Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վճարում ենք «ՀայՌուսգազարդ»-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ բանավոր պայմանավորվածության հիման վրա՞

Հոկտեմբեր 08,2013 14:31

Այսպե՞ս է ՌԴ-ն «ապահովելու» Հայաստանի անվտանգությունը

Հոկտեմբերի 2-ին խորհրդարանում, երբ կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին, «ՀայՌուսգազարդ»-ի հետ ՀՀ կառավարության կնքած պայմանագրի տեքստին վերաբերող ՀԱԿ պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն անակնկալ էր մատուցել՝ նշելով, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ Հայաստանն ամենեւին գազի թանկացման պայմանագիր չի կնքել:

«Բնականաբար, ցանկացած պայմանագիր, որ կստորագրենք գործընկերների հետ, հասանելի կլինի ձեզ համար: Պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն, երբ ստորագրվեն, դրանք գալու են Ազգային ժողով, որովհետեւ ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները»,- ասել էր վարչապետը: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին հավելել էր. «Հայաստան պետության ու ՌԴ-ի միջեւ որեւէ պայմանագիր չկա: Կա պայմանագիր «Գազպրոմի» ու «ՀայՌուսգազարդի»-ի միջեւ»:

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 7-ից ուժի մեջ է մտել գազի նոր` ավելի բարձր սակագին, մեծ աղմուկ եւ դժգոհության ալիք բարձրացավ, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը, որպես Ռուսաստանի «ռազմավարական դաշնակից», ավելի բարձր սակագին վճարի այն դեպքում, երբ ռուսական կողմին է պատկանում «ՀայՌուսգազարդը»:

Այս իրավիճակում տրամաբանական հարցեր են ծագում՝ ի՞նչ հիմքով է բարձրացել գազի սակագինը: Այսինքն՝ Հայաստանը գազ է ստանում միլիարդ խորանարդ մետրերով, բայց պայմանագիր չունի՞ ռուսական կողմի հետ… Այն սակագինը, որը վճարում է Հայաստանի բնակչությունը՝ ի՞նչ տնտեսական հիմքերի-հիմնավորումների վրա է կազմվել… Եթե իրավական հիմք չկա, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ գրպանն են գնում բնակչության կողմից վճարվող վարձերը: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները վճարում են «ՀայՌուսգազարդ»-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ բանավոր պայմանավորվածության հիման վրա՞…

Սա խնդրի մի կողմն է: Սակայն գոյություն ունի նաեւ հարցի մյուս կողմը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադրություն ունի անդամակցել Մաքսային միությանը: Ավելին՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ նշել էր, թե Ռուսաստանը համաձայնվել է սուբսիդավորել գազի գինը: Հիմա ի՞նչ է ստացվում, այս ամենը օդում ասված խոսքե՞ր էին ընդամենը… Գազի սակագնի բարձրացումը հասարակական մեծ դժգոհության առիթ հանդիսացավ, սակայն այժմ էլ պարզվում է՝ փաստաթղթային-իրավական հիմք չկա:

Մնում է միայն եզրակացնել մեկ բան՝ Ռուսաստանը շարունակում է վարվել Հայաստանի դեպքում կարծես իր մի հեռավոր մարզի հետ: Կրեմլից գուցե մի միջին մակարդակի պաշտոնյա զանգահարել է վարչապետի աշխատասենյակ, հրահանգել, թե՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վճարեն այս կամ այն սակագնով՝ «հետո կտեսնենք՝ ինչ ենք անում» պարզաբանմա՞մբ…

Այս օրերին Մաքսային միության անդամակցության մոլի պաշտպանները ինչպիսի՛ «սարեր» են խոստանում Հայաստանին՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում… Սակայն գազի սակագինը այն ամենաչնչին հարցն է, որը կարող է որպես ապացույց հանրությանը մատուցվել, թե Մոսկվան ինչպես է «պարգեւատրում» Հայաստանի իշխանություններին այդ ծանր բեռից ազատելով թե՛ նրանց, թե՛ Հայաստանի բնակչությանը: Ավելին՝ հոկտեմբերի 1-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջեւ ստորագրվեց երկարաժամկետ` մինչեւ 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիր: Մի՞թե գազի սակագների հարցը հնարավոր չէր փաստաթղթային տեսքի բերել:

Հետեւաբար այլ հարց է ծագում՝ ինչո՞ւ չի դա արվում, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում պայմանավորվածության գալ ռուսական կողմի հետ… Եվ վերջապես՝ ինչո՞ւ է լռում Մաքսային միությունն ու Ռուսաստանը որպես Հայաստանի «միակ փրկություն» ներկայացնող հայաստանյան ընդդիմությունը…  Սա՞ է հայ-ռուսական «դարավոր բարեկամությունն» ու Հայաստանի «անվտանգության» ապահովման մասին հեքիաթը:

Եթե գազի սակագնի հարց չի լուծվում, կարելի է ենթադրել, թե ինչպես է Ռուսաստանն ապահովելու Հայաստանի անվտանգությունը, եթե դրա անհրաժեշտությունը մի օր առաջանա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031