Դուք եղե՞լ եք Մոնումենտի զբոսայգում: Ես շատ եմ եղել, որովհետեւ առաջ մոտերքում էինք ապրում՝ Արաբկիրում:
Եթե իմ մանկության աշնանային այդ զբոսայգում լճից բարձրանաք դեպի Մոնումենտ, որի անունով էլ կոչվել է զբոսայգին, այնտեղ, այն ծառուղում՝ Մոնթեի կիսանդրիից դեպի ձախ, կա մի անսովոր Ծառ: Հա, մեծատառով եմ գրում. հետո կասեմ՝ ինչու: Հաստ բունը բարձրանում է մինչեւ մարդաբոյ, իսկ հետո ճյուղավորվում երեք տարբեր ուղղություններով՝ հովանոցի նման: Դրա դիմաց շատ բան տեսած մի օղորմածիկ նստարան կար, որը հետո հերոսաբար զոհվեց մութ ու ցուրտ տարիներին՝ ջերմություն պարգեւելով մոտակա տներում ապրող ընտանիքներից մեկին:
Այդ նստարանին սիրում էի կարդալ ալբիգոյականների շարժման հայտնի գաղափարախոս Ռենե Շատոյի խորհրդավոր հնամաշ գիրքը, որը գտել էի հորս գրադարանում: Հեղինակը մի զարմանալի տեսություն է ներկայացնում, որի էությունը, որքանով ես այն ժամանակ հասկանում էի, հետեւյալն է: Ծնվելուց հետո մարդու առջեւ բազմաթիվ ու բազմապիսի հնարավորություններ են բացվում, եւ պարզ չէ, թե դրանցից որոնք կօգտագործի նա իրական կյանքում: Բայց կյանքի տարբեր հանգրվաններում մարդը ստիպված է լինում ճակատագրական որոշումներ կայացնել՝ ընտրել հնարավոր տարբերակներից ընդամենը մեկը, եւ մնացած՝ չօգտագործված հնարավորությունները ինքնաբերաբար անհետանում են, անցնում են պատմության գիրկը, ինչպես ծառի որոշ ճյուղեր են չորանում՝ նպաստելով, որ կենսական հյութը սնի գլխավոր ճյուղը: Եվ այդ գլխավոր ճյուղը հետզհետե վերածվում է հաստ բնի, մարդկային կյանք է դառնում…
Միշտ նայում էի դիմացի ծառին ու մտքումս հեգնում հեղինակին՝ բա ինչպե՞ս է, որ այս ծառի բունը ինչ-որ պահի բաժանվել է երեք հավասարազոր ճյուղի, որոնցից ոչ մեկն էլ իրեն կողմնակի, երկրորդական չի համարում ու ամենեւին չի պատրաստվում չորանալ՝ հօգուտ մյուսների: Հեգնում էի այնքան ժամանակ, մինչեւ հասա գրքի առեղծվածային մի պարբերության՝ «Սակայն որոշ, չափազանց ուրույն պայմաններում, որոնց հավանականությունը գրեթե հավասար է զրոյի, մարդը կարող է երկփեղկվել, եւ այդ դեպքում նրա երկու կամ ավելի էությունները կշարունակեն ապրել ինքնուրույն՝ միմյանցից առանձին կյանքով»:
Կարդացեք նաև
* * *
Բոլոր նորմալ պատանիների նման մշտապես սիրահարված էի, հանճարեղ բանաստեղծություններ էի գրում ու լակում: Բայց հետո, երբ Ռուբոյի նման մի օր արթնացա ու կյանքիս դժգույն դեմքը տեսա, իսկ նման բաներ բոլորիս հետ պարբերաբար պատահում են երկուշաբթի օրերին, որոշեցի հիմնովին փոխել կյանքս: Գնացի այդ ծառի մոտ ու խոստացա նրան, որ այսուհետ այլեւս երբեք մշտապես չեմ սիրահարվելու, ապուշ ոտանավորներ չեմ գրելու ու ամեն առավոտ պորտվեյնի դատարկ շշեր Ռայկոմի մթերայինում չեմ հանձնելու:
Եվ այդ պահին հանկարծ զգացի, որ զրո հավանականություն ունեցող ինչ- որ բան կատարվեց: Ծառը խշշաց, սիրահարված ու հանճարեղ բանաստեղծն անջատվեց ինձնից, կամ միգուցե ես անջատվեցի նրանից, բայց նա արհամարհական եւ կարեկցող հայացքով հաջողություն մաղթեց, եւ Ռուբոյի «Ծեր գնչուհին» շվշվացնելով ուղեւորվեց դեպի զբոսայգու դարպասը:
* * *
Երեւանը փոքր է. միեւնույն է՝ հանդիպելու էինք եւ հանդիպեցինք Պապլավոկում՝ ես ու ինձնից անջատվածը: Կամ ես՝ նրանից անջատվածը: Ու սկսեցինք թունդ վիճել, թե մեզնից ով է իսկականը: Եվ անջատվածներիս, իսկ իրականում իմ ու իմ միջեւ վիճաբանությունը վայ թե ծեծկռտուքի հասներ, եթե այդ պահին մեր սեղանին չմոտենար Ղարաբաղյան շարժման հայտնի դեմքերից մեկը եւ չառաջարկեր ինձ գնալ Մոնումենտ՝ զրուցելու շատ կարեւոր հարցի շուրջ: Մեծագույն հաճույքով բաժանվեցի արդեն երկու շիշ կոնծած ալկոհոլիկ էությանս հետ ու գնացինք Ծառի մոտ: Արդեն երեւի կռահում եք՝ ինչու եմ մեծատառով գրում…
Շարժման դեմքն ինձ առաջարկեց ելույթ ունենալ մյուս օրվա հանրահավաքում, ընդգրկվել ղեկավար կազմում՝ խոստանալով իշխանափոխությունից հետո բավական բարձր պաշտոն: Մելամաղձոտ երեւանյան աշուն էր, մոտավորապես այսօրվա նման. քամու նշույլ անգամ չկար, բայց Ծառը այն անգամվա նման հանկարծ խշշաց, ու միանգամից հասկացա, որ կրկին եկել է զրո հավանականություն ունեցող պահը:
Հրաժարվեցի գայթակղիչ առաջարկից: Կարծում էի, թե շարժման դեմքը կսկսի համոզել, բայց նա անմիջապես ինձ հաջողություն մաղթեց եւ հանդարտ քայլեց դեպի զբոսայգու դարպասը… ինչ-որ մեկի հետ: Ուշադիր նայեցի նրա ուղեկցին ու հանկարծ հասկացա, որ դա ես եմ… Այն ժամանակ դեռ չգիտեի, որ այդ եսը ելույթ կունենա հանրահավաքում, կընդգրկվի ղեկավար կազմում ու, ի վերջո, վարչապետ կդառնա:
* * *
Երբ արդեն երեքով մի օր հանդիպեցինք նոր՝ առագաստացած ու ճոխացած Պապլավոկում, վարչապետին ասացի՝ «Գոնե թիկնապահներիդ ասա՝ թող հեռու կանգնեն»: Բայց նա իսկական վարչապետի նման անպատասխան թողեց սովորական քաղաքացուս խնդրանքը եւ առաջարկեց միմյանցից զատվելու համար ամեն մեկիս անուն դնել: Պոետին առաջարկեց անվանել Ալկաշ: Պոետը, բնականաբար, կտրականապես դեմ էր, բայց պոետներին հիմա ո՞վ է բանի տեղ դնում: Հեգնական ատելությամբ հայացքը հառելով վարչապետին, պոետն ասաց՝ «Առաջարկում եմ քեզ էլ քո իսկական անունով կոչել՝ Կարիերիստ»: Ես միանշանակ կողմ էի: Բայց վարչապետը կանչեց թիկնապահներին եւ հրահանգեց ուղեկցել ինձ Պապլավոկի զուգարանը: Շտապեցի հավաստիացնել, որ բնական կարիքներ չունեմ, ու վարչապետի անունը մնաց Վարչապետ:
Իմ հարցում տարաձայնություններ չեղան: Երկուսն էլ համակարծիք էին, որ ես միանշանակ Ինժեներ եմ: Ոչ թե այն պատճառով, որ այդ մասնագիտությամբ եմ աշխատում: Պարզապես դեռ Սովետի ժամանակ կար այդպիսի կերպար՝ խղճուկ աշխատավարձով ու դժգույն կյանքով ապրող անշառ մարդ, որը խոհանոցում այլախոհ էր, կյանքում՝ երկչոտ կոնֆորմիստ: Չառարկեցի, որովհետեւ քաջ գիտակցում էի, որ երկուսն էլ ինձնից են սերվել, եւ ուրեմն ինժեներական էությունս մինչեւ վերջին բջիջը ուսումնասիրել են: Մանավանդ՝ բանաստեղծը: Նա հո ինձնից էլ լավ գիտեր, որ ամբողջ օրը հեղափոխական մտքերով եմ տարված, բայց շան պես վախենում են կյանքի ցանկացած փոփոխությունից: Ստիպում են գնալ նախագահի նախընտրական հավաքներին՝ սուսուփուս գնում եմ, ընդդիմությունն է Ազատության հրապարակում հայհոյում իշխանությանը՝ սուսուփուս լսում եմ: Ինժեներ եմ, բա ինչ եմ:
Երբ Ալկաշը շուտ մահացավ, ինչպես մահանում են բոլոր հանճարեղ բանաստեղծները, կարծում էի, թե նրա էությունը ինձ կանցնի, բայց խմել սկսեց Վարչապետը: Շատ չդիմացավ: Ու բոլորովին չզարմացա, երբ տեսա, որ Մոնումենտի Ծառի երկու ճյուղերը, բնականաբար, չորացել են: Երկու-երրորդս կորցնելով, մնացի այդ Ծառի պես մի կողմի վրա շեղված: Ու, հավատացեք, շատ դժվար է այդպես ծռված ապրելը, երբ չգիտես՝ դո՞ւ ես իսկականը, թե՞ նրանք էին: Ես հիմա նրանց միշտ նախանձում եմ՝ ոչ թե նրա համար, որ մեկը վարչապետ էր, իսկ մյուսը՝ բանաստեղծ: Պարզապես նրանք երկուսն էլ հաստատ համոզված էին, որ իրենք են իսկականը: Մարդ միշտ պիտի համոզված լինի, որ ինքն է իսկականը, որ կյանքում միշտ ամենաճիշտ տարբերակն է ընտրել: Իսկ ես համոզված չեմ: Ես հիմա շարունակ կասկածում եմ, որ նրանք ապրեցին այն կյանքը, որը ես պիտի ապրեի: Ու անընդհատ այդ մասին եմ մտածում՝ բոլոր հանրահավաքներին սուսուփուս կանգնած… Մոնթեի ծառուղում գեղեցիկ աշնան մեջ օրեցօր չորացող մի ճյուղ…
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ