Երիտասարդ եւ կրթված երիտասարդների շրջանում կատարված հարցումների համաձայն, տնտեսական պատճառներից բացի՝ Հայաստանից արտագաղթելու որոշումը պայմանավորված է նաեւ մասնագիտական աճի եւ զարգացման հնարավորությունների պակասով, ինչպես նաեւ իրավունքի պաշտպանության, ժողովրդավարության եւ կառավարման ավելի բարձր մակարդակ ունեցող հասարակություններում ապրելու ցանկությամբ: Սա պարզել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ կատարված հետազոտությունները: Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած համաժողովին ներկայացվեցին այդ հետազոտության արդյունքները: Ուսումնասիրությունը կատարվել է՝ պարզելու մեր երկրի ժողովրդագրական վիճակը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանի համոզմամբ, այսօր ժողովրդագրական մարտահրավերները ցանկացած պետության համար մարտահրավեր են, ուղղակի կան երկրներ, որոնք ընդգծված խնդիրներ ունեն, որոնց թվին է պատկանում Հայաստանը:
Ըստ փոխնախարարի, 88-ի երկրաշարժը, Խորհրդային միության փլուզումը, Արցախյան պատերազմը, քսան տարուց ավելի ձգձգվող շրջափակումը նպաստել են մեր երկրի ժողովրդագրական խնդիրներին. «Այսօր աղքատությունը 35 տոկոս եւ ավելի է, միգրացիոն հոսքերը հնարավոր չէ կանխել, առողջապահական լուրջ խնդիրներ կան, ծնելիությունը չափվում է մեկ ու հինգ գործակցով, որը նույնիսկ պարզ վերարտադրություն չի ապահովում»:
Արիզոնայի համալսարանի ներկայացուցիչ Վիկտոր Աղաջանյանը, որը ներկայացրեց, թե միգրացիան ինչ հետեւանքներ է թողնում գյուղական համայնքների վրա՝ վստահեցրեց, որ միգրանտներն այնքան էլ մեծ ներդրումներ չեն անում իրենց հայրենի ծննդավայրում: Հետազոտությունը պարզել է, որ գյուղական բնակավայրերի միգրանտները նախընտրում են վաստակած գումարները ներդնել երկրի առավել բարգավաճ բնակավայրերում:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, Ղրղզստանում էլ է միգրացիան բարձր տոկոս կազմում, բայց այնտեղ պտղաբերությունն էլ է բարձր, ինչը փոխհատուցում է:
Ըստ պարոն Աղաջանյանի, միգրացիայի են դիմում այն ընտանիքները, որոնք ավելի քիչ անասուններ ու հող ունեն կամ ընդհանրապես չունեն. «Ճիշտ է միգրացիան որոշ չափով բարելավում է գյուղացիների տնտեսական վիճակը, բայց գյուղատնտեսության մեջ էական տարբերություն չի լինում, օրինակ` անասնագլխաքանակը չի ավելանում, գյուղացիները հազվադեպ են ավտոմեքենա ու հողատարածք ձեռք բերում»: Հետազոտությունը պարզել է, որ միգրանտ ունեցող ընտանիքներում կանանց զբաղվածությունը պակասում է:
Հարցին, թե Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելն արդյոք կավելացնի՞ մեր երկրից միգրացիայի հոսքը դեպի Ռուսաստան, պարոն Աղաջանյանն ասաց՝ միգրացիան առանց այն էլ բարձր է եւ դա էական ազդեցություն չի ունենա:
Նրա կարծիքով, «այ, եթե Ասոցացման համաձայնագիրը վավերացնեինք, դեպի Եվրոպա միգրացիան հնարավոր էր կավելանար»:
Վիկտոր Աղաջանյանի խոսքերով, միգրացիան անխուսափելի է, բայց մենք որպես երկիր պետք է այնպես անենք, որ միգրանտները կապված մնան Հայաստանին:
«Հայաստանի բնակչության թվի անկումը» խորագրով ՄԱԿ-ի զեկույցին անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը նույնպես փաստեց, որ Հայաստանը ծերացող պետություն է, ծնելիության անկումն էլ լուրջ սպառնալիք է երկրի ժողովրդագրության համար: Նրա կարծիքով պետք է ճիշտ մշակել գենդերային քաղաքականությունը եւ այս հարցը չքաղաքականացնել, ինչպես այս օրերին անում են մի շարք ուժեր. «Առանց քարանձավից դուրս գալու երբեւէ արեւը չի ջերմացնի ձեզ, մենք պետք է փորձենք քարանձավից դուրս գալ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ