Լրահոս
Օրվա լրահոսը

Ինգա Զառաֆյան. «Այն, բանկերը, որոնք ֆինանսավորում են փոքր ՀԷԿ-երը, պետք է պատասխանատվություն կրեն» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2013 16:36

«Այսպես ասած` անցումային շրջանը Հայաստանում բերեց նրան, որ մենք անցանք հումքային տնտեսության եւ մեր տնտեսության հիմքը դարձավ հանքարդյունաբերությունը: Ընդ որում, արտաքին եւ ներքին ուժերի համատեղ ցանկությամբ ստեղծվեցին այնպիսի օրենքներ, որ տնտեսական 2 ուղղություն գերշահութաբեր է. դա հանքարդյունաբերությունն է եւ շինարարությունը: Եթե այլ երկրներում այս ոլորտից մինչեւ 80% հարկեր են վճարում, Հայաստանում` մոտ 21% է, եւ ինչ-ինչ ճանապարհներով կուտակված այդ գումարները ուղղեցին այդ 2 ոլորտ, օլիգարխիկ համակարգ ստեղծվեց եւ հիմա դրանց դեմն առնելը շատ դժվար է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե մեր կառավարությունն արդյոք քայլեր անում է դեպի կանաչ տնտեսություն գնալու ուղղությամբ:

Տիկին Դանիելյանի խոսքերով` եթե շարունակվի այնպես, ինչպես ներկայումս այս ոլորտներում գործունեություն է իրականացվում, ապա շուտով ուղղակի կոչնչացվի Հայաստանի բնությունն ու մեծ վնասներ կհասցվեն մարդկանց առողջությանը: Մեր հարցին, թե ի՞նչ պետք է արվի, արդյոք քաղաքական կամք չպիտի դրսեւորվի կանաչ տնտեսությանն անցնելու համար, տիկին Դանիելյանն ասաց` «Միանշանակ`քաղաքական կամք է պետք, ճշգրիտ գործիքներ ու պետության կարգավորիչ դերը բարձրացնել: Կանաչ էկոնոմիկայի իրականացումը այնքան էլ մեծ ծախսեր չի պահանջում. գուցե տնտեսվարողների համար նոր տեխնոլոգիաներ կիրառելու առումով`այո, բայց բազմաթիվ հարցեր կան, որոնք ծախսեր չեն պահանջում: Հսկա շենքերն ամբողջ կենտրոնով տնգացնելը, պատմամշակութային շենքերը ոչնչացնելն ու սեյսմիկության ռիսկերը բարձրացնելը գումար չունենալո՞ւց է, հակառակը` օլիգարխները ավելորդ գումար ունեն, ուզում են այդ ոլորտում ներդնեն` գերշահույթ ստանան»:

Այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում «Դեպի կանաչ տնտեսություն» ազգային կոնֆերանս է տեղի ունենում, որին մասնակցում են մի շարք բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչներ:

«Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանն էլ ներկայացրեց, թե Հայաստանում ինչ անօրինականություններով են կառուցվում փոքր ՀԷԿ-երը եւ ինչ հսկայական վնասներ են հասցնում շրջակա միջավայրին:

«Այսօր ոչ մի փոքր ՀԷԿ բացասական եզրակացություն չի ստացել, բնապահպանության նախարարությունը բոլորին դրական եզրակացություն է տալիս, չնայած, որ խախտվում են բազմաթիվ օրենքներ: Առաջին խնդիրը բնապահպանական թողքն ընդհանրապես չի պահպանվում մեզ մոտ, որովհետեւ կառավարության որոշումով կարող է մինիմալ թողք լինել: Մենք ունենք դեպքեր, երբ գետում ընդհանրապես ջուր չի թողնվում: 1 գետի վրա 300 մետր հեռավորությամբ կառուցվում են 3-4 ՀԷԿ-եր: Եղեգիս գետը անցնում է Եղեգիս ձորով, մի կողմից ունենք հատուկ պահպանվող տարածք, արգելավայր, որը շատ կարեւոր դեր է մեր կենսաբազմազանության պահպանման գործում, ընձառյուծները, մուֆլոններն ու բեզոարյան այծերը խմում են այն գետի ջուրը, որի վրա 70 կիլոմետրի վրա 12 ՀԷԿ-ի լիցենզիա է տրված: Բնապահպանության նախարարությունը անցկացրեց մոնիթորինգ` Եղեգիսը փոխել է իր ֆիզիկաքիմիական հատկությունները, գետը հիվանդացել է, սա եզակի դեպք է: Ունենալով այս տվյալները՝ ոչ ոք չի արձագանքել. էնդեմիկ տեսակի ձկները վերացել են»:

Մանրամասն` տեսանյութում

Տիկին Զառաֆյանի ներկայացմամբ` «Ջերմուկ-1» նախագծով պետք է հատվի 200-500 հատ ծառ, իսկ երբ անօրինական հատում է լինում, մոտ 70 հազար դրամի տուգանք է լինում. «Այստեղ 500 ծառ պետք է հատվի, բայց մենք գիտենք, որ 4-5 անգամ ավել է հատվելու: Ծառերը «Հայանտառին» են պատկանում, ոչ մի տեսչություն չի գնում հսկելու ու պարզելու` թե որ օրենքով են այդքան ծառ հատելու: Կա նաեւ սողանքների խնդիր, «Խաչաղբյուր» ՀԷԿ-ը կառուցվում է սողանքային գոտում, սրա մասին հայտնել ենք համապատասխան մարմիններին, ոչ մի արձագանք չեղավ, 30 տոննայանոց քարն ընկել է մի երիտասարդ աշխատողի վրա, մնացել է տակը, ոչ մեկի պետքը չէ»:

Մարց գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի, դրա վնասների ու վտանգների մասին`տեսանյութում

Ինգա Զառաֆյանն անդրադառնալով Արգիճի գետի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-ին, նշեց, որ դեռեւս 2006 թվականին դրված եզրակացությունն ուժը կորցրած է. «Բայց այստեղ 9 կմ երկարություն ունեցող ու 140 ՄԳՎ հզորությամբ ՀԷԿ-ն ամբողջ գետը վերցնում է խողովակի մեջ, ինչ ձուկ կա, խողովակի մեջ խաղում են, եւ քանի որ անօրինական է, վերահսկողություն չկա, 2 վթար է եղել փորձարկման ընթացքում: Պետք է անպայման կանգնեցնել նման բաները, 144 ՀԷԿ կառուցված է, 8-ին լեցենզիա է տրված, պետք է դադարեցնենք, մինչեւ չհասկանաք ինչպես են կառուցելու, եզրակացություն չտան: Այս ՀԷԿ-երը կառուցվում են հիմնականում միջազգային բանկերի ֆինանսավորմամբ, իսկ այդ բանկերը պետք է եւս պատասխանատվություն կրեն»:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031