Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին հնարավոր է՝ ութ միլիոն ձվի դեֆիցիտ լինի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2013 15:13

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հաշվարկել է ու պարզել, որ Նոր տարվա առիթով հանրապետությունում առկա 830 հազար ընտանիքից յուրաքանչյուրը հնարավոր է՝ 20 ձու ավելի սպառի, ինչի հետեւանքով ութ միլիոն ձվի դեֆիցիտ կառաջանա:

Այսօր «Տեսակետ» ակումբում պարոն Ստեփանյանը վերջին ամիսների ձվի թանկացումը մոտ 9-10 դրամով, պայմանավորեց ներկրվող կերի եւ էներգակիրների թանկացմամբ: Կերը ձվի ինքնարժեքի մոտ 68 տոկոսն է կազմում:

Պարոն Ստեփանյանի տվյալներով, այսօր ձու արտադրողների մեկ ձվի բացթողնման գինը 60-63 դրամ է: Խանութները վաճառում են 70-75 դրամով:

Օգոստոսին ձվի գնի բարձրացման պատճառն, ըստ միության նախագահի, ածան հավերի գլխաքանակի նվազումն էր, ինչը բերել էր ձվի դեֆիցիտի: Այս պահին մեր երկրում ձվի դեֆիցիտ չկա, եւ շուկայի սպառման պահանջարկը մոտ 700 հազար ձու է, ինչը բավարարում է:

Սերգեյ Ստեփանյանի ներկայացմամբ, այսօր ձու արտադրողները վարկի տակ են, որպեսզի գլխաքանակ ձեռք բերեն դեֆիցիտ չառաջանալու համար: Ձվի վրա կիրառվող 20 տոկոս ԱԱՀ-ն նույնպես արտադրողներին վնասներ է պատճառել:

Միությունը կառավարության հետ ծրագրեր է մշակում տեղական արտադրությունը խթանելու նպատակով երկրի ցանքատարածությունները ավելացնելու, որպեսզի կերի մի մասը ոչ թե ներկրենք, այլ տեղականը սպառենք, ինչն ավելի մատչելի կլինի: Հայաստանը տարեկան օգտագործում է 110-120 հազար տոննա համակցված կեր: Կերի մոտ 85 տոկոսը ներկրում ենք արտերկրից:

Միության նախագահի տվյալներով, տեղական արտադրողները տարեկան 58 միլիոն դոլար գումար են արտահանում՝ կեր գնելու համար, սակայն, եթե այդ գումարները ուղղվեն սահմանամերձ գոտիներում կերի ցանքատարածությունների ավելացմանը, ապա ձվի գինը, ըստ պարոն Ստեփանյանի, կիջնի:

Պարոն Ստեփանյանի խոսքերով, միությունը կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ամանորին ձվի ներկրում թույլ չտալ, որպեսզի հայրենական արտադրողները կարողանան իրացնել իրենց արտադրանքը տեղական շուկայում. «Եթե խնդիր առաջանա, մենք ինքներս պարտավորվել ենք ներկրել՝ պահպանելով բոլոր պահանջները, որ այն դեֆիցիտը, որը հնարավոր է առաջանա՝ չլինի, խուճապ չառաջանա քաղաքացիների մեջ»:

Ասուլիսի մասնակից «Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկայի» փոխտնօրեն Սուրեն Մովսիսյանն էլ նկատեց. «Կերերի, էներգակիրների թանկացման պատճառով շատ դժվար է շուկայում մնալ»: Ըստ նրա՝ իրենք չեն պատրաստվում Ամանորին ձվի գինը բարձրացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031