Շվեդ ֆրիլանսեր (ազատ լրագրող) Մաթս Անդերսոնը յուրահատուկ հոբբի ունի: Տարին մեկ-երկու անգամ ծանոթ-ընկերների զբոսաշրջային խումբ է բերում Վրաստան եւ Հայաստան: Հիմնականում երթուղին հետեւյալն է՝ վայրէջք Թբիլիսիում, 5-օրյա ճամփորդություն Վրաստանում, ապա՝ դեպի Հայաստան, հինգ օր էլ ճամփորդում են մեզ մոտ, եւ Երեւանից վերադառնում հետ՝ Շվեդիա:
Առաջին անգամ Մաթսը Երեւանում եղել է տասներկու տարի առաջ: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է փոխվել Երեւանը: Նա ասում է, որ շատ է փոխվել: «Դեպի լա՞վը, թե՞ վատը»,-հարցնում եմ: «Դե, ո՞նց ասեմ,-ասում է Մաթսը,- Երեւանը դարձել է իսկական ժամանակակից եվրոպական քաղաք: Շատ գեղեցիկ, բայց ստանդարտ քաղաք: Ես շատ եմ սիրում Երեւանը, հարցը դրանում չէ, բայց տարիների ընթացքում ես նկատում եմ, թե ոնց է ավելի ու ավելի ժամանակակից դառնում՝ կոլորիտը կորցնելով: Իմ խմբի անդամները ասում են՝ դե հիմա էլ գնանք հին Երեւանը տեսնենք, ո՞ւր է հին Երեւանը, իսկ ես պատասխան չունեմ նրանց համար»:
Մաթսը շեշտում է, որ իրենց երթուղու պատճառով՝ կամա թե ակամա բոլորը համեմատում են Թբիլիսին ու Երեւանը, եւ նշելով, որ Երեւանն ավելի ժամանակակից ու զարգացած է, նկատում են, որ Թբիլիսիի կոլորիտը, հատկապես վերջին մի քանի տարում վերանորոգված ու նոր շունչ ստացած Հին Թբիլիսին, յուրահատուկ են դարձնում այդ քաղաքը:
«Երեւանն էլ ունի շատ գեղեցիկ հին թաղամաս՝ Սարյան փողոցի հետեւի բլուրի վրայի սեփական տները, միայն թե պետք է մի քիչ վերանորոգել եւ փող ներդնել այդ թաղամասի վրա, եւ այն կդառնա զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը Երեւանում»,-ասում է Մաթսը: Իսկ երբ նրան հայտնում եմ, որ այդ թաղամասը՝ Կոնդը, իրացման գոտի է, եւ այդ հին տները պետք է քանդեն, տեղը նորը կառուցեն, Մաթսի աչքերը զարմանքից կլորանում են: Նրան թվում է, թե ինձ ճիշտ չի հասկացել, մի քանի անգամ կրկնում եմ ասածս, որից հետո ապշած Մաթսը կարողանում է հարցնել՝ ինչո՞ւ, երբ բացատրում եմ, որ մեր կառավարությունը չի սիրում ոչ մի հին բան, եւ քանդման ենթակա է համարում տաս-քսան տարուց հին ցանկացած շինություն, Մաթսը, մի կերպ վերգտնելով խոսելու ունակությունը, հարցնում է. «Բայց մի՞թե նրանք չեն հասկանում, որ դա ձեր հարստությունն է: Չէ՞ որ դա ձեր պատմությունն է, դա շատ ավելի թանկ արժե, քան ցանկացած նորակառույց շենք: Ընդամենը պետք է փայլեցնել այդ թանկարժեք ադամանդը եւ ոչ թե փոշոտված լինելու պատճառով՝ դեն նետել»:
Կարդացեք նաև
Մաթսին հիշեցնում եմ վեց-յոթ տարի առաջվա իր այցելությունը, երբ Հյուսիսային պողոտան նոր էր կառուցվում: Այդ ժամանակվա նրա խմբում ճարտարապետ եւ ռեժիսոր կային: Երբ անցնում էինք Հյուսիսային պողոտայի չլուսավորված եւ նորակառույց, բայց դեռ չբնակեցված շենքերի մոտով, նրանք միաժամանակ գոչեցին՝ «կարծես իտալական նեոռեալիզմի ֆիլմերում լինենք»:
Մաթսը ծիծաղում է եւ նկատում, որ այժմ Հյուսիսային պողոտան այլեւս նախկին անկենդան կմախքը չէ, մի քիչ միս ու արյուն է ստացել. «Ես տեսնում եմ, որ երիտասարդները շատ են սիրում այդ թաղամասը, դա շատ կարեւոր է, որ այն հետագայում դառնա պատմություն, հիշողություն, հարստություն: Բայց նորը կառուցել՝ հինը, կյանք ու պատմություն ունեցողը քանդելով, դա անհասկանալի եւ անհավատալի է»:
Մաթսը ասում է, որ իր ամենասիրելի հատվածը Երեւանում Հանրապետության հրապարակն է: «Այս հրապարակը իմ տեսած գեղեցկագույն հրապարակներից է, եւ ես կարող եմ ժամերով մնալ այստեղ, նայել հրապարակը շրջապատող շենքերին, լսել երգող շատրվանները»,-ասում է շվեդ լրագրողը եւ նկատում, որ Երեւանի բնութագրիչներից մեկը բազմաթիվ ու բազմազան սրճարանների եւ ռեստորանների առկայությունն է՝ «ու ամեն տեղ շատ համեղ են պատրաստում»:
Նա նաեւ ասում է, որ իրեն այնքան էլ դուր չի գալիս ստանդարտ եվրոպական խանութների ցանցերի հայտնությունը Երեւանում, դրանով մեր քաղաքը ավելի ու ավելի է նմանվում մյուս եվրոպական քաղաքներին, սակայն հասկանում է, որ «երեւանցիներն էլ իրավունք ունեն այդ խանութներից ունենալու»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարը՝ Մաթս Անդերսոնի ֆեյբուքյան էջից