ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի, նախարարների եւ պատգամավորների աշխատավարձերը չեն բարձրանա քառասուն տոկոսով, ինչպես որ գալիք տարվա բյուջեն է նախատեսել, այլ կբարձրանան հարյուր տոկոսով:
Բյուջեն հաստատվել է կառավարության նիստում, որին ներկա են եղել բոլոր նախարարները, բայց զարմանալի է, որ նրանցից ոմանք տեղյակ չեն, որ իրենց աշխատավարձերը բարձրանալու են արտոնյալ կարգով: Համենայնդեպս, այսօր խորհրդարանում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, որ հաջորդ տարվա հուլիսի մեկից իր եւ իր գործընկեր նախարարների աշխատավարձը կրկնակի բարձրանալու են`դառնալով վեց հարյուր հազար դրամ: «Չգիտեմ, երբ որ բարձրանա կիմանամ: Այդ հարցերը չեմ ուզում խորացնել, որովհետեւ բյուջեի քննարկումների ժամանակ տրվել է անհրաժեշտ բացատրություններ: Հիմա ես այդ ոլորտի գիտակը չեմ եւ կարծում եմ դուք լավ կլինի ինձ իմ ոլորտի վերաբերյալ հարցեր տաք»,- ասաց Արամ Հարությունյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե արդյոք բավարարո՞ւմ է իրեն 300 հազար դրամը, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ընդհանրապես ոչ միայն 300 հազարը, ընդհանրապես, երբ որ ստանում է պետական ծառայողը համապատասխան աշխատավարձ, բնականաբար նաեւ իր ընտանիքի անդամներն են ստանում, հետո ընտանեկան բյուջեն եւ բաշխում են այնպես, որպեսզի կարողանան ամսվա մեջ ապրել: Հետեւաբար չի կարելի բավարարելու, կամ չբավարարելու տեսանկյունից հարցը դնել: Պետք է հարցադրումը դնել, թե ամեն ամիս ինչպիսի՞ եկամուտ ունես դու եւ քո ընտանիքը եւ քո ծախսերը դիտարկես ըստ եկամուտների, եւ ոչ թե ըստ անհրաժեշտության: Բնականաբար մենք հենց այդպես էլ անում ենք»:
Մեկ այլ դիտարկմանը՝ եթե հավելյալ եկամուտներ չլինի, որքա՞ն գումար է անհրաժեշտ նորմալ ապրելու համար, նախարարը հակադարձեց.«Ես չեմ հաշվել, կհաշվեմ եւ ձեզ կտեղեկացնեմ: Ասեմ, որ աշխատում ենք որպեսզի խնդիրներ չլինեն եւ գումարը բավականացնի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն տեղեկությանը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է հրաժարվել իր աշխատավարձի բարձրացումից եւ պատասխանելով հարցին, արդյոք նախարարը պատրա՞ստ է հետեւել նրա օրինակին, Արամ Հարությունյանն ասաց, որ եթե նման որոշում կկայացվի, իր դիրքորոշումը կհայտնի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ