Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոդատարան դիմած ԳԱԼԱ -ն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները չխանգարեն հեռուստաընկերությանը

Հոկտեմբեր 08,2013 13:21

 2007 թվականի հոկտեմբերից տարաբնույթ հալածանքների ենթարկվող Գյումրու անկախ լրատվական ալիքի բողոքը ընդդեմ Հայաստանի Հանրապետության հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նկատի ունենալով, որ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթը ցուցադրելուց հետո՝ այս հեռուստաընկերության հետևից ընկել էին տարբեր գերատեսչություններ ու կառույցներ, հարկայինը թվեր էր նկարում` պնդելով, որ ԳԱԼԱ-ն թաքցրել է իր եկամուտները, խուսափել հարկային պարտավորությունները կատարելուց, Գյումրու քաղաքապետարանը հեռուստաշտարակն էր ձեռքից խլում, ԱԱԾ-ն փախցնում էր հեռուստաընկերության գովազդատուներին, ՀՌԱՀ-ն էլ թվանշանային եթերի համար հայտարարված մրցույթում եթերազրկեց հեռուստաընկերությունը, Aravot.am-ը Galatv.am կայքի խմբագիր Արմենուհի Վարդանյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ի ՞նչ պահանջ է ներկայացրել հեռուստաընկերությունը Եվրոպական դատարանին:

«Հայցադիմումը ներկայացվել է դեռևս 2009 թվականին, և բավականին ծանրակշիռ է այն առումով, որ այդ ընթացքում` 2007թ.-ից մինչև 2009 թվականն ընկած բոլոր փաստերը ներկայացվել են ամենայն մանրակրկիտությամբ, որևէ բան գրեթե բաց չի թողնվել, բայց միայն այդ ժամանակահատվածի ընթացքում` սկսած առաջին զանգերից, վերջացրած դատական պրոցեսների ժամանակ կատարված յուրաքանչյուր միջնորդություն, յուրաքանչյուր պահանջ ներկայացվել է Եվրոպական դատարանին: Հենց սկզբում նշվում է այն, ինչը եղել է 2007 թվականին, ինչն է սկիզբ դարձել իշխանական տարբեր գերատեսչությունների հետապնդումների համար: Եվրոպական դատարանին ներկայացված դիմումի մեջ ավելի ծանրակշիռ ներկայացվում է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ընդդեմ Չապ ՍՊԸ-ի գործը: Այսինքն` ավելի ծանրակշիռ հենց հարկայինի մասով է ներկայացված. ծանրակշիռ ասելով ի նկատի ունեմ դատաքննության ընթացքում բոլոր մանրամասները, մեր պետական դատական ատյաններում փաստաբանի բախված բոլոր խնդիրները, երբ որ փաստաբանը ներկայացրել է գործին առնչվող կարևոր, ըստ էության միջնորդություններ, սակայն դրանք դատարանը չի բավարարել: Հարկային գործով բազում են այդպիսի միջնորդությունները: Ինչպես գիտեք, հարկայինի գործը հիմնված էր այն բանի վրա, որ ԳԱԼԱ-ն հարկեր է թաքցրել պետությունից , հայցադիմումում մանրամասն ներկայացված է`կարո՞ղ էր արդյոք հեռուստաընկերությունը այդքան հարկ թաքցնել, կարո՞ղ էր արդյոք ԳԱԼԱ-ն, լինելով մասնավոր հեռուստաընկերություն, ունենալ այդքան եկամուտ ու թաքցնել: Այսինքն` փաստերով ապացուցված ու ներկայացված է յուրաքանչյուր դրվագ:

Իսկ թե ի՞նչ պահանջ է ներկայացվում, ո՞րն է դիմումի առարկան, նշվում է, որ «հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքական հետապնդումները, հարկային ճնշումները և տարբեր տեսակի միջնորդությունները դեռևս շարունակվում են և հնարավոր չէ այս պահին ճշգրիտ հաշվարկել նյութական, բարոյական վնասների ամբողջ ծավալը, դատարանին ենք ներկայացնում, որ թվարկված վնասների մանրամասն հաշվարկը կներկայացնենք սույն դիմումը դատարանի կողմից ընդունելի համարվելուց հետո»: Այսինքն` մեր դիմումը 2009 թվականին է ներկայացվել, բայց 2009 թվականից հետո բազում իրադարձություններ են զարգացել ԳԱԼԱ հեռուստաընկերության շուրջ, իշխանությունը չի դադարել միջամտել, իշխանությունը չի դադարել տարբեր միջոցներով հեռուստաընկերությանը լռեցնելու փորձեր անելուց և այլն: Այդ ընթացքում հեռուստաընկերությունը բնականաբար կորուստներ ունեցել է, որը մենք չենք արձանագրել Եվրոպական դատարանին ուղղված բողոքի մեջ »,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, այդ կորուստներից մեկն էլ հեռուստաընկերությունը չստացավ լիցենզիա, չնայած որ ՀՌԱՀ-ին ներկայացրել էր բավականին ծանրակշիռ փաթեթ: «Մենք ներկայացրել էինք անհամեմատ ավելի մրցունակ փաթեթ, քան հակառակ կողմն էր ներկայացրել: Այս բոլորը հետագայում ներկայացնելու հարցեր են, այժմ սկսվում է ամենակարևոր փուլը` կարևոր էր իհարկե, որ Եվրոպական դատարանը վարույթ ընդունեց մեր գործը, և նշվում է, որ փորձը` եվրոպական նախադեպը, ցույց է տալիս, որ եթե արդեն վարույթ է ընդունվել գործը, ուրեմն եվրոպական դատարանը խախտում է արձանագրել կամ արձանագրելու է առաջիկայում, այսինքն` դա արդեն կարևոր հանգամանք է»:

Իսկ ինչքա՞ն կտևի հայցի քննությունը ու ի՞նչ ակնկալիքներ ունի հեռուստաընկերությունը Եվրոպական դատարանից: «Զրուցել եմ փաստաբանների հետ, 2-3 տարի մոտավոր ժամկետ է նշվում, բայց միևնույն ժամանակ նշվում է, որ Եվրոպական դատարանն ինքն է որոշում, որ գործը ինչ ժամկետում կարգավորել, դա կախված է գործի ծանրակշռությունից, փաթեթից և այլն: Եղել են գործեր, որոնք ավելի շուտ են ներկայացվել, սակայն դեռևս վարույթում չեն հայտնվել, իսկ ԳԱԼԱ-ի գործը արդեն վարույթում է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Արմենուհի Վարդանյանի, իրենց ակնկալիքն այն է, որ այսուհետ ՀՀ իշխանությունները չխանգարեն հեռուստաընկերության գործունեությանը, զերծ մնան արհեստական միջամտությունից, քանի որ յուրաքանչյուր կառույց անում է իր գործը, տվյալ դեպքում՝ ԶԼՄ-ն էլ կատարում են իրենց Սահմանադրությամբ վերապահված աշխատանքը:

Արմենուհի Վարդանյանի ասելով, ԳԱԼԱ-ի գործը պետք է դառնա նախադեպ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև 47 պետությունների համար: «Ես ուզում եմ դառնա նախադեպ, որպեսզի իշխանությունները հստակ հասկանան, որ ցանկացած լրատվամիջոցի դեմ ցանկացած արհեստական եղանակով հարկային, վարչական, չգիտեմ ինչ ճնշումներ գործադրելու դեպքում, իրենք տանուլ են տալու, տապալվելու են»,- ասում է Galatv.am-ի խմբագիրը:

Ըստ նրա, հարկային կողմից «Ռադիոհայ»-ում կատարվող ստուգումների մասին լսելով, իրենք արդեն իսկ ենթագիտակցորեն հասկանում են, որ այս ամենից ևս լավ հոտ չի գալիս և որոշակի նմանություններ են տեսնում իրենց ու այս լրատվամիջոցի գործերի միջև:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031