Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը կողքներիս չի կանգնում»

Հոկտեմբեր 08,2013 13:59

Մոսկվայում Հայաստանը ներկայացրած երիտասարդ քանդակագործի դիտարկումները

Վերջերս Մոսկվայի «Բուրգանով կենտրոն» դասական եւ արդի արվեստի թանգարանում բացվել էր «Համագործակցություն» խորագրով ցուցահանդես, որն ամփոփել է Քանդակագործության միջազգային 5-րդ ուսանողական սիմպոզիումի արդյունքները: Ցուցադրվել են ԱՊՀ մասնակից երկրների` Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի լավագույն քանդակագործ ուսանողների աշխատանքները, որոնք ստեղծվել են սիմպոզիումի շրջանակներում:

Զրուցեցինք Ռուսաստանում մեր երկիրը ներկայացրած երիտասարդ քանդակագործ, քանդակագործության բնագավառում բազմիցս մրցանակներ շահած, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Քանդակագործություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Գեղամ Աբրահամյանի հետ:

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ հայ քանդակագործը եւ առհասարակ հայ արվեստագետը դրսում ավելի պահանջված է, քան իր հայրենիքում: Նա, մասնավորապես, ասաց. «Նախորդ տարիներին իմ քանդակագործ ընկերներն էլ են մասնակցել սիմպոզիումների, եւ պիտի ասեմ, որ հայ ստեղծագործողը շատ է տարբերվում (ազգային-ավանդական իմաստով նկատի չունեմ), իրոք, շատ ուժեղ ստեղծագործողներ ունենք, եւ դա մասնակիցներն իրենք էլ են զգում, նրանց համար իրենց ստեղծածը նախասիրության նման մի բան է կարծես թե: Ցավոք, անհամեմատելի են նաեւ այն հնարավորությունները, որոնք տալիս է նրանց իրենց պետությունը, եւ որոնք տալիս է մեզ մեր պետությունը: Հասարակ մի բան ասեմ` սիմպոզիումին մասնակցող բոլոր երկրների ներկայացուցիչներին հովանավորել էր իրենց պետությունը, իսկ իմ տոմսի գումարը ոչ մեկը չհովանավորեց, պատկերացրեք` ես Հայաստանն եմ ներկայացնում, մշակույթի նախարարությունում ասում են` մենք տեղյակ չենք, գնացեք կրթության նախարարություն եւ այլն, եւ այլն, ու գործընթացը պիտի երկու ամիս տեւի, մինչեւ որ ինձ ինչ-որ պատասխան տան: Ստիպված ես իմ միջոցներով եմ գնացել-եկել»:

Գեղամ Աբրահամյանը նաեւ հավելեց, որ  սիմպոզիումի մասնակիցները Հայաստան գալու ցանկություն են հայտնել: «Շատ էի ազդվել, որ Բելառուսի, Մոլդովայի եւ մյուս երկրների ներկայացուցիչները տպավորված էին իմ գործերով ու ասում էին, որ ուզում են գալ Հայաստան: Եվ դա իմ դասախոսների՝ քանդակագործներ Գարեգին Դավթյանի, Գետիկ Բաղդասարյանի, ընկերներիս, իմ միջավայրի տվածի արդյունքն է… Իհարկե, քեզնից է շատ բան կախված, բայց հզոր քանդակագործներ մենք ունենք իրականում, որոնք չեն գնահատվում: Նրանց ուսանողը գնում-հասնում է Մոսկվա, որտեղ ԱՊՀ երկրներից ժամանած երիտասարդ քանդակագործները հավաքվում են այդ ուսանողի շուրջը, հարցնում են` ո՞վ է քեզ սովորեցրել կամ ասում են` մենք ուզում ենք գալ Հայաստան եւ այլն, ու դա քո երկիրը կարծես չի տեսնում»,- ասում է երիտասարդ քանդակագործը:

Այն հարցին, թե մեր երիտասարդ քանդակագործները ի՞նչ խնդիրների են այսօր հանդիպում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նույնիսկ արվեստանոց չունենք: Ճիշտ է, կարող ես տանդ փոքր գործեր անել, բայց մի օր կնեղվես ու կմտածես երկիրդ լքելու մասին: Ախր չես կարող տանդ դնել քար տաշել, ֆիզիկապես հնարավոր չէ, իսկ ի՞նչ պիտի անես` նստես-խոսե՞ս, անընդհատ բողոքե՞ս, չէ, դու գործի մարդ ես, ստեղծագործելն ամենօրյա քո ներքին պահանջն է, դու ուղղակի չես կարող չնկարել, չքանդակել, իսկ ի՞նչ անես` անես այն, ինչ որ ուզո՞ւմ են, սրա-նրա ճաշակի՞ն ենթարկվես… Ուրեմն` պիտի թողնես-գնաս մի տեղ, որտեղ կկարողանաս նաեւ միջոցներ հայթայթել, առանց ճաշակդ փչացնելու, կկարողանաս ունենալ արվեստանոց եւ ստեղծագործել: Ես չեմ ասում` թող ինձ կամ բոլորին արվեստանոց նվիրեն, բայց գոնե ժամանակավոր կարող են, չէ՞, մի քանի հոգու տրամադրել, մինչեւ մենք ինքներս արդեն կկարողանանք ձեռք բերել»:

Գեղամ Աբրահամյանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ արվեստաբաններն այսօր կարծես թե այնքան էլ հետաքրքրված չեն ժամանակակից քանդակագործությամբ, եւ հավելեց. «Քանդակագործության մասին շատ քիչ են խոսում, քիչ են գրում, եւ ընդհանրապես ոլորտը քիչ է ուսումնասիրված: Ճիշտ է, կան արվեստաբաններ, ինչպես, օրինակ, Վարդան Ազատյանը, Վիգեն Ղազարյանը, որոնց հետ զրույցներ, քննարկումներ ունենում ենք, բայց դա շատ նեղ է»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Կասկադում տեղադրված արձաններին: «Ես դեմ չեմ «դրսի» աշխատանքներին: Ես, օրինակ, հավանում եմ Լին Չեդվիքի քանդակները, Ֆերնանդո Բոտերոյինն այնքան էլ չէ: Չեմ հավանում առյուծները, որոնք էսթետիկ ոչինչ չեն կրում իրենց մեջ, ոչ քանդակ են, ոչ ինչ-որ ասելիք ունեն: Չեդվիք քանդակագործի գործերը դնել այդտեղ եւ դնել այդ առյուծները, աբսուրդ է, այսինքն` չես կարող եւ այն սիրել, եւ  այն: Մի տեսակ կազմակերպված չէ. քանդակը միայն դնելով չէ, որ ինչ-որ մի տեղ վերցնես դնես: Պիտի հաշվի առնես միջավայրը, ընտրես տեղը. դա սարսափելի դժվար է: Երբեմն բաց տարածությունն էլ է ինքը ամեն ինչ, պարտադիր չէ` բերես ինչ-որ քանդակ դնես: Այսինքն` ճիշտ տեղում ճիշտ ֆորմա պիտի աշխատի, սա է: Ես ուրախ եմ, որ սա կա եւ ուրախ կլինեի նաեւ, որ մեր այսօրվա լավ քանդակագործների գործերը տեղադրվեին: Շատ մեծ սիրով կցանկանայի Գարեգին Դավթյանի, Սամվել Ղազարյանի, Գետիկ Բաղդասարյանի գործերից տեսնել քաղաքում տեղադրված: Իմ կարծիքով՝ նրանք այն քանդակագործներն են, որոնց գործերով հասարակությունը պիտի կրթվի»,- նշեց երիտասարդ արվեստագետը:

ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031