանի հետ:
Նորայր Հայրապետյանն ասաց, որ ինքն է հարվածել Վահե Ավետյանին, որեւէ դիտավորություն չի ունեցել եւ որ վեճը եղել է ոչ թե 40 ժամ, ինչպես նկարագրում են տուժողները, այլ 35 վայրկյան:
Նա ասաց, որ հարվածելուց հետո չի պատկերացրել, որ Վահեի վիճակը վատ է, ասաց, որ իր հարվածից հետո Վահեն գետնին ընկավ եւ ինքն ասել է՝ էս էի՞ր ուզում, արա: «Լսում էր, տեսնում էր, նորմալ գետնին ընկած էր: Հիմա բանից պարզվում է՝ ցավեր է ունեցել: Ես որ իմանայի, նրան օգնություն ցույց կտայի»,- շարունակեց նա:
Ամբաստանյալն ասաց, որ իր գործողությունների համար ինքը պատասխան կտա եւ չի տեսել, թե ով ինչ էր անում: «Ես եմ կռվել: Հայհոյանքներ լսեցի, քաշքշոցներ, փորձում էի հանդարտեցնել, չստացվեց»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նորայր Հայրապետյանը պատասխանեց մեղադրողի հարցերին, հրաժարվում է պատասխանել տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցերին: Տիգրան Եգորյանը հնչեցնում է հարցեր, մասնավորապես, որ նախաքննության փուլում Նորայրը ապտակել է կոլոտ տղայի, նկարագրելով բոլոր տուժողներին: Մինչդեռ նշում է, որ ապտակել է նաեւ Գարիկ Սողոմոնյանին: Տիգրան Եգորյանը նույնպես 2 րոպեանոց դադար է խնդրել, դատարանը ընդմիջում է հայտարարել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ