«Նա երեսունվեց տարեկան է, չի հասկանում, որ այդպես արագությամբ պատվեր կատարելը իրեն ոչ մի տեղ չի տանելու»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք համամի՞տ է այն տեսակետին, թե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նշանակումը կապված է նրա՝ Սուրիկ Խաչատրյանի որդու գործում «առաջին ջութակի» դերում լինելու և դատախազի պաշտոնով նրա պարգևատրման հետ, այսպես պատասխանեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Հետո նշեց, թե ինքն է առաջինն այդ տեսակետը հայտնել ու մանրամասնեց. «Այդ տղան (նկատի ունի Գ. Կոստանյանին,-Տ.Հ.) միջադեպի հաջորդ իսկ օրը առանց սպասելու նախաքննության արդյունքներին հայտարարեց, որ հարձակում է եղել Սուրիկ Խաչատրյանի տան վրա: Այսինքն՝որպես իրավաբան շրջանցեց անմեղության կանխավարկած կոչվածը, էթիկայի կանոնները, առանց հաշվի առնելու, որ իր ասածը որպես զինդատախազ, ուղղորդում է նախաքննական մարմնին: Սկզբից սին տեղեկություններ տարածեցին, որ սրա պես հանճարին տանում են Եվրոպա, հետո էլ թե ավելի լավ է այս գանձը պահենք, տանք դատախազ, քանի որ ինչ ասեն, կատարելու է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ