Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարն ընդլայնում է ընդգրկումը

Հոկտեմբեր 08,2013 14:42

Հոկտեմբերի 16-ին Երեւանի, Աշտարակի եւ Աբովյանի մարզադաշտերում մեկնարկելու է «Հայաստանի վարչապետի գավաթ 2013» ֆուտբոլի մրցաշարը, որն անցկացվում է բացառապես պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում:

Մրցաշարի կազմակերպման նպատակը հստակ է. ֆուտբոլ խաղի մասսայականացման միջոցով պետական կառավարման մարմիններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական աշխատանքների աշխուժացումը, նրանց ֆիզպատրաստվածության բարելավումը, ինչպես նաեւ արդար խաղի գաղափարախոսության սերմանումը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Վարչապետի գավաթ» մրցաշարի կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանը Aravot.am-ին ասաց. «Վարչապետի գավաթ» մրցաշարը տարեցտարի պետական կառավարման մարմինների ավելի շատ թիմեր է ընդգրկում: Մասնավորապես, նախորդ տարվա 14-ի համեմատությամբ այս` հոբելյանական 5-րդ մրցաշարին, արդեն 16 թիմերի մասնակցության հայտ է ստացվել կազմկոմիտեում եւ մինչեւ հայտերի ընդունման վերջնաժամկետի լրանալը եւս մեկ-երկու թիմերի ավելացում ենք սպասում»:

Խոսելով մրցաշարի կազմակերպական աշխատանքների մասին` փոխնախարարն ասաց. «Արվում է ամեն բան, որպեսզի պահպանվեն արդար խաղի սկզբունքները եւ յուրաքանչյուր թիմ իր կարողությունները լրիվ ցուցադրելու հնարավորություն ունենա: Այդ նպատակով մասնակից թիմերը վիճակահանությամբ կբաժանվեն երկու խմբի, որպեսզի յուրաքանչյուր թիմ նախնական փուլում առնվազն 7-8 հանդիպում անցկացնելու հնարավորություն ունենա, որպեսզի բացառվի պատահականության գործոնը, ինչը հաճախ ճակատագրական դեր է խաղում սպորտում: Նախնական փուլի արդյունքով յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը կանցնեն հաջորդ փուլ, որտեղ արդեն օլիմպիական մրցակարգով կորոշեն եզրափակչի մասնակիցներին, իսկ անհաջողության մատնվածները կխաղան 3-րդ տեղի համար: «Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացմանը լրջորեն աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը տրամադրում է ինչպես խաղադաշտերը, այնպես էլ ապահովում մրցավարությունն ու անհրաժեշտ գույքը»:

Մրցաշարի կազմակերպչի եւ պատասխանատուի խոսքերով, սահմանված է բավականին լուրջ մրցանակային ֆոնդ` դրամական եւ գույքային: Հաղթողների եռյակը կազմող թիմերի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, մարզիչները եւ թիմերի ղեկավարները (24-ական հոգի) կպարգեւատրվեն համապատասխան մեդալներով, ինչպես նաեւ մեկական լրակազմ մարզահագուստով, իսկ թիմերը` դրամական խրախուսական մրցանակներով. 1-ին տեղ` 600 հազար դրամ, 2-րդ տեղ` 400 հազար, 3-րդ տեղ` 200 հազար դրամ: Կազմակերպիչներն ավանդույթի համաձայն սահմանել են նաեւ հատուկ անվանակարգային մրցանակներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031