Ս.թ. հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը` դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ողջունելով դիվանագիտական դպրոցի նախաձեռնությունը՝ կազմակերպելու ամենամյա այցեր, արտաքին գործերի նախարարը նշել է, որ դրանք արդեն ավանդական բնույթ են ստացել, և համոզմունք է հայտնել, որ նման այցերը թույլ են տալիս ապագա դիվանագետներին ավելի ճշգրիտ և մանրամասն կարծիք կազմել Արցախի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին:
Կարեն Միրզոյանը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, նախարարության առջև դրված խնդիրները, ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքն ու գործառույթները։
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:
Կարդացեք նաև
Հանդիպման վերջում նախարար Կարեն Միրզոյանը պարգևատրել է Վահե Գաբրիելյանին ԼՂՀ ԱԳՆ 20 ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալով։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն