Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր միջավայրն է ուղղորդում մարդուն արարման

Հոկտեմբեր 08,2013 13:50

Սկիզբը

 Բժշկությունից՝ երաժշտություն

– Վահան, ձեր ընտանիքում մի տեսակ մասնագիտական կապվածություն կա,  եւ ընտանեկան ավանդույթը դուք եւս չեք խախտել՝ առաջին մասնագիտությամբ բժիշկ եք, ինչո՞ւ, ինչպե՞ս ստացվեց, որ բժշկությամբ չզբաղվեցիք:

-Ես, իհարկե, կարող էի բժշկականը չավարտել եւ զբաղվել այն գործով, որով զբաղված եմ,  բայց քանի որ  էությամբ պերֆեկցիոնիստ եմ, պարտավորված եղա նաեւ ակադեմիական կրթություն ստանալ, այսինքն՝ ընդունվել էի  ակադեմիան եւ ավարտեցի: Դա այն շրջանն էր, երբ նոր-նոր սկսել էին կարեւորել «ընտանեկան բժիշկ» մասնագիտացումը, եւ բուժֆակի մեր ամբողջ հոսքը դարձավ ընտանեկան բժիշկ:

Երբ մտնում ես որեւէ  ոլորտ, պիտի համապատասխանես չափանիշներին, որոնք պայմանավորում են այդ ոլորտը:  Իսկ դրա համար  համապատասխան կրթությունն անհրաժեշտ է: Սա պարզ տրամաբանություն է, որով առաջնորդվելով էլ ես փոխեցի իմ կյանքը, ինչը  բնական եմ համարում:

-Բայց դուք մինչ այդ էլ երգում եւ նվագում էիք…

-Իհարկե, դեռ բժշկականում ուսանելու տարիներին՝ 1984-ին  2-րդ կուրսում էի, երբ առաջին անգամ երգերս հնչեցրի համերգի տեսքով: Բեմի մարդու, կոմպոզիտորի համար շատ կարեւոր է այն շրջանը, երբ  հաստատում ես սեփական երգացանկդ: Իսկ դրա համար ժամանակ է պետք: 16 տարեկանից արդեն խումբ ունեինք,  բայց,  ըստ իս, սկիզբն այն պահից է,  երբ դու քո ստեղծագործություններով քո ուրույն դեմքն ես ներակայացնում հանդիսատեսին:  Ի դեպ, վեց տարի ես «Նարեկ» արական երգչախմբում եմ երգել, իսկ կոնսերվատորիա ավելի ուշ  գնացի: Մինչ այդ՝ դեռ 1983-84թթ.  պատիվ եմ ունեցել մասնակցելու Արթուր Մեսչյանի համերգներին, այսինքն, 2009 թվականի  իր համերգը մեր համագործակցության նոր շրջանն էր: Այս ամենին գումարվեց նաեւ՝ ակադեմիական երաժշտության հանդեպ  հետաքրքրությունս, որն ի վերջո ինձ տարավ կոնսերվատորիայի դուռը:

-Փաստորեն, երաժշտության բնագավառում ձեր նախասիրությունները՝  մի կողմից՝ ռոքը, մյուս կողմից՝ հոգեւոր երաժշտությունը խորհրդային տարիների համար, ըստ էության,  արգելված պտուղ էին համարվում: Ի հավելումն, ձեր հեղինակային երգերը, որոնց զգալի մասը  ցայտուն ազգային բնութագիր ու  քաղաքացիական դիրքորոշում ունեն: Միաժամանակ, շատ մելոդիկ ու քաղաքային են…

– 70-ականներին կիթառային երաժշտություն՝ որպես այդպիսին, չկար էլ եւ իսկապես,  արգելքի տակ էին  եւ՛ ռոքը,  եւ՛ հոգեւորը: Մեծ հաշվով,  Կոմիտասն էլ առանձնապես չէր պրոպագանդվում: Եթե կհիշեք՝ հիմնականում շեշտը դրված էր աշուղ-գուսանական արվեստի վրա եւ դատարկամիտ սովետահայկական էստրադայի, որը մինչ օրս շարունակվում է:

 

«Նարեկ» երգչախմբի միստիկ մթնոլորտում

«Նարեկ» արական երգչախմբի մեր պարապմունքները ԳԱԱ երկրաբանության ինստիտուտում էին տեղի ունենում, կարելի է ասել՝ երեկոյան:  Ընդ որում, Սիմոն Աչիկգյոզյանի՝ Դեդի շնորհիվ: Երբ արդեն  ակադեմիայում աշխատանքային ժամն ավարտված էր լինում,  այսինքն՝ ժամը 20-21-ին,   թաքուն գնում էինք դահլիճ  մտնում:  Քանի որ  Սիմոնն ինստիտուտում մեծ հարգանք էր վայելում, կենսաբանության ինստիտուտի սրահը ուշ ժամերին կարողանում էինք օգտագործել: Բանալին իր մոտ էր, բացում էր, մտնում էինք: Իրականում, երբ ասում եմ մթնոլորտն է ուղղորդում, ճիշտ եմ ասում: Տեսեք, «Նարեկի» առաջին կազմն ովքեր էին՝ «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայան, Սիմոն Աչիկգյոզյան՝  ազգային հերոս, Մկրտիչ Մկրտչյանը,  որը երգչախմբի  եւ՛ ղեկավարն էր, եւ՛ խմբավարը՝  այժմ Սորբոնի համալսարանի  պրոֆեսոր: Յուրաքանչյուր անուն, որ թվարկում եմ, բացառապես բոլորը (բնականաբար,  նաեւ՝ Վահան Արծրունին- Ա. Ե.) վառ անհատականություններ են, որոնց միջավայրում ձեւավորվում է իրական վերաբերմունքը իրական արժեքին, այսինքն՝ մեր հոգեւոր երաժշտությանը:  «Նարեկ»-ում մենք երգեցինք բոլոր պատարագները եւ կոմիտասյան՝ բոլոր՝  արական երգչախմբի համար գրված  գործերը: Իմ կրթությունը եւ  իմացությունները հայ հոգեւոր երաժշտության ոլորտում ես այդտեղ եմ ստացել:  Իսկ կոնսերվատորիայում  հայտնվեցի հենց  Մկրտիչ Մկրտչյանի աջակցությամբ, այսինքն`  ինքն իմ փոխարեն գնաց հանձնեց գործերս, ու ես հայտնվեցի Գոհար Գասպարյանի դասարանում:

 

Իմ հերոսները՝ Մաշտոց եւ Կոմիտաս 

– Ժամանակի հեռավորությունից եթե բնութագրելու լինենք  անհատներին՝ իրենց կատարած գործով եւ իրենց անուրանալի դերակատարմամբ ազգի,  հայրենիքի հանդեպ,  հայ մշակույթի ասպարեզում, ի վերջո, ո՞ւմ  կառանձնացնեիք:

-Իհարկե՝ Կոմիտաս, եւ իհարկե՝  Մաշտոց, որովհետեւ նրանք շրջադարձային երեւույթներ են մեր մշակույթի մեջ: Մաշտոցն այբուբենի գյուտով եւ ազգային դպրոցի հաստատմամբ, որի շնորհիվ մեզանում տեղի ունեցավ եւ՛ գիտակցական, եւ՛ մշակութային, եւ՛ մենթալ փոփոխություն, եւ  Կոմիտասը, որը    շատ վաղ հասակում գիտակցեց,  թե ինչին է նվիրելու իր կյանքը, որն է իր նպատակը,  եւ ի վերջո՝ վերադարձրեց մեզ այն, ինչը հիմքն է մեր մշակութային էության:

-Աղասի Այվազյանի տեսության համաձայն, մարդն իր երեխայի մեջ չէ, որ պիտի հավերժի, այլ՝ ազգի մեջ: Ես ծնողներիս զավակը չեմ, ազգի զավակն եմ՝ որքանո՞վ եք համամիտ այս դիտարկմանը: 

-Եթե Կոմիտասի օրինակով նայենք՝  այդպես է: Կոմիտաս երեւույթը ազգային մշակույթն է ձեւավորել, ստեղծել: Ընդհանրապես, երաժշտության մեջ խոշորագույն օրինակները,  արժեքավոր ամենայն ինչը  ազգային մշակույթի հետ կապ ունի:

 

Ովքե՞ր են մեր օրերի հերոսները, ո՞ւր  են նրանք

– Հերոս կարող է կոչվել մարդն իր որոշակի արժանիքների համար: Բոլոր այն մարդիկ, որոնք շնորհիվ այդ հատկությունները կրելու՝ ազգին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար կարող են լինել  մեր ժամանակի հերոսը, անցած 20 տարիների ընթացքում վարկաբեկվեցին կամ ընդհանրապես հեռացվեցին դաշտից՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Այսինքն, մեր նորագույն պատմությունը հսկայական քանակի անուններ տվեց՝  հանձինս այն տղերքի, որոնք ամենաբարձր իդեաները պաշտպանելով եւ դրանցով առաջնորդվելով՝ ռազմի դաշտ ելան: Ավելի վեհ եւ ճշմարիտ հերոսության դրսեւորում դժվար է պատկերացնել, ընդ որում, դա տեղի ունեցավ մեր օրերում՝ ընդամենը 20 տարի առաջ:

-Ըստ ձեզ, ինչո՞ւ այդպես եղավ, գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ մենք առայսօր ըստ արժանվույն չենք գնահատել արցախյան պատերազմում տարած  մեր հաղթանակը:

– Մի օր նրանք ռազմի դաշտից վերադարձան իրենց տները եւ հասկացան՝ երբ իրենք  կանգնած թշնամու դեմ երկիրն էին պահում, երկրի ներսում մնացածներն  արդեն հաստատվել էին  իրենց ռեստորանահյուրանոցային  եւ մնացած բոլոր ոլորտներում,  բիզնեսներ էին սկսել՝ այդ ընթացքում վերաբաշխելով հանրային  սեփականությունը:  Իսկ  կռվող տղերքը, նրանց ընտանիքները մեծ հաշվով  մնացին ձեռնունայն:

Ի դեպ, այս համատեքստում հռոմեական  կայսրությունը հստակ քաղաքականություն էր վարում  լեգեոներների հանդեպ,  եթե անգամ վերջինս   ուրիշ ազգի ներկայացուցիչ էր:  Երբ ավարտվում էր ծառայության շրջանը, ցանկացած լեգեոներ միանգամից   դառնում էր Հռոմի քաղաքացի, այսինքն,   քաղաքակիրթ աշխարհի մասնիկը՝  իր նախընտրած գավառում, կայսրության ներսում՝ ստանալով նաեւ  սեփականություն: Բացի այդ,  լեգեոների սերունդների, երեխաների կրթության հոգսը  Հռոմը վերցնում էր իր վրա:  Ասել է, թե՝  ազատամարտիկը, պետության զինվորը արտոնյալ պիտի լինի, հակառակ դեպքում դու՝ պետությո՛ւն,   կամովի հրաժարվում ես քո այն հերոսական տարրից, որը դաստիարակում է հերոսներ: Այսինքն, բավական է արժեզրկել այդ տարրը եւ սերունդը պառակտվում է, այլասերվում, քանզի իդեալ չունեցող սերունդն  ի վերջո սկսում է քանդել իր իսկ  պետությունը: Իսկ ինչ տեղի ունեցավ մեզանում.  այդ իդեալը դուրս բերվեց դաշտից, դուրս մղվեց, քանի որ իդեալկրիչներն առաջին հերթին ազնիվ մարդիկ էին, այն տարրն էր, որը թույլ չէր տա, որ  անօրինությունը ծաղկի  սեփական երկրում:  Ահա թե ինչու  մեր իրականության մեջ էլ իդեալ չկա…

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մկրտիչ Մկրտչյան says:

    «Այդ Խաչիկյանը ես եմ…»
    Ես եմ այդ Մկրտիչ Մկրտչյանը՝ «Նարեկ» երգչախմբի ղեկավարը:
    Վա՜յ, Վահա՛ն, Վահա՛ն, թարս ու շիտակ բաներ ես պատմել…
    Ասեմ, որ ես Վահանին շատ սիրում եմ ու շատ ուրախ եմ, որ նրա կյանքում ինչ-որ դերակատարություն ունեցել եմ:
    …Նախ, Սիմոնի ազգանունը Աչիքգյոզյան է, ոչ թե Աչիկգյոզյան, թուրքերենից է գալիս, որը նշանակում է բաց (աչիք) աչք (գյոզ), «աչիկ»-ը ոչ մի կապ չունի: Սիմոնը՝ ինքը ողջ կյանքում պայքարել է իր ազգանունը աղավաղելու դեմ:
    2. Երկրաբանության ինստիտուտի դահլիճում մենք երբեք գաղտնի չենք պարապել, ճիշտ է, բանալին Սիմոնի մոտ էր, ինքն էր բացում, փակում, որովհետև սովորություն ուներ ուշ ժամերի աշխատելու, բայց ես օրինական թույլտվություն էի վերցրել:
    3. Ես երկու տարի սովորել եմ Սորբոնի երաժշտագիտական բաժնում, բայց որպես դասախոս այնտեղ երբեք չեմ աշխատել: Երգեցողություն եմ դասավանդում Վոքրեսոն քաղաքի (Փարիզի արվարձաններից մեկի) կոնսերվատորիայում: Պետք չէ ինձ վերագրել մի բան, որ չեմ արել:
    Իհարկե, հեռվից մշտապես հետաքրքրվում եմ Հայաստանի երաժշտական կյանքով, ուրախ եմ Վահանի հաջողությունների համար: Իսկ երբ դիտեցի «Երգ երգոց»-ի Կոմիտասին նվիրված հաղորդումը, որտեղ Վահանը նստած էր, այսպես ասած, «գնահատողների» մեջ, ես ուղղակի հպարտացա Վահանով: Երբ մյուսները, որ պրոֆեսիոնալ երաժիշտներ են համարվում, գովերգում էին Կոմիտասի երաժշտությունը աղավաղողներին, միակ ճիշտ գնահատականը Վահանն էր տալիս:
    Լավ եղի՛ր, Վահան ջան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031