Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է եղել, որ Գեւորգն ունեցել է փախստականի վկայական

Հոկտեմբեր 08,2013 14:15

Հայաստանի վարչական դատարանում  կայացավ Գեւորգ Ղարագյոզյանի հայցով նախնական դատական նիստը: Գեւորգը հայցադիմումի պահանջում անդրադարձել էր ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից իրեն փախստականի տեղեկանք չտրամադրելու որոշմանը: Մինչ այդ դատական նիստը, Գեւորգը 2009 թվականին եւս  դիմել էր Հայաստանի վարչական դատարան, որպեսզի դատարանն անվավեր ճանաչի ՄՊԾ-ի կայացրած վարչական ակտը, որով Միգրացիոն պետական ծառայությունը դադարեցրել էր նրա փախստականի կարգավիճակը: Ուշագրավ է, դատարանը բեկանել էր ՄՊԾ-ի վարչական ակտը մասնակի՝ ճանաչել էր Գեւորգին որպես փախստական, սակայն չէր պարտավորեցրել ՄՊԾ-ին հաստատել նրա փախստականի կարգավիճակը՝ բարենպաստ վարչական ակտ կայացնելով, որի հետեւանքով էլ ծառայությունը չի տրամադրում Գեւորգի՝ Հայաստանում փախստական լինելու մասին տեղեկանք:

Այս դատական նիստին բացակա էր ՄՊԾ-ի կողմից ներկայացուցիչը, սակայն այդ մասին փոստային ծանուցմամբ տեղեկացրել էր դատարանին, որ գործը քննվի առանց իրենց ներկայության: Ուշագրավ է, ՄՊԾ-ն Գեւորգի հայցադիմումին պատասխան չէր ուղարկել, սակայն դատարանին ուղարկել էր, որն էլ պատճառ եղավ, որ հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը դատարանից խնդրի 5 րոպե ընդմիջում: 5 րոպե հետո Աշխեն Եսայանը հայտնեց պատրաստակամություն՝ դատական նիստը շարունակելու: «Նշեմ, որ դատարանի կողմից հատատվել է Գեւորգի՝ Հայաստանում փախստական լինելու հանգամանքը, որը դատարանը հղում էր կատարել «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածին, ուստի Գեւորգի՝ փախստական լինելու վերաբերյալ ապացուցման կարիք չկա: Հետեւաբար, գտնում ենք, որ անձը հաստատված լինելով որպես փախստական, իրավունք ունի ունենալու փախստականի անձնագիր»,- դատական նիստի ժամանակ նշեց հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը: Ներկայացուցիչն անդրադարձավ ՄՊԾ-ի պատասխան գրությանը, որով նրանք նշում էին, թե՝ 1994 թվականին փախստականներին տեղեկանք տրամադրելու պահանջի մասին չի եղել որեւէ որոշում: Աշխենը հերքեց այդ մեջբերումը եւ հաստատեց, որ այդ ժամանակ եղել է հանձնաժողով, ովքեր տրամադրել են տեղեկանքներ: Նախագահող դատավոր Աղասի Դարբինյանը լսելով հայցվորի ներկայացուցչի փաստարկները, պահանջները, անհրաժեշտ համարեց պատասխանող կողմ ՄՊԾ-ին պարտավորեցնել, որպեսզի դատարանին ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերն այն մասին, թե ինչպե՞ս է եղել, որ Գեւորգն ունեցել է փախստականի վկայական, որն ուժի մեջ է եղել մինչեւ 2005 թվականը եւ ինչպե՞ս է տրամադրվել փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը՝ տրամադրման հիմքերը: Դատավորի այն հարցին, թե ինչպե՞ս է 2013 թվականին Գեւորգին տրամադրվել ճամփորդական փաստաթուղթ, Աշխենը պատասխանեց, որ դա տրամադրվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից, քանի որ վերջնական դատական ակտ դեռ չկա, իսկ արդյունքում կա փախստականների մասին օրենք, որով փախստականներին տրամադրվում է ժամանակավոր անձանգիր, քանի դեռ գործը գտնվում է դատարանում: Այդուհետեւ դատավորը եւս մեկ հարց ուղղեց Աշխենին. «Դուք հայցապանջի հիմքում նշել էիք, որ հայցվորը 2009 թվականին դիմել է ՄՊԾ՝ տեղեկանք ստանալու համար, որպեսզի դա ներկայացնի ԱՎՎ-ում՝ անձնագիր ստանալու համար: Հայցվորը 2005-2009 թվականների ընթացքում ունեցե՞լ է որեւէ փաստաթուղթ, թե՞…»: Աշխենը պատասխանեց, որ հայցվորն այդ ժամանակահատվածում որեւէ անձնագիր չի ունեցել:

Աղասի Դարբինյանն անհրաժեշտ համարեց նշանակել եւս մեկ նախնական դատական նիստ, որպեսզի դատարանին ամբողջությամբ ներկայացվի կողմերի ապացույցները:

Հաջորդ նախնական դատական նիստը կծանուցվի փոստային առաքմամբ:

Հատկանշական է, որ դեռեւս 2009 թվականին դատարանը Գեւորգի փախստական լինելու հանգամանքն ապացուցել էր, սակայն Միգրացիոն պետական ծառայությունն այդպես էլ չէր տրամադրել նրան փախստական համարվելու մասին տեղեկանք, իսկ արդյունքում՝ ՄՊԾ-ն անգործության է մատնում դատարանում՝ իրեն պատասխանողի կարգավիճակում լինելու հանգամանքը եւ հազվադեպ է ներկա գտնվում դատական նիստերին՝ նախընտրելով ծանուցել դատարանին, որ գործը քննվի առանց իրենց ներկայության:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031