Լրահոս
Օրվա լրահոսը

King Crimson-ը վերադառնում է

Հոկտեմբեր 08,2013 13:45

Պրոգրեսիվ ռոքի լեգենդ King Crimson խումբը վերադառնում է: Այս լուրն արդեն հասցրել է բուռն քննարկումների թեմա դառնալ ռոքի այդ ենթաոճի երկրպագուների շրջանակներում: King Crimson-ի գաղափարախոս եւ առաջատար, կիթառահար Ռոբերտ Ֆրիպը խմբի` ակտիվ գործունեության վերադառնալն ազդարարեց իրեն պատկանող լեյբլի` Discipline Global Mobile-ի պաշտոնական կայքում գրառման միջոցով:

Սեպտեմբերի 24-ին Discipline Global Mobile-ի կայքում տեղադրվեց Ռոբերտ Ֆրիպի օրագրի` սեպտեմբերի 6-ի ամսաթվով գրառումը, որում նա, մասնավորապես, գրում է. «King Crimson VIII-ը շարժվում է դեպի նյութականացման հաջորդ փուլ: King Crimson-ը շարժման մեջ է: Սա շատ ավելի ուրիշ վերակազմավորում է, քան եղել է նախկինում` յոթ երաժիշտներ, որոնցից չորսն անգլիացի են եւ երեքն` ամերիկացի, երեք հարվածահարներով: Քրիմի յոթգլխանի գազանն «առա՛ջ» կարգավիճակում է»: Ավելի ուշ հայտնի դարձավ, թե հատկապես ովքեր կլինեն King Crimson-ի` թվով 8-րդ մարմնավորման կազմում: Այդ երաժիշտներն են` հարվածահարներ Գեվին Հարիսոնը, Բիլ Ռիֆլինը եւ Փաթ Մասթելոտոն, բաս կիթառահար Թոնի Լեվինը, սաքսոֆոնահար Մել Քոլինզն ու կիթառահարներ Ջակո Ջեքչեկը եւ Ռոբերտ Ֆրիպը: Բացի Բիլ Ռիֆլինից, բոլոր երաժիշտներն այս կամ այն կերպ համագործակցել են Ռոբերտ Ֆրիպի հետ` կամ King Crimson-ի կազմում, կամ` Ֆրիպի բազմաթիվ նախագծերից մեկում նվագելով (իսկ որոշ դեպքերում` երկուսը միաժամանակ): Բիլ Ռիֆլինը նախկինում աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են R.E.M.-ը, Ministry-ն, Nine Inch Nails-ը եւ ուրիշները: Ցավոք, խմբի երկարամյա մասնակից, կիթառահար եւ երգիչ Ադրիան Բիլյուն նոր King Crimson-ի մաս չի կազմի: Այս մասին նա գրել էր Facebook-ում իր պաշտոնական էջում: 2012-ին, King Crimson-ի ստեղծագործական ժառանգության շուրջ երաժշտական ընկերությունների հետ երկարատեւ պայքարներից հետո, Ռոբերտ Ֆրիպը հայտարարել էր, թե մտադիր է հեռանալ երաժշտական ասպարեզից, քանի որ դրա գործարար կողմը նրա սրտով չէ: «Ես չէի կարողանում կենտրոնանալ երաժշտության վրա, եւ որոշում եմ կայացրել՝ ավարտել իմ կարիերան որպես երաժիշտ, որպեսզի գործերը կարգի բերեմ,- ասել էր նա, – ամեն ինչ շատ հեշտ է. 40 տարի առաջ կար շուկայական տնտեսություն: Այսօր կա շուկայական հասարակություն, երբ ամեն ինչ, այդ թվում՝ էթիկան, գին ունի»: Այժմ, երբ Universal Music Group-ի կարգավիճակը փոխվել է, այդ տարաձայնությունները, հավանաբար, լուծվելու փուլում են, ինչը հնարավորություն է տվել Ռոբերտ Ֆրիպին 1968-ին իր կողմից հիմնած խմբի ապագայի մասին մտածել: Այնուամենայնիվ, խմբի լիակատար վերադարձը համերգային գործունեության՝ որոշակի ժամանակ կպահանջի: Այս կապակցությամբ Ռոբերտ Ֆրիպը գրում է. «Բոլոր «քրիմերը» մեծ ոգեւորություն դրսեւորեցին «առա՛ջ» կարգավիճակին վերադառնալու կապակցությամբ: Հաշվի առնելով բոլոր անդամների լուրջ պարտավորությունները, մեկ տարի կպահանջնվի, որպեսզի Crimson-ն ի վիճակի լինի ելույթ ունենալ: Մենք մեկ տարի ունենք` կատաղի բազմազանության գործունեությանը նախապատրաստվելու եւ 2014-ի սեպտեմբերին «առա՛ջ» կարգավիճակում լինելու համար: Բայց, ամենակարեւորը, King Crimson-ը շարժման մեջ է»:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031