«Հասարակական պաշտպան» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանի համոզմամբ, այսօր Հայաստանում ոչ թե տրանսպորտի սակագնի, այլ որակի բարձրացման հարցը պետք է քննարկել:
«Երեւանում հանրային տրանսպորտ կարելի է այսօր ապահովել բավականին բարձր որակով եւ ամենաբարձրը՝ 100 դրամով»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց Գրիգորյանը:
Նա նաեւ ներկայացրեց տրանսպորտի սակագնի իր հաշվարկները. «Երթուղային տաքսիի համար 80-85 դրամ է կազմում, իսկ ավտոբուսինը՝ մի քիչ ավելի: Հաշվի ենք առել ծախսերի այսօրվա շուկայական գները»:
Նրա խոսքով, այսօր շահագործվող տրանսպորտային միջոցները արդեն տասը տարուց ավելի է` շահագործվում են. «Եվ վաղուց տրանսպորտի գնման ծախսը՝ ամորտիզացիան, հետ գնված է: Սովորաբար ամորտիզացիան ավարտվելուց հետո սակագինը իջեցվում է, բայց դա մեզ մոտ տեղի չի ունեցել: Դա մեզ ստիպում է ենթադրել՝ տրանսպորտի շահագործումից գերշահույթներ են ստացել, այդ գերշահույթների հաշվին պետք է ձեռք բերեին տրանսպորտային նոր միջոցներ, իսկ այն ինչը չեն արել նախորդ տարիներին, փորձում են անել հիմա՝ սակագինը բարձրացնելով»:
Կարդացեք նաև
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ դժգոհեց, որ ամիսներ է անցնում, իսկ տրանսպորտի սակագնի հարցով դեռ ասում են՝ մտածենք, քննարկենք, ուսումնասիրենք. «Վաղուց ամեն ինչ ուսումնասիրված է, ո՞ւր է Երեւան քաղաքի ավագանին: Գինն ու որակը ածանցյալ են, մենք պետք է խոսենք ինչն է պատճառը, որ այս վիճակում ենք: Կա ստվերային շրջանառություն, եւ տրանսպորտի ոլորտը ամենահարմարավետ բիզնեսի տեսակն է: Այստեղ հնարավոր է թաքցնել շահույթի կեսը: Մի երթուղում ձեւակերպված է երեք վարորդ, եւ քառասունինը միկրոավտոբուս»:
Պարոն Պողոսյանը կրկին մեղադրեց Երեւանի ավագանուն անգործության մեջ ու ամբողջ կազմին տուն ուղարկեց. «Ընտրել ենք ավագանի, որը գործունակ չէ, անվստահություն ենք հայտնում : Նրանց ձայնը չի լսվում եւ արդյունավետությունից էլ դժգոհ եմ»:
Պողոսյանն ասաց, որ տրանսպորտի սակագնի հարցը քննարկող հանձնաժողովում դեռ լուրջ քննարկումներ ու առաջարկներ լուծումներով չեն ներկայացվում: Միայն հաշմանդամների համար նախատեսված տրանսպորտի հարցն են քննարկել. «Առնվազն մեկ մեքենա ամեն երթուղում ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց համար է լինելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ