Նախագահի խնամուն՝ Արա Մինասյանին պատկանող «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ութսունն անց հիվանդներին, այսպես ասած՝ «մորգի ուղեգիր» են տալիս, առավել եւս, եթե այդ հիվանդը պետպատվերի շրջանակում պետք է սպասարկվի, բժիշկները «ձեռքները լվանում»՝ մի կողմ են քաշվում տարիքն առած մարդկանցից ու չեն էլ փորձում բուժօգնություն ցուցաբերել:
82-ամյա Լեւոն Նահապետյանին կինը՝ տիկին Ջուլյան, շտապօգնության միջոցով տարել է հենց «Գրիգոր Լուսավորիչ» բուժհաստատություն, որովհետեւ վստահ է եղել, որ այստեղ պետպատվերը տարածվելու է իր ընտանիքի վրա, քանի որ ինքն էլ, ամուսինն էլ 2-րդ կարգի հաշմանդամ են, «Փարոս» համակարգի նպաստառու: Հիվանդանոցի հենց ընդունարանում, տիկին Ջուլյայի ներկայացմամբ՝ 2000 դրամ են ուզել: «Երբ պնդեցի, որ մենք պետպատվեր ունենք, ասացին՝ կապ չունի, պիտի վճարեք, բայց հրաժարվեցի վճարել: Ու գրեթե բոլոր բաժիններում երբ իմանում էին պետպատվերի մասին, կարծես թե դիտավորյալ հրաժարվում էին իմ հիվանդից՝ ասելով, թե ամուսինս իրենց հիվանդը չէ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Ջուլյան:
Տիկնոջ պատմելով՝ տարիներ առաջ ամուսինը վիրահատվել է, հեռացվել են ձախ երիկամն ու ադենոման, սրտի կաթված է ունեցել, անոթների խնդիր ունի ու մի շարք այլ հիվանդություններ: Երբ հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, ու «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխելուց հետո տիկինը խնդրել է մի շարք հետազոտություններ կատարել, բոլոր մասնագետները հրաժարվել են՝ վստահեցնելով, թե իրենց հիվանդը չէ: Տիկին Ջուլյայի պատմելով՝ «Սրտաբանը, ուռոլոգը, անոթաբանը՝ բոլորն ասում էին՝ իրենք խնդիր չեն տեսնում, իրենց հիվանդը չէ, բայց ամուսինս վերակենդանացման բաժնում պառկած գնալով ավելի էր վատանում, հաց չէր ուտում, ցավերից տառապում էր, բայց բժիշկների պետքը չէր: Իսկ եթե աջ ու ձախ փող բաժանեի բժիշկներին, երեւի բոլորը կողքից էն կողմ չէին գնա»: Տիկինը հիվանդանոցում բժիշկների մոտ աղմուկ է բարձրացրել՝ սպառնալով, որ կբողոքի, որից հետո որոշել են գլխի տամոգրաֆիա անել, բայց դա էլ վճարովի՝ 60 հազար դրամով, ու երբ տիկինը նշել է, որ վճարունակ չէ, նրան հորդորել են տնօրինությունից խնդրել, որպեսզի գոնե գումարի կեսը վճարի. «Գնացի տեղակալի մոտ, խնդրեցի, ասաց՝ դե լավ, անկետան բեր, ուղեգրեմ նկարեն, բայց մի փոքր հետո արդեն բաժանմունքում ասացին, որ փոշմանել են, տամոգրաֆիայի կարիք չկա: Ու պատկերացնում եք, այդ ընթացքում ամուսնուս վիճակը ավելի է վատանում, միայն սիստեմա էին տալիս, այն էլ ես էի դեղերը գնել, բայց ոչ մի կոնկրետ բուժում: Բժիշկներից մեկն ինձ ասաց՝ դե, 80 տարեկան մարդ ա, տար տուն, տանը պահի, էլի: Ես էլ ասացի՝ բայց սենց ծանր վիճակում ես ո՞նց տուն տանեմ»: Հիվանդին առանց բուժելու, ինչպես պատմեց տիկին Ջուլյան, տեղափոխել են թերապեւտիկ վերականգնողական բաժանմունք, այն էլ սենյակի գումարը գանձել են՝ առանց հաշվի առնելու պետպատվերը, պատճառաբանել են. «Մեզ մոտ ձեւն այսպես է»: Իսկ տիկնոջ սպառնալիքին, թե՝ կբողոքի, ասել են. «Ում ուզում ես՝ բողոքի, դու չգիտե՞ս սա ում հիվանդանոցն է»:
Հիվանդին բուժօգնություն չցուցաբերելով՝ հիվանդի ու հիվանդատիրոջ տանջանքները չավարտվեցին, բժիշկներից մեկի՝ տիկին Ջուլյային ու հիվանդին ծաղրելը տիկնոջը ստիպեց օր առաջ ուղղակի «փախուստի» դիմել այդ հիվանդանոցից: Քանի որ 82-ամյա Լեւոն Նահապետյանը ուռոլոգիական խնդիր է ունեցել, տիկինը խնդրել է նաեւ, որպեսզի ուռոլոգը հետազոտի. գուցե հիվանդի ցավերի պատճառը հենց դա է: Սակայն ուռոլոգիայի բաժնի վարիչ Արտակ Մադաթյանը ոչ միայն հրաժարվել է, նույնիսկ տիկնոջը վիրավորել է: Տիկին Ջուլյայի պատմելով՝ «Մադաթյանն իմ խնդրանքին ի պատասխան ասաց՝ հա, ես էս հիվանդին գիտեմ, ինչ ես առել սաղ հիվանդանոցներով ման տալիս, ի՞նչ ա, ուզում ես «գործիքն» աշխատի՞: Բժիշկներից մեկը միջամտեց, թե բա՝ չէ, բժիշկ, հիվանդի աղջիկն ա, Մադաթյանն էլ ասաց՝ հլը ճիշտն ասա՝ կի՞նն ես, թե՞ աղջիկը: Ես իմ կյանքում այսքան ստորացած ու վիրավորված դեռ չեմ եղել, չեմ հասկանում՝ դրանք բժի՞շկ են, թե՝ մարդկանց ծաղրող: Սա բավական չէր, բժիշկներից մեկն էլ ինձ ասաց՝ գոհ էղի, որ հիվանդիդ ընդունել ենք, արտասահմանում ընդհանրապես 80-անցներին չեն ընդունում հիվանդանոց, իսկ մենք մարդասիրական հիվանդանոց ենք: Շատ մարդասիրական են, ուրեմն եթե մարդը 80-ն անց է, այս հիվանդանոցից ուղիղ մորգ են ուղարկում»:
Կարդացեք նաև
Բժիշկների այս վերաբերմունքից հետո տիկին Ջուլյան, սպասելով շաբաթ-կիրակին էլ անցնի, երկուշաբթի օրը խնդրել է դուրս գրել իր հիվանդին. հիմա, ճիշտ է, գումար է պարտք վերցրել, բայց ամուսինը տնային պայմաններում է բուժում ստանում. «Ավելի լավ է՝ պարտք անեմ, քան դրանց ծաղր ու ծանակը լսեմ»:
Այս առնչությամբ «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի պարզաբանումը՝ առաջիկայում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ