Արեն Մալաքյանը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի խաղարկային կինոռեժիսուրայի բաժնի ուսանող է: Նա եւս ներգրավված էր Երեւանում մեկնարկած «Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» նախագծում, որ իրականացնում են Անջեյ Վայդայի կինոդպրոցի մի քանի պրոֆեսորներ:
Հիշեցնենք, որ լեհական կինոդպրոցի հետ համագործակցելու առաջարկը նրանց արել էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Ինչ վերաբերում է «Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» նախագծին, այն ծնվել է Լոձի կինոդպրոցում, եւ դրա հիմքում ընկած են աշխարհի տարբեր քաղաքների կինոդպրոցներում անցկացվող սեմինարները: Ուսանողները լեհ կինոգործիչների ղեկավարությամբ մեկ ամսվա ընթացքում աշխատում են վավերագրական ֆիլմերի պատրաստման վրա, որոնց «հերոսն» իրենց քաղաքն է: Արդյունքում ստեղծվում է մեկ ժամանոց ֆիլմ, որը տվյալ քաղաքի հոգեւոր դիմանկարն է:
Aravot.am-ի հետ զրույցում Արենը հայտնեց, որ իր երազանքն է եղել Լոձի կինոդպրոցում սովորելը, եւ հիմա ուրախ է, որ այդ դպրոցը «եկել» է իր հայրենիք: Նրա «Տատ ու պապ» փոքրիկ ֆիլմն արժանացել է լեհ դասախոսների ուշադրությանը:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տվեցին երիտասարդին նրանց հետ հանդիպումները: «Նախ եւ առաջ նոր աշխատաոճ ու նոր կինոլեզու բացահայտեցի, աշխատելու նոր պայմաններ: Մենք տեսանք իրենց աշխատանքները, որ արել են Կիեւում, Մոսկվայում եւ այլուր: Մարդիկ կարողանում են մեկ ամսում հավաքել այն նյութը, որը ռեժիսորները տարիներով են հավաքում: Նրանք ուսանողներին կոնկրետ վեկտոր տալով ստանում են այն նյութը, որից մեծ ֆիլմ են «հավաքում»: Իմ ֆիլմն էլ իրենց դուր եկավ: Իրենց կարծիքով՝ մեր նյութում կա այն կինոլեզուն, որոնք փնտրում են ու աշխատում են ստանալ»,-ասաց Արենը:
Նա չհամաձայնեց տարածված այն կարծիքին, թե վավերագրողի ճանապարհը ավելի փշոտ է ու բարդ, քան խաղարկային կինո ստեղծողինը, որը փայլ ու դափնիներ է ենթադրում:
«Խաղարկային կինո նկարելն էլ հեշտ գործ չէ, ինչպես իմ դասախոս Էդգար Բաղդասարյանն է ասում, դա սեւագործ բանվորի գործ է, եւ դու ընդամենը տարվա մեջ մեկ օր կարող ես «բաբոչկայով» գնալ ինչ-որ փառատոնի: Եվ վավերագրական, եւ խաղարկային կինոյի դեպքում ջանքեր ներդնելը պարտադիր է, մեկում մտավորն է ավելի շատ, մյուսում ավելի հետեւում ես ու ապրում քո հերոսով»,-ասաց ուսանող ռեժիսորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ