Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ կոմպոզիտորներ. «Ի՞նչ ասենք մեր Միության մասին, որը լրիվ անտեսում է մեզ»

Հոկտեմբեր 08,2013 15:48

Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին երիտասարդ կոմպոզիտորներ Էռնեստ Դուլգարյանը, Սերգեյ Ումրոյանը և Հովիկ Սարդարյանը: Նրանց մտահոգում էր Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում (ՀԿԵՄ)` արդեն տարիներ շարունակվող իրավիճակը:

Երիտասարդ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը նախ խոսեց Կոմպոզիտորների միությանն ուղղած իրենց բաց նամակի մասին. «Նամակ գրելու նախաձեռնությունը մի խումբ հայ երիտասարդ կոմպոզիտորներինն է: Նպատակն այն է, որ մենք նույնպես մեր դիրքորոշումն արտահայտենք Կոմպոզիտորների միությունում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Նամակում խնդիրն այն է, որ երիտասարդ կոմպոզիտորներին անհանգստացնում է այս լարված վիճակը, Կոմպոզիտորների միության պառակտվածությունը, որն անմիջականորեն կապված է մեր իսկ ապագայի կործանման հետ»:

Հովիկ Սարդարյանն էլ հավելեց, որ նամակը գրվել է հինգ հոգու կողմից, այնուհետև միացել են բազմաթիվ այլ հայ կոմպոզիտորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, և գնալով նախաձեռնությանը միացող կոմպոզիտորների թիվն ավելանում է:

Հովիկ Սարդարյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Ամիրխանյանի պատասխան նամակին: Նա մասնավորապես ասաց. «Ռոբերտ Ամիրխանյանը երեկվա պատասխան նամակում նշել էր, որ մենք Միության անդամ չենք և չենք կարող որևէ բան փոխել այդ կառույցի ներսում: Ես կցանկանայի հռետորական հարցում անել, թե ինչո՞ւ երիտասարդ կոմպոզիտորներից որևէ մեկը Միության անդամ չէ: Ես ուզում եմ, որ այդ հարցը քննարկվի և գուցե որևէ պատասխան ստանա»:

Հարցին, թե կա՞ն արդյոք ինչ-որ չափանիշներ, ըստ որոնց կարող են դառնալ Կոմպոզիտորների միության անդամ, Սերգեյ Ումրոյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր երիտասարդ կոմպոզիտոր, որն ավարտել է բակալավրիատը, իրավունք ունի ընդգրկվելու Միության մեջ: Մեզանից շատերը ներկայացրել են դիմում դեռ մեկ տարուց էլ առաջ, բայց դեռևս ոչ մեկը չի ընդգրկվել Միության կազմում»:

Էռնեստ Դուլգարյանն էլ ասաց, որ իրենք, առհասարակ, որևէ մեկին քննադատելու նպատակ չունեն: «Մենք, պարզապես, մեր իրավունքներն ենք պաշտպանում, որովհետև այդ կազմակերպությունն ի սկզբանե ստեղծվել է համախմբելու, աջակցելու և խրախուսելու մեր գործունեությունը, ինչն այսօր բոլորովին չի արվում: Մենք հաճախ ենք բողոքում, որ կառավարությունը մեզ քիչ է ուշադրություն դարձնում, իսկ ի՞նչ ասենք մեր Միության մասին, որը լրիվ անտեսում է մեզ: Չէ՞ որ այդ Միությունը չի ստեղծվել մեկ անձի ծառայելու համար»,- նշեց Էռնեստ Դուլգարյանը:

Սերգեյ Ումրոյանը, փորձելով զուգահեռ անցկացնել Կոմպոզիտորների միության` նախորդ և ներկա տարիներին ծավալած գործունեության միջև, ասաց. «Երբ Ռ. Ամիրխանյանն ու իր սերնդակիցները երիտասարդ էին, Կոմպոզիտորների միությունը բազմաթիվ հնարավորություններ էր ընձեռում նրանց` թե՛ արտերկրում ուսումը շարունակելու, թե՛ նրանց ստեղծագործությունների կատարման առումով, իսկ հիմա, եթե արվում էլ է ինչ-որ բան, արվում է սիրողական մակարդակով, ինչը նույնիսկ վիրավորում է կոմպոզիտորի ինքնասիրությունը և նրա ստեղծագործությունը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031