Լրահոս
Օրվա լրահոսը

ճարտարապետ. «Փակ շուկան կորավ անվերադարձ»

Հոկտեմբեր 08,2013 12:14

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը «Փակ շուկան» չի համարում բացված:

«Պաշտոնապես դեռ չի բացվել: Այն բլեֆը, որ կատարվեց՝ մի քանի սեղան տրամադրվեց միրգ վաճառողներին, դա չի նշանակում, շուկան բացվեց: Ինչ վերաբերում է՝ բա ուր էին ակտիվիստները հարցին, բոլորովին պարտադիր չէ, որ ակտիվիստները քնեն պատերի տակ եւ տեսնեն թե երբ է բացվելու, որ արագ արձագանքեն»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց Հակոբյանը:

Նա ասաց, որ «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը գործընթացը ավարտված չի համարում. «Սա նոր ծավալուն գործընթացի սկիզբ է, եւ վաղվանից սկսելու ենք ամենօրյա ակցիաները շուկայի առջեւ: Սա չի կարող անարձագանք ու աննկատ մնալ քաղաքացիների կողմից: Կրկնակի ցավ կա՝ վերացավ հուշարձանը, որը հետագայում անպայման կվերականգնվի եւ վերացվեց պետականությունը, հասցվեց խոշորագույն հարված պետականությանը՝ որպես կառույց: Երբ մեկը, չունենալով կրթություն եւ էսթետիկա, որոշում է մի բան քանդել, դա ընդունելի չէ, բայց հասկանալի է, որ նրա ճաշակն ու պատկերացումները հուշարձանի մասին այդքանով ավարտվում են, բայց եթե պետության մեջ չկա մի ձեռք, որ ե՛ւ գեղագիտական ե՛ւ օրենքով կսաստեր դրան, համարում եմ ոչ միայն նախաձեռնության, այլեւ պետության կորուստ: Պետության մեջ չկա մի օղակ, որը կկարողանար կանխել այս հանցագործությունը»:

Հակոբյանի խոսքով, մշակույթի նախարարության կազմում գործող հուշարձանի պահպանությամբ զբաղվող կառույցները պետք է փակվեն. «Եթե շուկայի պաշտոնական բացումը կայանա, այդ բոլոր հիմնարկները պետք է փակվեն, բյուջեից կտրեն դրանց սնուցումը, որոնք պարտավոր էին կանխարգելել ապօրինի շինարարությունը, բայց չարեցին, դրանք անիմաստ հիմնարկներ են, թող բարի լինեն լուծարվեն, հրաժարական տան»:

Նախախորհրդարանի անդամ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ խաժամուժի գործողությունները պետականության կործանում չի համարում. «Համոզված եմ, որ այս իրավիճակային փուլերում քաղաքացիական հասարակության ավելի թույլ հանդես գալը ամենեւին չի նշանակում, որ Սուրիկ Խաչատրյանը, Սամվել Ալեքսանյանը հաղթող են, նրանք որպես ՀՀ քաղաքացիներ հարված են հասցնում հենց իրենց արժանապատվությանը: Այսօր չպետք է հարցնենք, իսկ ուր էին ակտիվիստները, այլ պետք է հարցնենք՝ ուր էի ես»:

Ճարտարապետ Մարինա Պարազյանն էլ ասաց՝ հուշարձանը անվերադարձ կորավ. «Այս շենքը վաճառել են 90-ականներին՝ առանց պարտավորագրի: Վաճառել են նաեւ առանց օտարման թղթի, այսինքն` այն վաճառվելիս մնացել է հուշարձան: Վերավաճառվելիս նույնպես կառավարությունը լծակներ չի ունեցել զսպել կառուցապատողին, որը սկսում էր ապօրինի շինարարություն: Եթե հանրապետական նշանակության հուշարձանը վերափոխվում է անգամ լուսամուտի գույնով, այդտեղ կառավարության որոշում է պահանջվում, նախագիծ է անցնում հազար փուլերով: Այդ ամբողջ փուլում կամ չի եղել որեւէ փաստաթուղթ կամ եղել է ինչ-որ ժամանակավոր: Վերջնական նախագիծ չի հաստատվել, մեր իշխանությունները ոչինչ չեն կարողացել անել: Շահագործվող շենք ունենք, որը ունի դատարկ փաստաթղթեր: Բոլոր փուլերով այս շենքը իրականացվել է ապօրինաբար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mariam says:

    Փակ շուկան այն ցայտուն օրինակներից է, որն ապացուցեց, որ ՀՀ քաղաքացիներս ի զօրու չենք համախմբվելու և պայքարելու ապօրինությունների դեմ՝ վեր դասելով ազգային արժեքները: Իհարկե, պետք է արժանին մատուցել այն բազմաթիվ ակտիվիստներին և շարքային քաղաքացիներին, որոնք մինչև վերջին պահը պայքարեցին, բայց և նրանց կողքին հայտնվեցին շատերը, որոնց համար Լֆիկ Սամոյից ստացած մի քանի հազար դրամը կամ շուկայի ներսում սեփական ՛սեղանիկ՛ ունենալու գաղափարը շատ ավելի վեր դասվեց, քան հուշարձանի ճակատագիրը: Էլ չեմ ասում այն բազմաթիվ քաղաքացիների մասին, որոնք իրենց էջերում գրում էին, որ Լֆիկ Սամոն աշխատատեղեր է ստեղծում և պետք չէ պայքարել:
    Իսկապես հիասթափված եմ… Միգուցե այս իշխանություններին արժանի ենք, եթե մեր շարքերում դեռ հանդուրժում ենք նման մտածելակերպով քաղաքացիներին?
    Սա պարզապես մեկն է այն բազում դեպքերից, երբ միանվագ մի քանի հազար դրամի համար գտնվում են շատերը, որ պարում են իշխանությունների երաժշտության տակ՝ լինի դա կեղծված ընտրություն, պաշտոնի չարաշահում, հուշարձանի ավերում… Իսկապես տխուր է և ահագնացող…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031