Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բարիտոնը երգեց «սառույցի վրա»

Հոկտեմբեր 08,2013 14:05

Վերջին շրջանում մեզանում դասական երաժշտարվեստում էլ կազմակերպվում են շոուներ, կայանում համերգներ՝ դասականի ու ջազի համադրմամբ, մատուցվում է «դյուրամարս» հանրամատչելի երաժշտություն եւ այլն: Օրինակ՝ Ազգային օպերային թատրոնում ժամանակին անցկացված  «Երեք սոպրանո» կամ «Համերգ ճեմասրահում» ու «Նվագախումբ+» նախագծերի շրջանակներում թատրոնի նվագախմբի ու տարբեր ջազ-բենդերի միացյալ համերգները, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ներկայացրած` հոլիվուդյան ֆիլմերից սիրված երաժշտություն ծրագիրը եւ այլն:

Ազգային օպերային թատրոնի փոխտնօրեն Լեւոն Ջավադյանը «Առավոտին» հայտնեց, որ միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Բաբայանցը (բարիտոն) սեպտեմբերի 29-ին  աշխարհի  ամենամեծ բացօթյա օպերային թատրոնում՝ իտալական  «Արենա  դի Վերոնայում», որը միանգամից ընդունում է 30 հազար հանդիսատես, հանդես է եկել «Օպերա՝ սառույցի վրա» համաշխարհային նախագծում:

«Հռոմեական այս կառույցը՝ սկսած 18-րդ դարից, օգտագործվում է թատերական ներկայացումների համար եւ արդեն երկրորդ տարին է, որ տեղի է ունենում հիշյալ նախագիծը, ինչը  յուրօրինակ համադրում է դասական երաժշտության ու ձեւավոր չմշկասահքի: Սառցադաշտից բացի, բեմը նախատեսված է նվագախմբի, երգչախմբի համար, որոնք  հանդես են գալիս կենդանի կատարումներով: Դավիթ Բաբայանցը հանդես է եկել Բիզեի «Կարմեն» օպերայից տորեադորի քառյակներով, ինչն ուղեկցվել է շվեյցարացի  անվանի չմշկասահորդ, աշխարհի եւ օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Ստեֆան Լամբիելի ելույթով: Նվագախումբն էլ ղեկավարել է  հանրահայտ Ֆաբիո Մաստրանջելոն»,- տեղեկացրեց պարոն Ջավադյանը, հավելելով, թե կոնկրետ «Օպերա՝ սառույցի վրա» նախագիծը ուղղված է վերջին շրջանում Եվրոպայում օպերային արվեստի նկատմամբ  հետաքրքրության անկման դեմ: «Շոուում ներգրավված ձեւավոր չմշկասահքը զուգակցվում է համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշների հետ եւ  ասենք, երիտասարդ ունկնդիրը, որ, օրինակ, օպերային արվեստի երկրպագու չէ, փաստորեն, ակամա շփվում, ծանոթանում է օպերային գրականությունից հայտնի ու մեծ լսարան ունեցող հանրահայտ արիաների, դուետների հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Լեւոն Ջավադյանը նշեց, որ հունիսին աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալյեի երեւանյան համերգից հետո, որտեղ ելույթ ունեցավ նաեւ հայ բարիտոնը եւ  «Արենա դի Վերոնայի» հրավերով անմիջապես  մեկնել է Իտալիա, հանդես եկել Վերդիի «Տրավիատա» եւ «Սիմոն Բոկանեգրա» օպերաներում, ինչպես նաեւ մասնակցել «Դոմինգո-գալա» համերգում, այնպիսի ճանաչված օպերային երգիչների հետ, ինչպիսին են Պլաչիդո Դոմինգոն, Վիոլետա Ուրմանան, Դենիել Օրենին եւ այլք: «Դավիթը դեռեւս Իտալիայում է եւ պատրաստվում է «Արենա դի Վերոնա» թատրոնի հետ մեկնել Ճապոնիա հյուրախաղերի»,- հավելեց  մեր զրուցակիցը:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի պետական սառցե թատրոնը «Յուբիլեյնի» սպորտային կոմպլեքսում առաջին անգամ ներկայացել է «Օպերա՝ սառույցի վրա» շոուով:

Գուցե մեր չինովնիկներն էլ մտածեն այս նախագծի ուղղությամբ՝ օգտագործելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Դավիթ Բաբայանցը՝ Ստեֆան Լամբիելի հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031